Մատչելիության հղումներ

Վանաձորի Դեմիրճյան փողոցի նախատեսված հիմնանորոգման սկիզբը դեռ չի երևում


Սպիտակից Վանաձոր մտնող Դեմիրճյան փողոցի հիմնանորոգումը դեռ չի սկսվի, թեև տեղի իշխանությունները դեռ անցած տարեվերջին հույս էին տալիս, թե գարնան հետ մոտ 2,5 միլիոն դոլարանոց շինարարությունը կմեկնարկի, անգամ տեղ-տեղ հանվեց ասֆալտի արտաքին շերտը, բայց կառավարության ֆինանսավորած այս ծրագիրը դեռ մշուշոտ է, վանաձորցիների համբերության բաժակը՝ լցված։

«Ստեղ ճանապարհներ չկա, անտառում ավելի լավ ճանապարհներ ա, քան էստեղ», - ասում է վանաձորցի մի տղամարդ։

Արդեն երկու անգամ շինարարության մրցույթ է անցկացվել, բայց առաջին դեպքում շահած կազմակերպությունը՝ ռուսական «Գլավդորստրոյը», ճանապարհը քանդելուց ու ավելի անանցանելի դարձնելուց հետո հրաժարվել է ծրագրից ու դիմել նախարարությանը՝ խզելու պայմանագիրը։ Մրցույթը չեղյալ է համարվել։

Իսկ արդեն երկրորդ մրցույթում հաղթողի հավակնորդ է Վանաձորի նախկին համայնքապետ Սամվել Դարբինյանի ընտանիքին պատկանող «Ռ. Ղազարյան» ընկերությունը, որը շինարարության համար ամենացածր գինն է առաջարկել։ Սակայն մրցույթի ամփոփումը կասեցվել է։ Տարածքային կառավարման նախարարության գնահատող հանձնաժողովը որոշել է դիմել պետական կառույցներին՝ «հաղթող մասնակցի ներկայացրած տվյալների իսկությունն ստուգելու համար»։

Նախարարությունից չեն հայտնում, թե Վանաձորը 17 տարի ղեկավարած Դարբինյանի ընտանիքին պատկանող ընկերության ներկայացված ո՞ր տվյալներն են կասկած հարուցել։ Նշեցին միայն, որ գրեթե մեկ ու կես ամիս ընթացող ստուգումներն առաջիկայում կավարտվեն։ Եթե տվյալների անհամապատասխանություն հայտնաբերվի, նախարարությունը կհայտարարի մոտ 4 կիլոմետրանոց ճանապարհի հիմնանորոգման արդեն երրորդ մրցույթը։ Մեկ-երկու ամիս անց միայն հնարավոր կլինի սկսել շինարարությունը։

Մինչ այդ Վանաձորի գլխավոր փողոցներից մեկը՝ Դեմիրճյանը գրեթե անանցանելի է։ Ներքաղաքային երթուղիներն սպասարկող որոշ ընկերություններ հրաժարվում են երթևեկել այս ճանապարհով, ինչն անհարմարություններ է ստեղծում վանաձորցիների համար։

Մի քանի երթուղիների վարորդներն ասում են՝ ոչ մի դեպքում չեն անցնի Դեմիրճյան փողոցով, որտեղ վնասվում են իրենց մեքենաները։

Մոսկվայում գրանցված Գլավդորստրոյ» ընկերությունն անցած տարվանից ռուսական վեց խոշոր շինարարական պայմանագիր է կնքել տարածքային կառավարման նախարարության հետ։ Վեցն էլ կնքելուց հետո լուծարվել են։

Վանաձորի դեպքում ընկերությունն է հրաժարվել շինարարությունից, շահելուց երկու ամիս անց պատճառաբանել, թե նյութերի ու ծառայությունների գները փոխվել են, պայմանագրում նշված գումարով հնարավոր չի լինի որակով աշխատանք անել։ Մյուս դեպքերում պատվիրատուն է փոխել միտքը։ Տարբեր կառույցների հրապարակած փաստաթղթերով «Գլավդորստրոյը» ոչ ճիշտ տեղեկություններ է ներկայացրել մրցույթին, խախտել է պայմանագրի պայմանները։

Քաղաքաշինության կոմիտեից էլ հայտնել են, թե Մոսկվայում գործող ընկերության լիցենզիաները հակասում են Հայաստանի օրեսդրությանը, և որ կոմիտեն «Գլավդորստրոյ»-ին «քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնելու թույլատվություն չի տվել»:

Անցած տարի ընկերությունը դիմել էր դատարան, վիճարկել իր հետ կնքված պայմանագրերից մեկը լուծարելու նախարարության որոշումը, մինչդեռ մեկ ամիս առաջ դատարանը մերժել է ընկերության հայցն ու անփոփոխ թողել շինարարության իրավունքից զրկելու նախարարության որոշումը։

Այս տարեսկզբից ընկերությունը նաև ընդգրկվել է շինարարների սև ցուցակում և երկու տարով զրկվել մրցույթներին մասնակցելու իրավունքից։

Ինչ վերաբերում է Վանաձորի ճանապարհը ասֆալտապատելու երկրորդ հաղթողին՝ «Ռ. Ղազարյան» ընկերությանն, ապա այն ընդգրկված չէ մասնակիցների սև ցուցակում։ Դեռևս հայտնի չէ, թե ինչ որոշում կընդունվի այս դեպքում։ Արդյո՞ք այս ընկերությունը ևս կզրկվի Վանաձորի փողոցը հիմնանորոգելու իրավունքից, թե՞ ոչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG