Մատչելիության հղումներ

«Դա խաթարում է խաղաղության գործընթացը»․ դեսպանը վերահաստատեց անցակետի առնչությամբ ԱՄՆ մտահոգությունը


Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այսօր վերահաստատեց ԱՄՆ մտահոգությունն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու առնչությամբ։

Դեսպանն ընդգծեց՝ դա խաթարում է խաղաղության գործընթացը։

«Այս պահին մենք ցանկանում ենք, որպեսզի կողմերի միջև լինեն բանակցություններ։ Խաղաղության գործընթացին մենք պատրաստ ենք աջակցել», - Ծիծեռնակաբերդի հուշահամալիում, լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեց դեսպանը՝ շեշտելով՝ ցանկացած բռնության կիրառում, ցանկացած սադրիչ գործողություն խաթարում է խաղաղության գործընթացը, և Վաշինգտոնը փորձում է առաջ շարժվել և ջանքեր գործադրել՝ խաղաղության գործընթացն առաջ տանելու ուղղությամբ։

Ադրբեջանը երեկ փակեց Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Բաքվից հայտնեցին, թե տեղում նոր անցակետ են տեղադրել՝ պարզաբանելով՝ «անվտանգության նկատառումներից ելնելով»։ Ադրբեջանի արտգործնախարարությունը մեղադրել է հայկական կողմին Լաչինի ճանապարհի անօրինական օգտագործման մեջ, նշելով, որ այն օգտագործվել է «զենքի և զինամթերքի տեղափոխումը, բնական ռեսուրսների և մշակութային պաշարների ապօրինի արտահանումը, ականների տեղադրումը» կազմակերպելու համար։

Պաշտոնական Ստեփանակերտը Բաքվի այս գործողությունները 2020թ. եռակողմ հայտարարության դրույթների հերթական կոպտագույն խախտում է համարել՝ նշելով՝ Ադրբեջանը սա անում է՝ զուգահեռաբար շարունակելով ապատեղեկատվություն տալ Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ։

XS
SM
MD
LG