Մատչելիության հղումներ

Գյումրիի Անի թաղամասում փողոցների վերանորոգման անավարտ ծրագիրը մարդկանց մոտ դժգոհություններ է առաջացրել


Գյումրիի ամենամեծ՝ Անի թաղամասում ջրահեռացման ու կոյուղու ցանցի, փողոցների վերանորոգման անավարտ ծրագիրը իսկական գլխացավանք է դարձել տեղի մոտ 20 հազար բնակիչների համար։ Մարդիկ դժգոհում են, որ մի կերպ են տեղաշարժվում թաղամասում, հատկապես ձնհալից ու անձրևներից հետո։

«Ազատությունն» այս խնդրին անցած տարի էլ էր անդրադարձել, բայց այսքան ժամանակ անց ոչինչ չի փոխվել։ Ինչո՞ւ Գյումրիի քաղաքապետարանին 2 տարի շարունակ չի հաջողվում սկսել թաղամասի փողոցների նորոգումը, հատկապես որ ջրամատակարարման ու կոյուղու ցանցի կառուցումը գրեթե ավարտված է։ Պարզվում է՝ շինարարը՝ «Դորոժնիկ» ընկերությունը, ցանցի փորձարկումները չի արել։ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն անցած տարվա նման կրկնում է՝ մինչև փորձարկում չարվի, ասֆալտապատման մասին խոսք լինել չի կարող։

«3-րդ և 11-րդ փողոցը կիսատ մնաց իրենց պատճառով. խճապատեցինք, լուսավորություն իրականացրեցինք մայթերի և երթևեկելի մասով, բայց քանի որ փորձարկում չիրականացվեց, մեր կողմից սխալ կլիներ ասֆալտապատվեր, փորձարկումներից հետո թերությունները ի հայտ գային, և այդ ասֆալտը շարքից դուրս գար, ափսոս էր», - նշեց Սամսոնյանը:

Համայնքապետի խոսքով՝ «Դորոժնիկ» ընկերությունը աշխատանքների ավարտի համար սահմանված ժամկետը խախտել է։ «Դորոժնիկ»-ի հետ կապ հաստատել չհաջողվեց, բայց համայնքային իշխանություններին այս բացատրությունն են տվել. - «Պարզաբանում է շինարարը, բազում անգամ եկել է, վիճվել ենք, ասում է՝ ես մրցույթը շահել եմ բարձր կուրսով, հիմա կուրսն իջել է, ի՞նչ եք մտածում, ես ո՞նց անեմ»:

Անկախ ջրահեռացման ցանցի հետ կապված խնդիրներից, կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրով թաղամասի 34 փողոցներից միայն 2 փողոցի ասֆալտապատման համար գումար կա, մնացածի համար դեռ բանակցում են Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի հետ։

Բանկը նախնական համաձայնություն է տվել, որ փողոցաշինության նախորդ ծրագրերից տնտեսված ու լուսավորության համար իր հատկացրած գումարներն ուղղվեն Անի թաղամասի շուրջ 16 կմ ճանապարհների հիմնանորոգմանը։ Գյումրիի քաղաքապետն ասում է՝ գումարն, այնուամենայնիվ, կպակասի, հիմա տարբերակներ են փնտրում։

«Տնտեսում պլյուս մնացած գումար, այնտեղ տարբերություն կա, տարբերությունը պակասում է, այդ ամբողջ ծրագիրն իրականացնելու հաշվարկը կա մասնագետների կողմից, հիմա քննարկման փուլում է, թե այդ տարբերությունը, հնարավորությունը և միջոցները կբավարարի՞, կկարողանանք հաստատե՞նք, Եվրոպայի կողմից կտրվի՞, թե՞ մենք էդ տարբերության չափով մեկ կամ մի քանի փողոց հանենք, հաջորդ տարի սուբվենցիայով կամ այլ ծրագրով իրականացնենք», - ներկայացրեց Վարդգես Սամսոնյանը:

Անի թաղամասի բնակիչները, բացառությամբ երկու փողոցի, դեռ մեկ տարի էլ պետք է սպասեն, որ հերթը հասնի ասֆալտապատմանը. բուն շինարարությունն էլ որքան կտևի, հայտնի չէ։ Հստակ է, սակայն, որ այս տարի էլ կքայլեն ու կերթևեկեն փոշոտ, առանց մայթերի, արահետների վերածված փոսառատ փողոցներով։

«Եթե ամեն ինչ հարթ ընթանա, նախագծային, շինարարական մրցույթ և այլն.... այս տարի սկսել և կիսատ թողնելը, իմ կարծիքով, տեղին չէ: Կախված է՝ որ ժամանակ է փաստաթղթային ձևակերպումները, հիմնավորումները և մրցույթները, քանի որ ինքը միջազգային կազմակերպության կողմից է, մրցույթները մեր մոտ պայմանական 40 օր է, այն դեպքում ավելի երկար է, այսինքն՝ եթե հաշվում ես այդ ժամկետները, աշնան կողմ է գալիս, որը տեղին չէ, քանդենք, էլի տենց անհարմար վիճակ ստեղծենք մեր բնակիչների համար», - նշեց քաղաքապետը:

Այս տարի սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է Գյումրիում 29 այլ փողոց նորոգել։ Ասֆալտապատման իրենց հերթին սպասող փողոցներում էլ հարցն առայժմ փորձում են լուծել խճապատմամբ։

XS
SM
MD
LG