Մատչելիության հղումներ

ՄԻՊ-ը և՛ ոստիկանների, և՛ ցուցարարների որոշ գործողություններ խնդրահարույց է համարում


Մարդու իրավունքների պաշտպանը ոչ միայն ոստիկանների, այլ նաև ցուցարարների որոշ գործողություններ խնդրահարույց է համարում։ Վերջին 18 օրերին Քրիստիննե Գրիգորյանը նման բազմաթիվ դեպքեր է արձանագրել երկու կողմից էլ։

«Յուրաքանչյուրով արձանագրել ենք դեպքեր, երբ բերման ենթարկելիս ոստիկանության կողմից անձանց նկատմամբ կիրառվել է անհամաչափ ուժ։ Անհամաչափ յուրաքանչյուր առանձին դեպքում մենք վերլուծել ենք և յուրաքանչյուր առանձին դեպքում տեսել ենք՝ արդյոք ոստիկանության կողմից կիրառված ուժն անհրաժեշտ մինիմումը գերազանցել է, թե չէ՝ այդ պահին անհրաժեշտ մինիմումը», - «Ազատությանն» ասաց Գրիգորյանը։

Ըստ մարդու իրավունքների պաշտպանի, իր գրասենյակն արձանագրել է նաև ակցիաներին չմասնակցող քաղաքացիների գույքի վնասումներ, նրանց մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքեր հենց ակցիայի մասնակիցների կողմից։

Քրիստիննե Գրիգորյանի խոսքով՝ իրենց մշտադիտարկումը ցույց է տվել, որ այդպիսի դեպքերն ավելանում են, հատկապես, երբ ընդդիմության առաջնորդները չեն դատապարում կոնկրետ միջադեպերը։

«Շարունակվում ու ահագնանում են, երբ որ մենք չենք տեսնում նաև հավաքի կազմակերպիչների և ակտիվ դերակատարների կողմից ուղղակի դրանց դատապարտում։ Մի բան է, երբ որ ընդհանուր առմամբ ասում ենք՝ «այո՛, մենք դատապարտում ենք բռնությունը», բայց մի բան է,երբ որ մենք կոնկրետ դատապարտում ենք, ասում ենք՝ «սա դատապարտելի է՝ երրորդ անձանց նկատմամբ էս տեսակ սադրանքները», - ասաց Պաշտպանը։

Բացի ոստիկանների ուժի անհամաչափ կիրառումից, անհնազանդության ակցիաների ընթացքում ցուցարարներն իրենք են նաև բռնություն կիրառում ոստիկանների նկատմամբ, հայհոյում են, քաշքշում ոստիկաներին, փորձում ուսադիրները պոկել, ասում է Մարդու իրավունքների պաշտպանը։

Ոստիկանների բռնության ենթարկելու ու նաև ցուցարարների նկատմամբ ոստիկանների բռնությունների դեպքերով արդեն քրեական գործեր են հարուցվել։ Չորս ցուցարարի մեղադրանք է առաջադրվել, երկուսը կալանավորված են։

Ոստիկանին հարվածելու կասկածանքով նախօրեին ձերբակալվել է նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը։ Իսկ ոստիկանների գործողությունների առնչությամբ հարուցված քրեական գործերով դեռ որևէ մեղադրյալ չկա։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG