Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները «Հարավային Ադրբեջան» կազմակերպություն են հիմնադրում


Իրանի և Ադրբեջանի դրոշները, արխիվ
Իրանի և Ադրբեջանի դրոշները, արխիվ

Ադրբեջանցիները «Հարավային Ադրբեջան» կազմակերպություն են հիմնադրում, որի նպատակը Իրանում ադրբեջանական անկախ պետություն ստեղծելն է, Իրանում ապրող ադրբեջանցիների կողմից 1945-1946 թվականներին հռչակված Ադրբեջանի ազգային կառավարությունը վերականգնելը։

Նախաձեռնող խմբում ընդգրկված են մի խումբ հասարակական ու քաղաքական գործիչներ։ «Հարավային Ադրբեջանի պետականության ազգային խորհրդի» հիմնադիր համագումարն օնլայն ռեժիմով անցկացվելու է ապրիլի 30-ին։

Նախաձեռնող խմբի համակարգող Չինգիզ Գոյթյուրքի հետ խմբում ընդգրկված են «Հարավային Ադրբեջանի անկախության կազմակերպության» նախագահ Սալեհ Յըլդըրըմը, արբանյակային «Գյունազ» հեռուստաալիքի հիմնադիր Ահմեդ Օբալին, «Հարավային Ադրբեջանի թուրքական դեմոկրատական կազմակերպության» նախագահ Աժդար Թաղիզադեն և Ազգային-ազատագրական կուսակցության վարչության անդամ Սադիկ Իսբեյլին, գումարած «Հարավային Ադրբեջանի ճակատը»։ Թվարկելով ընթերցողներին ոչինչ չասող կամ քչերին հայտնի այս անունները՝ «Թուրան» գործակալությունը հաղորդել է, որ կազմակերպության կենտրոնակայանը լինելու է Ֆինլանդիայում։ Դրա նպատակը Հարավային Ադրբեջան անկախ պետություն ստեղծելն է։

Նախաձեռնող խմբի անդամ Աժդար Թաղիզադեն, տեսակապով հարցազրույց տալով «Բարդ հարց» ծրագրին, ասել է, որ Իրանի ղեկավարությունը երբեք չի հարգել ադրբեջանցի թուրքերի իրավունքները՝ օգտվելու իրենց մշակութային ժառանգությունից, օգտագործելու իրենց լեզուն, մասնակցելու ազգային մակարդակով որոշումների ընդունմանը, ստեղծելու սեփական ընկերակցություններ։

Նա պնդել է, թե Իրանի ռեժիմը հետևողականորեն տարել է թուրքերի ուծացման քաղաքկանություն, իսկ նրանց իրավունքների պաշտպանները ենթարկվել են բռնաճնշումների։ Թաղիզադեն հայտարարել է, թե 1988 թվականից «Հյուսիսային Ադրբեջանում« սկսված ազգային-ազատագրական շարժումը հիմա տարածվել է «Հարավային Ադրբեջանում», և Իրանի ադրբեջանցի թուրքերը դառնում են ավելի քաղաքականացված ու ձգտում են համախմբվել իրենց ազգային իրավունքների և շահերի համար պայքարող կազմակերպությունում։

XS
SM
MD
LG