Մատչելիության հղումներ

Վանաձորի Դեմիրճյան փողոցը կհիմնանորոգի նախկին քաղաքապետի ընտանիքին պատկանող ընկերությունը, որ սև ցուցակում էր


Վանաձորի Դեմիրճյան փողոցն ավելի քան երկու միլիոն դոլարով կհիմնանորոգի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ընտանիքին պատկանող ընկերությունը։ Մի քանի օր առաջ երկու էքսկավատոր է հայտնվել անանցանելի դարձած ճանապարհին, որի նորոգումը 8 ամիս է ձգձգվում էր։

Առաջին մրցույթում շահած ընկերությունը հրաժարվել էր ծրագրից։ Երկրորդում շահել է «Ռ. Ղազարյան» ընկերությունը։ Դեռ երկու ամիս առաջ պետք է սկսեր աշխատանքը, բայց Տարածքային կառավարման նախարարությունը կասեցրել էր արդյունքների ամփոփումը, դիմել տարբեր պետական կառույցներին` պարզելու՝ արդյոք ընկերության ներկայացրած բոլոր տվյալները ճիշտ են, և արդյոք ընկերությունն իր տեխնիկական հնարավորություններով ի վիճակի է իրականացնել ավելի քան 2 միլիոն դոլարանոց շինարարությունը։

Փաստորեն, պատվիրատուի բոլոր կասկածները մրցույթում շահած կազմակերպության վերաբերյալ փարատվել են՝ «Ռ. Ղազարյանը» հաղթող է ճանաչվել, թեև Վանաձորը 17 տարի ղեկավարած նախկին քաղաքապետի ընկերությունը դեռ անցած տարի անբարեխիղճ էր համարվել ու ընդգրկվել շինարարական ընկերությունների սև ցուցակում։

Ընկերությունը կես տարի առաջ դատի է տվել Քաղաքաշինության կոմիտեին այս որոշման համար, բայց մինչև այսօր դատական նիստեր տեղի չեն ունեցել։ Ու քանի դեռ դատարանի վճիռ չկա, ընկերությունը մասնակցում է մրցույթներին ու շահում։

Ինչո՞ւ են Հայաստանում ձգձգվում ճանապարհաշինական ծրագրերը, ինչո՞ւ են հաճախ կայացած մրցույթները չեղարկվում, ու կրկնակի, երբեմն նույնիսկ եռակի մրցույթներ հայտարարվում, շահած ընկերությունները սև ցուցակներում են հայտնվում, պատվիրատու և կապալառու իրար դատի են տալիս։

Այսօրվա դրությամբ միայն Լոռու մարզում երեք խոշոր ճանապարհաշինական ծրագիր կա, երկուսը տարիներով ձգվեցին, շինարարներ փոխվեցին, բողոքի ակցիաներ եղան, մինչև ի վերջո դրանք մեկնարկեցին։

Վերջերս տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը խորհրդարանի ամբիոնից խոստովանել էր, որ սա կառավարության ցավոտ կողմերից է՝ մեծ գումարներ են նախատեսում ճանապարհաշինության համար, հատկացնում, բայց դրանց իրականացման փուլում խնդիրներ են ի հայտ գալիս։

«Գրեթե միշտ կան ուշացումներ, կարող են, իհարկե, որոշ օբյեկտիվ պատճառներ լինել, բայց հիմնականում կարողություններն են՝ սկսած ընկերությունը պատրաստ չէ նման ծավալի աշխատանքի, վերցրել է, բայց պատրաստ չէ, ավարտած նրանից, որ հաճախ մարդուժի խնդիր կա», - ասել էր նախարարը։

Ըստ գերատեսչության ղեկավարի՝ միայն անցած տարի 8 ընկերություն են ներառել «սև ցուցակում» և զրկել մրցույթներին մասնակցելու իրավունքից, 18 ընկերության պատժել են տուգանքներով, օրենսդրական փոփոխությամբ անբարեխիղճ շինարարական ընկերությունների տուգանքը երեք անգամ մեծացրել են։ Բայց միևնույնն է՝ հաճախ շինարարությունները ձգձգվում են, ճանապարհները չեն հանձնվում սահմանված ժամկետներում։

Վանաձորի մոտ 4 կիլոմետրանոց փողոցի հիմնանորոգման առաջին մրցույթում շահել էր ռուսական «Գլավդորստոյ» ընկերությունը, որ միայն անցած տարի առնվազն 6 ճանապարհաշինական խոշոր ծրագրեր է շահել, բայց դրանցից որևէ մեկը չի իրականացրել։ Ի վերջո պատկան մարմինները համարել են, որ ընկերությունը կարգ է խախտել, պայմանագրային պահանջները չի կատարել, ու «Գլավդորստրոյին» էլ ներառել են շինարարների սև ցուցակում։ Թեև դատարանն էլ հաստատված է համարել, որ ընկերությունը խախտումներ է թույլ տվել ու առնվազն երկու տարի չի կարող Հայաստանում մասնակցել շինարարական ծրագրերին, ռուսական ընկերության ներկայացուցիչ Գևորգ Պողոսյանը պնդում է՝ այս ամենը «մտացածին է և, որ իրենց խոշոր ծրագրերից դուրս են թողնում զուտ կոռուպցիոն մտադրություններով»։

«Կոռուպցիա եմ ես տեսնում։ Այն, որ ցանկություն կա չթողնել այն ընկերություններին, որոնք աշխատում են օրենքի շրջանակներում, Հայաստանում եղած պահանջներով, սարսափելի կոռուպցիա է։ Բայց սա ի՛մ կարծիքն է։ Բիզնեսի համար պայմաններ են պետք։ Այո՛, որպեսզի բիզնեսը զարգանա, պետք է հավասար պայմաններ լինեն։ Իսկ Հայաստանում բոլորովին այլ պայմաններ են գործում», - նշեց նա։

Նախարարությունից «Ազատության» հարցումներին ի պատասխան պնդել են՝ «Գլավդորստրոյ» ընկերության կողմից չեն պահպանվել օրենսդրությամբ ու պայմանագրերով նախատեսված պահանջները, վերջինիս կողմից թույլ է տրվել գնման գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորության խախտում, ինչի արդյունքում պայմանագրերն իրավաչափորեն լուծարվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG