Մատչելիության հղումներ

Երևանը Ռուսաստանին կոչ է անում «ի վերջո կատարել եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունը»


Անցակետ տեղադրելու Ադրբեջանի քայլը չի կարելի համարել հերթական սադրանք, այն իրապես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթներից մեկի աղաղակող խախտում է, հայտարարում է պաշտոնական Երևանը։

Այս քայլն, ըստ Հայաստանի ԱԳՆ-ի, միտված է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Արցախն ամբողջությամբ հայաթափելու ադրբեջանական քաղաքականության հետևողական իրագործմանը։

«Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից շինծու բնապահպանական պատրվակներով Լաչինի միջանցքի շարունակական ապօրինի արգելափակումը և այսօր արդեն ակնհայտ կեղծ և անհիմն պատրվակներով անցակետի տեղադրումը հենց այս ծրագրված քաղաքականության հետևողական իրականացման հերթական քայլերն են», - նշում է արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Հայաստանի Հանրապետությունը՝ որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրող կողմ, անընդունելի է համարում և խստորեն դատապարտում է Ադրբեջանի՝ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու քայլը։

«Այն, ինչպես նաև Ադրբեջանի կողմից մինչ այդ իրականացված նմանօրինակ գործողությունները՝ զուգորդված չդադարող հայատյաց ու սպառնալից հռետորաբանությամբ, միտված են տապալելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման փաստաթղթի շուրջ բանակցությունները», - շեշտում է ԱԳ նախարարությունը՝ կոչ անելով Ռուսաստանին ի վերջո կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած իրենց պարտավորությունը՝ վերացնելով միջանցքի ապօրինի արգելափակումը և ապահովելով ադրբեջանական ուժերի դուրսբերումը Լաչինի միջանցքի ողջ անվտանգության գոտուց, իսկ միջազգային անվտանգության մանդատով օժտված ՄԱԿ-ի անդամ պետություններին հստակորեն արձանագրել Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողությունները և գործուն քայլեր ձեռնարկել միջազգային բարձրագույն դատական ատյանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ:

Պաշտոնական Բաքուն «անընդունելի է համարում Երևանի այս գործողությունները և կտրականապես մերժում է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը», որը ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչությունն իր պատասխան հայտարարությունում գնահատում է իբրև «Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու հերթական փորձ»:

Ադրբեջանական կողմը այսօր փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում։ Բաքուն հաստատել է, որ այնտեղ նոր անցակետ է տեղադրում։

XS
SM
MD
LG