Մատչելիության հղումներ

Պուտինն ըստ էության միանում է Էրդողանի քարոզարշավին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապով մասնակցում է Թուրքիայի «Ակկույու» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկում միջուկային վառելիքի ներբեռնման արարողությանը, Մոսկվա, 27-ը ապրիլի, 2023թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապով մասնակցում է Թուրքիայի «Ակկույու» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկում միջուկային վառելիքի ներբեռնման արարողությանը, Մոսկվա, 27-ը ապրիլի, 2023թ.

Թուրքիայի նախագահական ընտրություններից մոտ երկու շաբաթ առաջ Ռուսաստանի ղեկավարն ըստ էության միանում է Ռեջեպ Թայիփ Էրդողանի քարոզարշավին։ Համենայն դեպս, երեկ «Ակկույու» ատոմակայանի առաջին էներգաբլոկում միջուկային վառելիքի ներբեռնման հանդիսավոր արարողությանը տեսակապի միջոցով մասնակցող Վլադիմիր Պուտինի ելույթի եզրափակիչ հատվածից նման տպավորություն էր ստեղծվում։

«Վերջում ես ցանկանում են ընդգծել, որ Թուրքիայում առաջին ատոմակայանի կառուցումը և փաստացի զրոյից առաջատար բարձր տեխնոլոգական ոլորտի ստեղծումը այն բանի վկայությունն են, թե ինչ ջանքեր եք գործադրել Դուք՝ պարոն նախագահ Էրդողան, Ձեր երկրի, դրա տնտեսության զարգացման, երկրի բոլոր քաղաքացիների համար», - դիմելով իր թուրք գործընկերոջը հայտարարում էր Ռուսաստանի նախագահը՝ հաճոյախոսությունների տարափն այսքանով չսահմանափակելով։

«Ցանկանում եմ ուղիղ ասել։ Դուք կարողանում եք հավակնոտ նպատակներ դնել Ձեր առջև և վստահորեն շարժվում եք դրանց իրագործման ուղղությամբ», - նշում էր Պուտինը։

«Ակկույու» ատոմակայանում կազմակերպված արարողությանը նախորդեց նաև Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը, որի ընթացքում Պուտինն ու Էրդողանը պայմանավորվեցին է՛լ ավելի խորացնել երկկողմ ռուս - թուրքական կապերը։

«Բնական է, որ խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման վերաբերյալ քննարկումներից բացի մենք հենց նոր մի շարք այլ հրատապ հարցեր ևս քննարկեցինք։ Դրանք վերաբերում էին ռուս-թուրքական հարաբերությունների ողջ համալիրի զարգացմանը։ Մի շարք սկզբունքորեն կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Ես այժմ չէի ցանկանա խորանալ մանրամասների մեջ, սակայն կարող եմ նշել, որ առաջին հերթին մենք պայմանավորվեցինք հետագայում ևս խորացնել համագործակցությունը տնտեսության և առևտրի ոլորտներում», - հայտարարում էր Ռուսաստանի նախագահը։

Պուտինի հավաստմամբ՝ Էրդողանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից նախևառաջ շահելու են երկու երկրների գյուղմթերք արտադրողները, չի բացառվում նաև՝ երրորդ աշխարհի առավել աղքատ պետությունները։

«Թուրքիայի նախագահի հետ պայմանավորվել ենք գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման, գյուղատնտեսական արտադրանքի հանդիպակաց մատակարարումների մասին։ Քննարկում ենք նաև պարոն Էրդողանի այն առաջարկը, որի համաձայն նախատեսվում է անհատույց կերպով աշխարհի առավել կարիքավոր պետություններին ալյուր տրամադրել։ Այն կարող է արտադրվել ռուսական ցորենից՝ թուրքական ալրաղացներում», - հայտարարում էր Ռուսաստանի նախագահը։

Բացի այդ, ըստ Պուտինի, Անկարան և Մոսկվան նպատակ ունեն ընդլայնել համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում` մեծացնելով երկկողմ ուղևորափոխադրումների ծավալը։ Նրա խոսքով՝ 2022 թվականին ապրանքաշրջանառության ծավալը Թուրքիայի և Ռուսաստանի միջև հասել է 62 միլիարդ ամերիկյան դոլարի, և այժմ կողմերը մտադիր են գերազանցել նաև այդ ցուցանիշը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG