Մատչելիության հղումներ

ԼՂ-ը հակամարտային կամ վիճելի տարածքի միջազգային կարգավիճակ ունի, բայց Ադրբեջանի մաս չէ. Հարությունյան


Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին ինտեգրելու՝ Բաքվից հնչող շարունակական պնդումների ու Երևանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու ֆոնին Արցախի նախագահը հայտարարում է՝ Լեռնային Ղարաբաղը հակամարտային կամ վիճելի տարածքի միջազգային կարգավիճակ ունի, բայց Ադրբեջանի մաս չէ։ Հարությունյանը «Արմենպրես» պետական լրատվական գործակալության հետ զրույցում շեշտել է, որ կարգավիճակի շուրջ որևէ համաձայնություն չկա նաև եռակողմ հայտարարությամբ:

«Արցախի Հանրապետությունը (ԼՂՀ-ն) դե-ֆակտո կայացել է 1992-94 թվականներին Ղարաբաղյան առաջին պատերազմում ձեռք բերած հաղթանակի արդյունքում։ Միջազգայնորեն ճանաչվել է ԼՂՀ-ի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գիծը։ Միջազգային բանակցություններում ցայսօր չկա ոչ մի պայմանավորվածություն ինչպես ԼՂՀ կարգավիճակի, այնպես էլ ԼՂՀ-ի ու Ադրբեջանի սահմանազատման գծի շուրջ։ Կարգավիճակի շուրջ որևէ համաձայնություն չկա նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունում, ինչը նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը շարունակում է ունենալ հակամարտային կամ վիճելի տարածքի միջազգային կարգավիճակ, բայց ոչ երբեք Ադրբեջանի մաս», - ասել է Հարությունյանը։

Արցախի ժողովրդի ինտեգրացիայից հետո Ադրբեջանի կազմում նրանց ավելի լավ ապագա խոստացող Բաքուն քանիցս Երևանից է պահանջել է՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Ադրբեջանի նախագահն էլ պնդել է, թե այժմ ժամանակն է, որ Հայաստանի ղեկավարն ինքն իր հայտարարությունը խմբագրի և հայտարարի «Ղարաբաղն Ադրբեջան է»։

Հարությունյանն ասել է, որ միջազգային հանրությունն ի սկզբանե արձանագրել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ տարաձայնությունների առկայության փաստը։ Եվ կողմերը դա, ըստ նրա, ճանաչել են՝ անդամակցելով ԵԱՀԿ-ին։

«Այդ պետությունների ինքնիշխանությունը ԵԱՀԿ-ի կողմից ճանաչվել էր այն պայմանով, որ նրանք իրենց հերթին ճանաչում են Լեռնային Ղարաբաղի պատկանելության շուրջ տարաձայնությունների առկայության փաստը և համաձայնվում են, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը որոշվելու է ԵԱՀԿ հովանու ներքո անցկացվելիք խաղաղության համաժողովի ժամանակ։ Երկու պետություններն էլ տվել են նման համաձայնություն, դրանով իսկ ընդունելով Լեռնային Ղարաբաղի՝ վիճելի տարածքի միջազգային կարգավիճակը և ստանձնելով հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու պարտավորություն», - նշել է Արցախի նախագահը։

«Դա փաստում է, որ Հայաստանի ու Արցախի իշխանությունները տարաձայնություններ ունեն»

Արցախի խորհրդարանի «Արդարություն» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն անդրադառնալով Արցախի նախագահի հայտարարությանը, ասում է՝ դա փաստում է, որ Հայաստանի ու Արցախի իշխանությունները տարաձայնություններ ունեն Արցախի կարգավիճակի շուրջ։

Կառավարության նախորդ տարվա ծրագրի կատարման զեկույցը խորհրդարանում ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նույնն էլ ակնկալում է Ադրբեջանից։ Իսկ թե ինչպես է պատկերացնում Արցախի ճակատագիրը, ողջ նիստի ընթացքում Հայաստանի ղեկավարն այդպես էլ չէր հստակեցրել։ Փոխարենը շեշտել էր, թե Հայաստանի նախորդ իշխանություններն արդեն ճանաչել են Արցախը Ադրբեջանի կազմում Մադրիդյան փաստաթղթով։

«Դա երևի թե Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունն է հակազդում կամ փորձում հակազդել, որ Նիկոլ Փաշինյանն ունի այլ կարծիք, որ պատրաստ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչի և այդ ֆոնին հայտարարում է, որ Ղարաբաղի իշխանությունների հետ ոչ մի տարաձայնություն չկա, սա հենց այդ փաստն է, որ կա նման տարաձայնություն, և Արայիկ Հարությունյանը ացախահայության, Արցախում բնակվող մեր հայրենակիցների անունից չի տվել Նիկոլ Փաշինյանին այդ մանդատը, որ Նիկոլ Փաշինյանը կարողանա Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս», - ասաց արցախցի պատգամավորը:

Ըստ Գալստյանի՝ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, բայց արցախցի ընդդիմադիր պատգամավորն ասում է՝ մեկ անձը չի կարող 120 հազար ժողովրդի անունից նրանց ճակատագիրը որոշել. - «Կոչ պետք է հնչի այս պահին բոլոր հայ պետականամետ մտածող քաղաքացիներին, որ զարթնեն ու թույլ չտան, որ մեկ անձը մեկ գրչի հարվածով որոշի 150 հազար մեր հայրենակիցների ճակատագիրը: Դա ես համոզված եմ, որ թույլ չեն տալու»:

«Արցախն ունի ինքնապաշտպանության իրավունք, իսկ միջազգային հանրությունը՝ պաշտպանելու պարտականություն»

Արցախի նախագահն «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է նաև Ադրբեջանից հնչող մյուս՝ պաշտպանության բանակը զինաթափելու պահանջին։ Դա ապօրինի է որակել։ Ըստ Հարությունյանի, Բաքուն այդ գործողություններով փորձում է փլուզել Արցախի ու նրա ժողովրդի անվտանգության փխրուն համակարգը։

«Պարզ է, որ Ադրբեջանի իրական նպատակները միանգամայն այլ են՝ զրկել Արցախի ժողովրդին անվտանգության բոլոր երաշխիքներից ու ստիպել մարդկանց լքելու իրենց հայրենի հողը՝ դրանով իսկ պաշտոնական Բաքվին հնարավորություն տալով առանց պատերազմի զավթել Արցախը», - ասել է նա։

Հարությունյանն ընդգծում է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա Արցախի ապառազմականացման և այնտեղից սեփական զինված ուժերի դուրսբերման մասին։

«Մինչդեռ, բացի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների չկատարումից, հենց Ադրբեջանն է շարունակել ագրեսիվ գործողությունները՝ սկսելով գրավված և հանձնված տարածքների անզուսպ ռազմականացումը՝ պայմաններ ստեղծելով Արցախի ու Հայաստանի դեմ հետագա նախահարձակ գործողությունների համար», - նշել է Հարությունյանը։

Արցախի նախագահը հիշեցրել է՝ հակամարտության կարգավորման գրեթե բոլոր փաթեթներով միջազգային հանրությունը նախատեսել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքները պետք է ապառազմականացվեն:

«Հաշվի առնելով, որ տարածաշրջանում վտանգի միակ աղբյուրը հենց ադրբեջանական կողմն է՝ միջազգային հանրությունը պետք է հետևողական լինի կանխելու ադրբեջանական նոր ագրեսիվ գործողությունները, այդ թվում՝ ապառազմականացնելով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող նշված տարածքները», - նշել է նախագահը:

Հարությունյանն ասել է, Էթնիկ զտման վտանգի ենթարկվող ժողովրդին կամ պետք է պաշտպանել՝ «Պաշտպանելու պարտականության» միջազգային հայեցակարգի շրջանակներում, կամ էլ ապահովել ինքնապաշտպանության միջոցներով և հնարավորություններով։ Արցախի նախագահը շեշտում է՝ «Արցախն ունի ինքնապաշտպանության իրավունք, իսկ միջազգային հանրությունը՝ պաշտպանելու պարտականություն»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG