Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կարծես գնում է դեպի անցյալ՝ բռնաճնշումների ժամանակներ, ասել է Լին Թրեյսին «Կոմերսանտ»-ին


Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին հարցազրույց է տվել «Կոմերսանտ»-ին։ Դեսպան նշանակվելուց հետո սա նրա առաջին հարցազրույցն է ռուսական մամուլին, որի համար արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Տելեգրամում արված գրառմամբ հայրենասիրական ոգով քննադատել է «Կոմերսանտ»-ին ու լրագրողին։

Հարցազրույցում Թրեյսին ասել է, որ տխուր է տեսնել, թե ինչ ուղղությամբ է շարժվում Ռուսաստանը։ Թվում է՝ նա գնում է դեպի անցյալ՝ բռնաճնշումների ժամանակներ։

Նա հիշել է, որ երբ 1980-ականների վերջերին Ռուսաստանում էր, հասարակությունը էլեկտրականացված էր Նիկոլայ Բուխարինի ռեաբիլիտացիայից, զգացողություն կար, որ վերջապես կարելի է անկեղծ ու բաց խոսել անցյալի մասին։ «Ուստի այնքան տխուր և տագնապալից է տեսնել, թե ինչպես են կրկին խլացվում այլակարծության և հիշողության ձայները։ Եվ այստեղ հարց է ծագում, իսկ ինչպե՞ս է դա օգնում Ռուսաստանի ապագային»,- ասել է դեսպանը։

«Ռուս-ամերիկան հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակում»

Ռուս-ամերիկան հարաբերությունների մասին Լին Թրեյսին ասել է, որ այն գտնվում է ամենացածր մակարդակում, որը կարելի է հիշել, բայց չի համաձայնվել ռուս պաշտոնյաների կարծիքներին, թե դրա համար Վաշինգտոնն է մեղավոր։

Հիշեցնելով երկկողմ հարաբերություններում անցյալի ձեռքբերումները, դեսպանը նշել է, որ փոփոխությունները սկսեցին տեղի ունենալ Ուկրաինայի զարգացումներից։ 2013-ին Ուկրաինայում լուրջ աջակցություն կար Եվրամիության ասոցացմանը, որից կառավարությունը հետո հրաժարվեց։ Այդ որոշումը բուռն արձագանք առաջացրեց, իսկ 2014-ին, մենք տեսանք, թե ինչպես Ռուսաստանը գնաց ծայրահեղ ապակայունացման ճանապարհով՝ անօրինականորեն բռնազավթելով Ղրիմը և ապակայունացնելով իրավիճակը Դոնբասում։

«Կոմերսանտ»-ի հարցազրույցում Լին Թրեյսին հերքել է նույն թվականի վերաբերյալ Ռուսաստանի ղեկավարության տրամագծորեն հակառակ պնդումները, թե 2014-ին Ուկրաինայում պետական հեղաշրջում է իրականացվել, որից հետո ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի դաշնացիները փորձել են Ուկրաինայում հակառուսական ֆորպոստ ձևավորել։ Նրա խոսքերով՝ չի կարելի հեղաշրջում կոչել մի իրավիճակ, որտեղ աջակցությունը կորցրած ու սեփական ժողովրդից վախեցած առաջնորդը փախչելու որոշում է ընդունում։

«Հետ հայացք ձգելով, ես տեսնում եմ, որ Ռուսաստանը սխալ է մեկնաբանել Ուկրաինայի իրավիճակը 2014-ին, այն կրկին սխալ է մեկնաբանել 2022-ին և շարունակում է դա անել: Ես պարզապես չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարելի է պնդել, որ Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի գործողությունները այն ժամանակ, նաև հիմա ամրապնդել են Ռուսաստանի ռազմավարական անվտանգությունը։ Ինչպե՞ս են նրանք ամրապնդել։ Չէ՞ որ հենց այդ հիմնավորումն է օգտագործել Ռուսաստանը, պնդելով, թե իրեն մտահոգում է սեփական անվտանգությունը։ Ես չեմ տեսնում իրավիճակի բարելավում անվտանգության հետ կապված, դա վերաբերում է և տնտեսական անվտանգությանը։ Ուկրաինայի դեմ պատերազմը Ռուսաստանի մեծ սխալ հաշվարկն է։ Այն թուլացրել է Ռուսաստանին և ռուսաստանցիներին ստիպում է վճարել այդ գինը, որը ժամանակի ընթացքում միայն կաճի», - ասել է դեսպանը։

«Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելուց հետո ուկրաինացիները ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում ավելի վճռական են»

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելուց հետո ուկրաինացիները ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում ավելի վճռական են, և ոչ միայն նրանք, Ֆինլանդիան և Շվեդիան ևս, երկրներ, որոնք երկար ժամանակ չեզոքություն էին պահպանում։

«Ուստի, երբ ես լսում եմ, թե ինչպես է Ռուսաստանը իր գործողությունները բացատրում անվտանգության նկատառումներով, իսկ հետո նայում եմ ստեղծված իրավիճակին, ես ոչ մի կերպ չեմ գտնում հարցի պատասխանը՝ իսկ ինչպե՞ս է այդ ամենը օգնել ամրապնդելու Ռուսաստանի անվտանգությունը», - ընդգծել է Թրեյսին։

Ռազմավարական սպառազինությունների վերահսկողության պայմանագրի վերաբերյալ դեսպանն ասել, որ Ռուսաստանի կողմից այդ պայմանագրի չկատարումը ցավալի է և անպատասխանատու, ինչպես նաև այդ պայմանագիրը սառեցնելու մասին իրավական անհիմն հայտարարությունը։ Պայմանագրին Ռուսաստանի մասնակցության սառեցումը ԱՄՆ-ին չի ստիպի հրաժարվել Ուկրաինային օգնություն ցուցաբերել։

Ըստ ԱՄՆ դեսպանի՝ Էվան Գերշկովիչին առաջադրված մեղադրանքները անհիմն են

Ռուսաստանում ձերբակալված ամերիկյան Wall Street Journal-ի թղթակից Էվան Գերշկովիչի հարցով դեսպանն ասել է, որ նրան առաջադրված մեղադրանքները անհիմն են։

«Նա անկախ լրագրող է, որը աշխատում է Wall Street Journal-ում, հավատարմագրված է Ռուսաստանի արտգործնախարարությունում։ Մենք Ռուսաստանի Դաշնությանը կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել նրան։ Մենք նաև կոչ ենք անում ազատ արձակել Փոլ Ուիլանին, նա արդեն չորս տարուց ավելի անհամաչափ կալանքի տակ է Ռուսաստանում։ Նրանք երկուսն էլ պետք է տուն գնալու, ընտանիքների մոտ վերադառնալու հնարավորություն ունենան», - հայտարարել է Լին Թրեյսին։

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը իսկույն արձագանքել է այս հարցազրույցին։

«Այդպես էլ լսում եմ․ մենք պարզապես լրագրողներ ենք, անում ենք մեր աշխատանքը։ Իսկ տղաները ռազմաճակատում իրենցն են անում», - Տելեգրամում գրել է Զախարովան մի տող մեջբերելով խորհրդային շրջանի բանաստեղծ Ռոբերտ Ռոժդեստվենսկիից․ «պարզապես յուրաքանչյուրն ընտրություն ուներ՝ ես կամ հայրենիքը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG