Մատչելիության հղումներ

Հակակոռուպցիոն դատարանը դարձյալ մերժել է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը


Մամիկոն Ասլանյանը դատարանի դահլիճում։ Մայիս, 2022։
Մամիկոն Ասլանյանը դատարանի դահլիճում։ Մայիս, 2022։

Հակակոռուպցիոն դատարանը հերթական անգամ մերժել է Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխելու և ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունը։

Դատարանն այս անգամ էլ համարել է, որ արդեն 15 ամիս կալանքի տակ գտնվող Ասլանյանը կարող է անօրինական ազդեցություն ունենալ վկաների վրա։

Նրա փաստաբան Արտակ Ոսկանյանը հակադարձում է՝ գործը դատաքննության փուլում է, այսօրվա դրությամբ վկաները կարող էին հարցաքննված լինել, բայց, ըստ նրա, արհեստական խոչընդոտներ են ստեղծվում ընդդիմադիր Ասլանյանին երկարատև կալանքի տակ պահելու համար. - «Բազմաթիվ վկաներ կան, որոնք ուղղակի արդարացնող ցուցմունքներ են տվել Մամիկոն Ասլանյանի մասին։ Հիմա անձին ասում են՝ չէ, դու պիտի կալանքի տակ մնաս, որովհետև, ազատության մեջ մնալով, էդ վկաների վրա ազդեցություն կունենաս։ Տրամաբանությունը ո՞րն ա։ Եթե իմ օգտին ցուցմունք են տվել, ես ազատության մեջ գտնվելով, պետք ա գնամ էդ մարդու վրա ազդեմ, ասեմ՝ կգաս իմ դեմ ցուցմունք կտաս, որպեսզի ինձ դատապարտե՞ն»։

Վերջին նիստին դատարանը որոշել է Վանաձորի հատակագիծն ուսումնասիրելու համար փորձագետ հրավիրել, մասնագիտական կարծիք հարցնել, ինչը պետք է որ դեռ նախաքննության ընթացքում արված լիներ, ասում է փաստաբանը. - «Այսինքն՝ նախաքննության փուլում քննիչը չի տեսել դրա անհրաժեշտությունը։ Ո'չ քննիչը, ո'չ հսկող դատախազը։ Ընդհանրապես դատախազությունը դրա անհրաժեշտությունը չի տեսել, որ մասնագետ ներգրավեն, ինչ-որ հարց ճշտեն»։

ՀԻնգ տարի Վանաձորը ղեկավարած Մամիկոն Ասլանյանը 2021-ի դեկտեմբերին իր գլխավորած դաշինքով մասնակցեց ընտրություններին ու ամենաշատ ձայներն ստացավ։ Օրեր անց իրավապահները հայտարարեցին, որ դեռ ամիսներ առաջ հարուցված քրեական գործով Ասլանյանը մեղադրյալ է ու կալանավորեցին։

Նա մեղադրվում է իր պաշտոնավարման տարիներին կատարած չարաշահումների համար։ Մասնավորապես, ըստ իրավապահների, ինքնակամ փոխել էր համայնքին պատկանող հողերի նպատակային նշանակությունը, կեղծել տվյալներն ու օտարման ոչ ենթակա տարածքներ սեփականաշնորհել իր մերձավորներին։ Իրավապահները նաև հաղորդել էին, որ նախկին համայնքապետը պարտավոր էր կանխարգելել չնախատեսված վայրում գերեզմանների կառուցումը, բայց չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները, և գերեզմանները կառուցվել են։

Մեղադրանքում նշված է, որ Ասլանյանն իր հանցավոր գործողություններով համայնքին էական վնաս է պատճառել։

Գործն անցած տարվա հունիսից դատարանում է։ Այն սկզբում առաջին ատյանի դատարանն էր քննում, հետո Հակակոռուպցիոնն սկսեց քննել, բայց ըստ փաստաբանի, առաջ չի գնում։ Նախկին համայնքապետն էլ, որ նաև Վանաձորի ավագանու «Մամիկոն Ասլանյան» դաշինքի 17 անդամներից մեկն է, շարունակում է մնալ կալանքի տակ։

Երեկ ԱԺ ամբիոնից ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը պնդեց, թե այսօրվա իշխանություններին ձեռնտու չէ Ասլանյանի գործով դատավճիռ կայացնելը. - «Կա'մ նա ազատ կարձակվի և իր հետ ավագանի կբերի 17-րդ ընդդիմադիր մանդատը, կա'մ նրան կճանաչեն օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձ և 17-րդ ընդդիմադիր մանդատը կստանա ցուցակում հաջորդ թեկնածուն։ Երկու դեպքում էլ կստացվի 17-րդ ընդդիմադիր 16 ոչ ընդդիմադիր հարաբերություն։ Հենց սա էլ վախեցնում է իշխանություններին, հետևաբար իրենք ամեն ինչ անում են ու անելու են դատավճռի կայացումը հետաձգելու համար»։

Վարչական դատարանը դեռ մեկ տարի առաջ Վանաձորի ավագանուն արգելել է նիստեր գումարել ու համայնքի ղեկավար ընտրել։ Ըստ էության չգործող ավագանին, ավելի քան մեկ տարում միայն երկու արտահերթ նիստ է անցկացրել՝ բյուջեի, հաստիքացուցակի և սուբվենցիոն ծրագրերի հաստատման օրակարգով։ Այս դեպքում ավագանին լուծարելու հիմք չկա։ Ուստի նաև նոր ընտրություններ անցկացնելու հարց չի քննարկվում։

Անցած տարվա մայիսից Վանաձորը ղեկավարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշանակած պաշտոնակատարը՝ Արկադի Փելեշյանը, որը ապօրինությունների համար մեղադրվող Մամիկոն Ասլանյանի օրոք եղել է նրա առաջին տեղակալը։ Նա ևս մասնակցել էր 2021-ի ընտրություններին Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ընտրական ցուցակով, որն ավագանիում 5 մանդատ էր ստացել։ Ընտրություններից հետո նրա գլխավորած խմբակցությունն աջակցել է իշխանական «Քաղաքացիական պայմանագրին», թեև համագործակցության մասին պաշտոնական որևէ հայտարարություն չեն արել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG