Մատչելիության հղումներ

Չնայած ՄԻԵԴ վճռին՝ որդեկորույս մայրը հույս չունի, թե իսկապես կբացահայտվի որդու սպանությունը


12 տարի տևած քննությունից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է՝ Հայաստանի կառավարությունը խախտել է 19-ամյա զինծառայող Տիգրան Օհանջանյանի կյանքի իրավունքն ու պարտավորեցրել ընտանիքին վճարել 50 հազար եվրո։ Արդեն 16 տարի է զինվորի ընտանիքը պնդում է՝ տղան ոչ թե էլեկտրահարվել է, ինչպես ի սկզբանե եզրահանգել էին իրավապահները, այլ՝ սպանվել։

«Ի սեր Աստծո, ես չեմ ուզում լսել այն պահը, որ իմ երեխուն սպանել են։ Դա ինձ ավելի մեծ ցավ է։ Ինձ ապացուցեք, որ այդ դեպքի վայրում հոսանք կար, իմ երեխան դժբախտ պատահարի զոհ է դարձել, կմտածեմ՝ դա իր իր ճակատագիրը», - ասում է մայրը՝ Գոհար Սարգսյանը։

Արդարություն գտնելու հույսով տարիներ շարունակ տարբեր պաշտոնյաների դռները թակած, որդու մահվան հաստափոր գործը անգիր արած մայրը՝ Գոհար Սարգսյանն ասում է՝ միջազգային դատարանը շատ կարևոր եզրահանգում է արել, երբ վճռել է, որ հայաստանյան իրավապահները չեն կարողացել հայտնաբերել զինվորի մահվան պատճառը, ու հատուկ ընդգծել՝ ներպետական ատյանները հերքել են էլեկտրահարման վարկածը։

«Դատարանը նշում է, որ թեկուզ գործերն անցել են ներպետական ատյաններով, հիմա էլ քննության ընթացքում է, բայց պարզ չի դարձել զինվորի մահվան պատճառը», - հավելեց նա։

Եվրադատարանի վճիռը արդարության զգացումով է լցրել որդեկորույս մոր սիրտը, բայց Հայաստանի իրավապահներից հիմա էլ ակնկալիք չունի, թե կտան տանջող հարցի պատասխանը՝ ով է սպանել որդուն։

«Ուղարկել եմ բանակ, չիմանա՞մ՝ ինչ է եղել։ Լավ, այդքանից հետո, բայց, հույս չունեմ, որ այս պետությունը կկատարի իր պարտավորությունները, որ կբացահայտի», - նշեց նա։

Տարիներ շարունակ կառավարության ու նախագահականի դիմաց ցույցեր անող Գոհար Սարգսյանն ու բախտակից մի քանի ծնողներ 2018-ի հեղափոխությունից հետո նոր հույսով լցվեցին, թե նոր իշխանությունը կօգնի իրենց լույս սփռել բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների քրեական գործերի վրա։ Որդեկորույս ծնողներին մի քանի անգամ ընդունել էր վարչապետ Փաշինյանը ու հավաստիացրել, թե կարվի հնարավորը՝ բացահայտելու և պատժելու մեղավորներին։

Իրավապահները քննությունը շարունակում են՝ հիմնվելով հին վարկածի շուրջ, որը հերքվել է դատարանում

Փաշինյանի խոստումներից հետո էլ, սակայն, իրավապահների նոր քննությունը հիմնվում է հին վարկածի շուրջ։ Այնինչ, Տիգրան Օհանջանյանի վերաբացված գործն առաջինն էր, որի վերաբերյալ այն ժամանակ վարչապետի օգնական, այժմ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կազմեց եզրակացություն՝ հայտարարելով՝ էլեկտրահարման վարկածը հերքվել է, գործում կան բազմաթիվ խախտումներ։ Այս մասին Վարդապետյանը հայտարարել էր նաև անցած տարի խորհրդարանի ամբիոնից՝ դատախազի թեկնածուի կարգավիճակում պատմել, որ 150 էջանոց զեկույց են կազմել՝ 30 խախտումներով. - «Այդ հարցը կունենա պատասխան, այսինքն՝ չի լինի վերք, որ տարիներ շարունակ արյունահոսում է, և չի լինի արդարադատություն, որը մենք չենք իրականացրել, ուղարկել ենք Ստրասբուրգ՝ հուսալով, որ այնտեղից ինչ-որ մի բան պիտի գա, բայց Ստրասբուրգից էլ արդարադատությունը գալիս է ֆինանսական կանտրիբուցայով, և վճարում է էլի մեր հարկատուն»։

Գլխավոր դատախազի հետ հանդիպում փնտրող ծնողը մի հարց ունի նրան՝ ինչի՞ համար էր այս ծավալուն եզրակացությունը, եթե պետք է մնար թղթի վրա. - «Այս քրեական գործերի ճակատագիրն ինքն է որոշելու»։

Գոհար Սարգսյանին դեռ անցած տարի են տեղեկացրել, որ տղայի վերաբացված գործով հարցաքննել են գեներալ Հայկազ Բաղմանյանին, ում մասին մայրը բազմիցս է պատմել, ահազանգել՝ կասկածներ ունի, որ հենց նրա թիկնապահներն են սպանել որդուն։ Պնդում է՝ կանչել են, ձևական հարցեր տվել ու վերջ։ Ինքը՝ գեներալը, որն այժմ մեղադրվում է հայտարարագրում ունեցվածքը թաքցնելու համար, այս տարիների ընթացքում չի մեկնաբանել ծնողների պնդումները։

«Հարցաքննել են, ցուցմունքը վերցրել, կարդում եմ, մի տողով նախադասություն է գրած՝ դեպքի օրը որտե՞ղ եք եղել, պատասխանել է՝ այնտեղ չեմ եղել», - ասաց Գոհար Սարգսյանը։

Գլխավոր դատախազի հետ ծնողները թերևս առաջիկայում չեն հանդիպի, Աննա Վարդապետյանը նրանց դիմումները հասցեագրել է զինդատախազությանը։ Բայց Գոհար Սարգսյանը չի վստահում նրանց։ Հույս չունի, որ գործն, ի վերջո, կբացահայտվի։ Ասում է՝ իրենց գործի հետ առնչություն ունեցած անձինք հիմա էլ են բարձր պաշտոններ զբաղեցնում. - «Լավ, եթե չի էլեկտրահարվել, սպանություն էլ չեք քննել, ի՞նչ է եղել, իմ երեխու հետ ի՞նչ է եղել։ Փակ համակարգում, այո, ես միշտ ասել եմ, փակ համակարգում սպանել եք, և այսքան ժամանակ ոչ մեկը պատասխանատվություն չի կրել, նույնիսկ նկատողություն անգամ չեն ստացել»։

Որդուն կորցրած մայրն այլ ելք, քան նորից բողոքի ակցիաները վերսկսելը չի տեսնում։

XS
SM
MD
LG