Մատչելիության հղումներ

Վանաձորի ավագանու նիստերը բոյկոտող ընդդիմադիր անդամը կողմ է քվեարկել դստեր տարածքին վերաբերող հարցին


Վանաձորի ավագանու դեկտեմբերի 14-ի որոշումներից մեկն անօրինական է, պնդում է իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը։ Այդ որոշմամբ ավագանու ընդդիմադիր անդամ Սեյրան Ղամբարյանը, չնայած շահերի բախմանը, կողմ էր քվեարկել իր դստեր տարածքին վերաբերող հարցին։

«Օրենքը հստակ սահմանում է, որ ավագանու անդամը պարտավոր է գրավոր տեղեկացնել նիստը վարողին կամ համայնքի ղեկավարին կամ այս դեպքում պաշտոնակատարին, որ տվյալ անձնավորությունը իր հետ փոխկապակցված անձ է, որը ըստ երևույթին չի իրականացվել», - ասաց Քոթանջյանը։

Վանաձորի ավագանուն մեկ տարի չէր հաջողվում նիստեր գումարել, քանի որ կալանավորված Մամիկոն Ասլանյանի գլխավորած դաշինքը բոյկոտում էր իշխանությունների բոլոր նախաձեռնությունները։ Բայց կես տարի առաջ դաշինքի երկու անդամները՝ Գայանե Քալանթարյանն ու Սեյրան Ղամբարյանը ներկայացան նիստին՝ հայտարարելով, որ «եկել են նպաստելու համայնքի զարգացմանը»։

«Կարծում եմ, իմ ներկա լինելը և ավագանու նիստին մասնակցելը նպաստելու է նաև մեր քաղաքի բազում խնդիրների լուծմանը», - հայտարարել էր Քալանթարյանը։

Ղամբարյանը հայտարարել էր, թե դաշինքի առաջնորդ Մամիկոն Ասլանյանն է բանտից իրեն հորդորել մասնակցել նիստերին, ինչը, սակայն, նույն օրը հերքեց Ասլանյանը՝ դարձյալ բանտից։

«Գնացել եմ հանդիպել եմ իրա հետ, ու ինքը ինձ հանձնարարել ա, որ հայտարարեմ, որ եթե մեր ներկայությամբ նիստը կայանում է, ուրեմը մեր մասնակցությունը ինքը հանձնարարել ա, որ պարտադիր ըլնի», - ասել էր Ղամբարյանը։

Տեղի իշխանություններն ի սկզբանե հայտարարել էին, որ նիստը համայնքի բյուջեն, հաստիքացուցակն ու սուբվենցիոն ծրագրերը հաստատելու համար է, բայց 26 հարցերի շարքում նաև սեփականությանը վերաբերող մեկ հարց էր ներառվել։ Հենց այդ հարցն էլ տևական բոյկոտից հետո նիստին ներկայացած Սեյրան Ղամբարյանի դստեր տարածքի մասին էր։

Նելլի Ղամբարյանը ենթադրյալ կոռուպցիոն հանցագործության համար կալանավորված նախկին համայնքապետի օրոք համայնքին պատկանող 630 քառակուսի մետր տարածք էր սեփականացրել Վանաձոր-Բագրատաշեն միջպետական մայրուղու հարևանությամբ՝ հենց քաղաքի մուտքի մոտ։ Անցած տարեվերջին ավագանու առաջին նիստին ներկայացած բոլոր 18 անդամները միաձայն կողմ էին քվեարկել Ղամբարյանի տարածքը մեկ այլ՝ մեկ ու կես անգամ թանկ տարածքով փոխանակելու հարցին։ Կողմ էր նաև բոյկոտը դադարեցրած հայրը։

Ընդդիմադիր խմբակցության անդամ Սեյրան Ղամբարյանն «Ազատությանն» ասաց՝ քվեարկել է, քանի որ իր մեկ ձայնն էական չէր. Որոշումը կընդունվեր՝ անկախ նրանից ինքը կմասնակցե՞ր, թե՞ ոչ. - «Դա ոչ մի օրենքի խախտում էլ չի։ Իմ քվեարկությունը ոչ մի էական նշանակություն չի ունեցել որոշման համար»։

Մինչդեռ «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի ղեկավար Գևորգ Քոթանջյանը հղում է անում օրենքներին ու պնդում՝ Ղամբարյանը պետք է տեղյակ պահեր շահերի բախման մասին ու չմասնակցեր քվեարկությանը, ինչը չի արել։

Իսկ թե ինչու է Ղամբարյանի տարածքի հարցը ներառվել համայնքի համար կենսական նշանակության այլ հարցերի մեջ, պարզ չէ։ Իրավապաշտպանը չի բացառում, որ իշխանության ու ընդդիմադիր գործչի միջև քաղաքական առևտուր է եղել. Հենց նրա ու ևս մեկ ընդդիմադիր անդամի ներկայությամբ մեկ տարի անց հնարավոր եղավ քվորում ապահովել ու որոշումներ ընդունել. - «Արդյո՞ք կարող էր լինել շահագրգռող նման հանգամանք։ Ես կարծում եմ և որակում եմ, որ այո, այն կարող էր շահագրգռող լինել Սեյրան Ղամբարյանին, որպեսզի ինքը մասնակցեր ավագանու նիստին»։

Ավագանու «Մամիկոն Ասլանյան» դաշինքի անդամ Սեյրան Ղամբարյանը հերքում է, թե իշխանությունների հետ քաղաքական պայմանավորվածություններ է ունեցել։ Ասում է՝ տարածքը փոխանակել են, քանի որ անցած տարի համայնքապետարանը քարե շինություն է տեղադրել Ղամբարյանների տարածքում՝ Վանաձորի մուտքը զարդարելու նպատակով։

Քաղաքի գլխավոր ճարտարապետն «Ազատությանն» ասաց, թե «Վանաձոր» գրառմամբ քարե ցուցանակը տեղադրելիս չեն իմացել, որ տարածքը սեփական է։ Տեղադրել, հետո ստիպված են եղել սեփականատիրոջ վնասները փոխհատուցել։ Ընդ որում, և' ճարտարապետը, և' Ղամբարյանը պնդում են, թե համարժեք տարածք են տվել։ Մինչդեռ քաղաքի բուսաբանական այգուց քիչ վերև տրամադրված անտառային տարածքի մեկ քառակուսի մետրի կադաստրային արժեքը մոտ 4500 դրամ է։ Իսկ մայրուղուն կից տարածքինը՝ մոտ 2900 դրամ, թեև Ղամբարյանի դուստրն այն գնել է 1000 դրամով էժան՝ 1900-ով։

Գևորգ Քոթանջյան
Գևորգ Քոթանջյան

«Ստացվում է, որ իրենց բիզնես արժեք չներկայացնող տարածքը փոխարինվում է բիզնես արժեք ունեցող տարածքով, որի վաճառքի դեպքում դու կստանաս գուցե տասն անգամ ավելի շատ եկամուտ», - ասում է Քոթանջյանը։

Ինչպե՞ս է 7 անգամ ավագանու անդամ դարձած Սեյրան Ղամբարյանի դստերը հաջողվել այս ձեռնտու գործարքները թե՛ 2018-ին ու թե կես տարի առաջ։ Ընդ որում, 2018-ին համայնքային տարածքը Ղամբարյանին էր անցել ոչ թե ավագանու, այլ համայնքի ղեկավարի որոշմամբ՝ ուղղակի վաճառքի ձևով։ Որոշումն էլ ստորագրել է այժմ համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, որ այդ ժամանակ Մամիկոն Ասլանյանի տեղակալն էր ու նրա փոխարեն կատարել է ղեկավարի պարտականությունները։

Անցած չորս ու կես տարում Ղամբարյաններն այս տարածքում որևէ գործունեություն չեն ծավալել։ Անհայտ է, թե ինչու են նախապատվությունը տվել հենց այդ ժամանակ ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Սեյրան Ղամբարյանի դստերը, այն էլ՝ կադաստրային արժեքից զգալի էժան։ Անհասկանալի է նաև, թե ինչու էր գլխավոր ճարտարապետն «Ազատության» հետ զրույցում ստում, թե Ղամբարյաններին ավագանու նոր որոշմամբ տվել են համարժեք հողակտոր, այն դեպքում, որ բոլոր որոշումները հրապարակային տեղադրված են համայնքապետարանի կայքում և ակնհայտ է, որ Ղամբարյանն էականորեն շահել է այս փոփոխությունից։

Մեկ այլ հարց է, թե ինչպես են չորս տարի առաջ միջպետական մայրուղուն կպած 630 քառակուսի մետրը օտարել, երբ օրենքը սահմանում է՝ կառուցապատում կարելի է իրականացնել մայրուղուց առնվազն 18 մետր հեռավորությամբ։ Ավագանու ընդդիմադիր անդամի փեսան նպատակ է ունեցել այդտեղ մեքենաների սպասարկման կենտրոն բացել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG