Մատչելիության հղումներ

Փարիզը միջազգային հանրության աջակցությամբ Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունների կողմնակից է


Պետք է բարենպաստ պայմաններ ստեղծվեն նման բանակցությունների համար, ասել է Կոլոննան։

Դեկտեմբերի 12-ից ի վեր Լաչինի միջանցքով տեղաշարժի խոչընդոտումն անընդունելի է, «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Երևանում գտնվող Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան՝ արձանագրելով՝ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար հղի է տնտեսական և մարդասիրական ճգնաժամի լուրջ վտանգներով։

Շեշտելով, որ այն խոչընդոտում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների շարունակմանը, որին վճռականորեն հանձնառու է վարչապետ Փաշինյանը՝ Կոլոննան այն լուրջ վտանգ է համարել տարածաշրջանի կայունության համար։

«ՄԱԿ-ի դատարանի որոշումը պարտադիր է բոլորի համար, և պետք է հարգվի»

Հիշեցնելով Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի վճիռը, որով դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին «ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, մեքենաների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար», Կոլոննան հայտարարել է՝ որոշումը պարտադիր է բոլորի համար, և պետք է հարգվի։

«Մտահոգիչ է Լաչինի միջանցքի նոր ճանապարհին անցակետ տեղադրելու Բաքվի որոշումը»

Ֆրանսիայի արտգործնախարարը խիստ մտահոգիչ է համարել Լաչինի միջանցքի նոր ճանապարհի մուտքի մոտ անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը՝ նշելով՝ Ֆրանսիայի ցանկությունն է, որ բոլոր վեճերը լուծվեն բացառապես բանակցային ճանապարհով։

«Սա է Ֆրանսիայի հանձնառության հիմքում՝ Եվրամիության կողքին։ Եվ պատասխանատվության, բանակցությունների վերսկսման և օրենքի հարգման այս կոչը լսելի դարձնելու համար է, որ ես այս շաբաթ այցելում եմ Ադրբեջան և Հայաստան»:

Ադրբեջանը ապրիլի 23-ին փակեց Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Բաքվից հայտնեցին, թե տեղում նոր անցակետ են տեղադրել՝ պարզաբանելով՝ «անվտանգության նկատառումներից ելնելով»։ Փաստացի, Բաքվի այս քայլի հետևանքով Արցախի 4 գյուղեր հայտնվել են լիակատար շրջափակման մեջ։ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանին ծանուցել է Ադրբեջանի հերթական խախտման մասին։

«Ֆրանսիան կաջակցի ցանկացած լուծման, որը հնարավորություն կտա երաշխավորել, որ ԼՂ հայ բնակչությունը կարող է շարունակել ապրել այնտեղ ապահով»

Ֆրանսիան ցանկանում է, որ միջազգային հանրության աջակցությամբ բանակցություններ սկսվեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և ադրբեջանական իշխանությունների միջև՝ բնակցության իրավունքների և երաշխիքների բովանդակության շուրջ, նաև ասել է Կոլոնան՝ մանրամասնելով՝ սա ենթադրում է, որ պետք է բարենպաստ պայմաններ ստեղծվեն նման բանակցությունների համար, մասնավորապես՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման հարցի վերաբերյալ։

«Ֆրանսիան կաջակցի ցանկացած լուծման, որը հնարավորություն կտա երաշխավորել, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը կարող է շարունակել ապրել այնտեղ ապահով՝ պահպանելով իր պատմությունը, ժառանգությունը և մշակույթը: Դա նրա անխախտ իրավունքն է», - ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը։

Ֆրանսիայի արտգործնախարարը տարածաշրջանում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը քննարկելու նպատակով։ Նա Հայաստան է ժամանել երեկ՝ Բաքվից։

Այցից առաջ Կոլոնան հայտարարել էր, որ «ստեղծված իրավիճակը երկար շարունակվել չի կարող»՝ ընդգծելով, որ այդ փակուղին մեծացնում է լարվածությունը և հարվածի տակ դնում քաղաքական կարգավորման հեռանկարը։

Երեկ նա Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի հետ, պնդել՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի՝ Ադրբեջանը պետք է հարգի միջազգային իրավունքը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG