Մատչելիության հղումներ

2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր Ուկրաինայում սպանվել է 8574 խաղաղ բնակիչ


Ուկրաինայի գլխավոր դատախազության տվյալներով, պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինայում 478 երեխա է զոհվել, 960 երեխա էլ վիրավորվել է։ Ընդ որում, դատախազությունը շեշտում է, որ թվերը վերջնական չեն:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի վերջին զեկույցի համաձայն, 2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2023 թվականի ապրիլի 23-ը Ուկրաինայում սպանվել է 8574 խաղաղ բնակիչ։

Մեծ կորուստներ ունի նաև ռուսական բանակը

Ռուսների կողմից սանձազերծած այս պատերազմում մեծ կորուստներ է տալիս նաև ռուսական բանակը։

Վերջին հինգ ամսում Բախմուտում զոհվել է 20 հազար ռուսաստանցի, հայտարարել է Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին. - «Ռուսաստանի համար Բախմուտը գրավելու փորձը ահավոր թանկ արժեցավ: Ռուսաստանը սպառել է իր ռազմական պաշարներն ու իր զինված ուժերը, և դեկտեմբերից վեր մենք հաշվարկում ենք, որ Ռուսաստանը կորցրել է ավելի քան 100 հազար զինվորական, այդ թվում ավելի քան 20 հազար զոհված: Նրանցից գրեթե կեսը «Վագներ»-ի զինվորներն էին, որոնց մեծամասնությունը ռուս դատապարտյալներ էին, որ մարտի էին նետվել Բախմուտում առանց բավարար մարտական պատրաստվածության»։

Կրեմլի խոսնակը, արձագաքնելով Քիրբիի հայտարարությանը, ասել է, թե Վաշինգտոնը Ուկրաինայում Ռուսաստանի կորուստների մասին հավաստի տեղեկություններ չունի։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էլ զինված ուժերի ղեկավարության հետ հանդիպմանը այսօր հայտարարել է, թե վերջին մեկ ամսվա ընթացքում ուկրաինական զորքերի կորուստը կազմել է ավելի քան 15 հազար մարդ։ Շոյգուն այսօր էլ չի հայտնել ռուսական զորքերի կորուստների մասին։

Քիրբին երեկ նաև հայտարարել էր, թե Բախմուտում ռուսական հարձակումը կանգ է առել և ձախողվել: Ռուսները սակայն ձախողումից չեն խոսում, հակառակը՝ հայտարարում են, թե վերականգնում են պատերազմի պատճառով ավերված բնակավայրերը։

Այս մասին այսօր խոսել է նախագահ Պուտինը․ - «Մարիուպոլում այսօր վերսկսվել է տրամվայի երթեւեկությունը։ Այս ամենը լայնածավալ աշխատանքների մի մասն է միայն, որը, չնայած բոլոր դժվարություններին, արդեն ակտիվորեն իրականացվում է Զապորոժիեում, Խերսոնի շրջաններում, Դոնբասում։ Այստեղ կառուցվում և նորոգվում են ճանապարհներ, տներ, կրթական, առողջապահական և էներգետիկ օբյեկտներ, բարելավվում է արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրությունը»։

Պուտինը խոսում է այն շրջանների մասին, որոնք ուկրաինական բանակը պատրաստվում է ազատագրել սպասվող հակահարձակման արդյունքում։

Մինչ հակահարձակումը ուկրաինական ուժերը փորձում են կանգնեցնել ռուսական ուժերին, որ արդեն մի քանի ամիս գրոհում են Բախմուտը, սակայն այդպես էլ չեն կարողացել ամբողջովին գրավել։

Այսօր Բախմուտը պաշտպանող ուկրաինական զորքերի դիրքեր է այցելել Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։

«Մենք շարունակում ենք պաշտպանական գործողություն իրականացնել և զսպել հակառակորդին Արևելքում», - ասել է նա։

Հաճախակի են դարձել հարձակումները Ռուսաստանի տարածքում

Վերջին ամիսներին հաճախակի են դարձել հարձակումները Ռուսաստանի տարածքում։ Մասնավորապես երեկ հուժկու պայթյուն էր եղել Բրյանսկի մարզում, գրեթե ամբողջ օր կաթվածահար էր մարզի երկաթուղային հաղորդակցությունը։ Պաշտոնական Կիևը գրեթե երբեք չի ստանձնում Ռուսաստանի տարածքում տեղի ունեցած հարձակումների պատասխանատվությունը։ Մինչդեռ Գերմանիայի կանցլերը այսօր շեշտել է, որ արևմտյան երկրները Ուկրաինայի առջև պայման են դրել չօգտագործել իրենց մատակարարած զենքը Ռուսաստանի տարածքի վրա հարձակվելու համար։

Օլաֆ Շոլցը նշել է, որ Գերմանիայի իշխանությունները Ուկրաինային զենք մատակարարելու մասին որոշում են կայացնում միայն դաշնակից երկրների հետ համաձայնությամբ։ Նրա խոսքով, Ուկրաինան օգնության կարիք ունի, սակայն դա չպետք է հանգեցնի էսկալացիայի ու հակամարտությանը ՆԱՏՕ-ի մասնակցությանը։

Միացյալ Նահանգները մտադիր է ռազմաբազաներ տեղակայել Ֆինլանդիայում

Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ ագրեսիան սկսելիս Մոսկվան հայտարարում էր, թե հատուկ ռազմական օպերացիայի նպատակներից մեկը թույլ չտալն է, որ ՆԱՏՕ-ն մոտենա Ռուսաստանի սահմաններին։ Մինչդեռ պատերազմի պատճառով Ֆինլանդիան որ ունի հազար կիլոմետրից ավելի ցամաքային սահման Ռուսաստանի հետ, ոչ միայն դարձել է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, այլև մտադիր է իր տարածքում տեղակայել ամերիկյան ռազմական բազաներ։

ԱՄՆ-ը և Ֆինլանդիան նախապատրաստում են երկկողմ պաշտպանական համագործակցության պայմանագիր։ Այս փաստաթուղթը, մասնավորապես, թույլ կտա ԱՄՆ-ին իր ռազմակայանները տեղակայել Ֆինլանդիայում։ Պայմանագիրը չի տարածվի միջուկային զենքի վրա։

Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Միքայել Անթելը նշել է, որ պայմանագրի տեքստը գրեթե պատրաստ է:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG