Մատչելիության հղումներ

«Չեխիան կարող է աջակցել և կաջակցի խաղաղության նախաձեռնություններին»․ Չեխիայի վարչապետ


Չեխիայի վարչապետի նստավայրում ավարտվեց Հայաստանի և Չեխիայի վարչապետերի համատեղ ասուլիսը։

Ասուլիսին Պետեր Ֆիալան հայտարարեց, որ հարաբերությունները Հայաստանի հետ ավելի խորացնելու ցանկություն ունեն, նման հնարավորություններ են տեսնում տնտեսության, գիտության, հետազոտությունների և կրթության ոլորտներում։

Չեխիայի վարչապետը հատկապես առանձնացրեց միջուկային էներգետիկայի ոլորտը՝ նշելով՝ չեխ գիտնականները ներգրավված են Մեծամորի ատոմակայանի անվտամգության բարելավման աշխատանքներին, մասնակցում են ընթացիկ վերանորոգումներին։ Ֆիալան դա արդյունավետ համագործակցություն որակեց։

«Կարող ենք արդյունավետ բարձրակարգ տեխնոլոգիաներ առաջարկել Հայաստանին, օրինակ, խելացի քաղաքների բնագավառում», - ասաց չեխիայի վարչապետը՝ նշելով, որ համագործակցությունն ավիացիայի բնագավառում ևս շարունակում է խորանալ։

«Կա ծրագիր, հնարավոր է, որ արտադրվեն փոքր օդանավեր Ստեփանավան քաղաքում», - ասաց Ֆիալան։

Պրահան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական վիճակով

Պրահան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական վիճակով, որի պատճառը Լաչինի միջանցքի շրջափակումն է, հայտարարեց նաև չեխիայի վարչապետը։

«Մենք համաձայն ենք Եվրամիության դիրքորոշման հետ այդ հարցում։ Մենք հավատացած ենք, որ պետք է հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկվեն՝ որպեսզի խաղաղություն և կայունություն հաստատվի ԼՂ-ում և ամբողջ Կովկասի տարածաշրջանում»,- ասաց չեխիայի վարչապետը՝ շարունակելով․ - «Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումներին, ապա մենք կարևորում ենք այն հանգամանքը, որ կնքվի խաղաղության պայմանագիր, որը ընդունելի կլինի բոլոր կողմերի համար։ Եվ վարչապետի հետ մեր քննարկմանը ես հասկացա, որ Հայաստանը հետաքրքրված է տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմամբ»։

Չեխիայի կառավարությունը, Ֆիալանի խոսքով, կարող է աջակցել և կաջակցի խաղաղության նախաձեռնություններին և այն ջանքերին, որոնք կհանգեցնեն տարածաշրջանում կայունացման։

«Չեխիայի և Եվրամիության անդամ պետությունների միասնական նպատակն է՝ հասնել կայունության տարածաշրջանում և մնայուն, տևական խաղաղության, որը նշանակում է նաև երաշխավորել Հայաստանի իրավունքները, երաշխավորել հայերի իրավունքները։ Դա կարևոր հանգամանք է», - ասաց չեխիայի վարչապետը։

«Իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ լարված»

Փաշինյանն, իր հերթին, բարձր գնահատեց համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազամակողմ ձևաչափերում, շնորհակալություն հայտնեց Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու համար։

Իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ լարված, հայտարարեց Փաշինյանը՝ կրկին որպես պատճառ նշելով Ադրբեջանի կողմից ուժի և ուժի կիրառման սպառնալիքի քաղաքականության շարունակականությունը, որն անընդհատ էսկալացնում է իրավիճակը Հայաստանի հետ սահմանին, Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում։

«Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը և դրան նախորդած միջանցքի արգելափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի փետրվարին կայացրած միջանկյալ որոշման կոպիտ խախտում են», - ասաց Հայաստանի գործադիրի ղեկավարը։

Փաշինյանի խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին հստակ և հասցեական գնահատական տա, մանավանդ, որ, ինչպես վարչապետն ասաց, Ադրբեջանի՝ վերը նշված գործողությունները Ղարաբաղում հայերի էթնիկ զտումներ իրականացնելու նախապատրաստություններ են։

«Այս համատեքստում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք խմբի առաքումը համարում ենք անհրաժեշտ։ Միևնույն ժամանակ, ի հեճուկս բոլոր դժվարությունների, Հայաստանի կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգ», - ասաց Փաշինյանը։

Հայաստանը լիարժեք ներգրավված է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում և առաջիկայում էլ ներգրավված կմնա՝ տրամադրված լինելով արդյունքներ գրանցել և ոչ թե բանակցել՝ բանակցելու համար, նշեց Հայաստանի վարչապետը՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանը կհրաժարվի ուժի և ուժի սպառնալիքի քաղաքականությունից։

«Ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը ևս Ադրբեջանին ուղղված նման ուղերձով հանդես կգա», - ասաց Փաշինյանը։

Վարչապետ Փաշինյանը Պրահայում է երկօրյա պետական այցով։ Բացի չեխ պաշտոնակցի հետ հանդիպումից, նախատեսված են նաև այլ բարձր մակարդակի հանդիպումներ՝ նախագահ Պետր Պավելի, օրենսդիր մարմնի ղեկավարության հետ։

«Ազատության» տեղեկություններով՝ այցի ավարտին Փաշինյանը կհանդիպի նաև չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հայաստանն ու Չեխիան այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

Հայաստանն ու Չեխիան դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսնամյակը նշում են այս տարի։ Երկու երկրները բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական ոլորտում են համագործակցում, թեև երկկողմ առևտրաշրջանառության ծավալները տպավորիչ չեն․ վերջին մի քանի տարվա կտրվածքով՝ խոսքը մի քանի տասնյակ միլիոն դոլարի մասին է։

Անցած տարվա հուլիսին Պրահա կատարած իր աշխատանքային այցի արդյունքներով՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ չեխ պաշտոնակցի հետ պայմանավորվել են առավելագույն ջանքեր գործադրել տնտեսության, առևտրի և ներդրումների ոլորտներում ներուժի իրացման, ինչպես նաև միջմշակութային փոխանակումների և մարդկանց միջև շփումների խթանման ուղղությամբ։

Հայաստանից Չեխիա արտահանվում են հիմնականում մոլիբդենի խտանյութ, փայտե իրեր, ձեռագործ գորգեր, ադամանդի հումք, կահույքի մասեր։

Չեխիայից Հայաստան է ներմուծվում, բնականաբար, գարեջուր, ինչպես նաև հրուշակեղեն, դեղամիջոցներ և բժշկական սարքավորումներ։

Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպան Պետր Պերունչիկն, ի դեպ, իր վերջին հարցազրույցներից մեկում, խոսելով երկկողմ տնտեսական հարաբերությունների մասին, նշել էր, որ իր երկիրը, կարող է ավելին առաջարկել և դա միայն գարեջուրը չէ, Պրահան կամ զբոսավայրերը:

Պրահան մշտապես հայտարարել է՝ սատարում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձևաչափում հակամարտության խաղաղ կարգավորմանը

Չեխիան Հայոց ցեղասպանությունը ճանաչած եվրոպական երկրներից է։ Ինչ վերաբերում է Արցախի հարցին, պաշտոնական Պրահան մշտապես հայտարարել է, որ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Պաշտոնական Պրահան Եվրամիության արևելյան գործընկերության ծրագրի ջատագովներից է և մշտապես աջակցել է դաշինքին մերձենալու Հայաստանի ջանքերին։

Սա Հայաստանի վարչապետի առաջին պաշտոնական այցն է Եվրամիության անդամ այս երկիր։ Վերջին անգամ Հայաստանի առաջնորդն, ի դեմս նախկին նախագահ Սերժ Սարգսյանի, այս երկիր պետական այց էր կատարել 2014 թվականին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG