Մատչելիության հղումներ

Ամերիկյան ակտիվ միջնորդություն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև


Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը, մեկնաբանելով ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գերատեսչության պաշտոնյաների վերջին օրերի այցերը Երևան ու Բաքու, ասել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է խորը ներգրավված մնալ խաղաղ գործընթացում։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտական գործողությունների դադարեցման ապահովումը, հատկապես Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, նախկինի պես մեծ նշանակություն ունեի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար», - նշել է նա, հիշեցնելով, որ պետքարտուղարը Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովում հանդիպել էր երկու երկրների ղեկավարների հետ։

Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն և պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնը այս շաբաթվա ընթացքում անջատ այցեր կատարեցին տարածաշրջան, Երևանում և Բավքում բանակցելով երկու երկրների ղեկավարների հետ։

Վեդանտ Պատելը բանակցություններից որևէ մանրամասներ չի հայտնել։ Ամենօրյա ճեպազրույցում Վաշինգտոնում «Թուրանի» թղթակցի հարցերին պատասխանել է, որ որևէ հատուկ նորություն չունի, չի ցանկանում ժամանակացույցից առաջ ընկել, բայց համոզմունք է հայտնել, որ շուտով ավելին կունենան լրագրողների հետ կիսվելու համար։

Լուիս Բոնոն շաբաթվա սկզբում Բավքում էր, որից հետո երեք օր Հայաստանում․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպմանը նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորմանը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր, հաղորդում է Հայաստանի կառավարությունը։

Իսկ Էրիկա Օլսոնը սկզբում Երևանում է բանակցել, հետո մեկնել Բաքու՝ հանդիպել Ադրբեջանի նախագահին ու արտգործնախարարին։

Ապրիլի 19-ին Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Օլսոնն ընդգծել է, որ ԱՄՆ-ն սատարում է տարածաշրջանային խաղաղության օրակարգը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը։ Նա հանդիպել էր նաև արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին։

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը, մեկնաբանելով Պետդեպարտամենտի պաշտոնյաների վերջին այցելությունները տարածաշրջան, ասել է, որ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում այսօրվա դրությամբ միակ ակտիվ միջնորդը մնացել է ԱՄՆ-ն։

«Եվրամիության միջնորդությունը չի ընդունվել Ֆրանսիայի դիրքորոշման պատճառով, այս պահին Ռուսաստանի միջնորդությունը ակտիվ չէ, հիմա օրակարգում միայն ԱՄՆ-ի միջնորդությունն է»,- նախօրեին «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Զուլֆուգարովը։

Նրա կարծիքով՝ ներկայումս քննարկվում է խաղաղության շրջանակային համաձայնագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև։

Հայաստանը պետք է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչի ոչ միայն հղում անելով 1991 թվականի Ալմաաթայի հռչակագրին ու ՄԱԿ-ի կանոնադրությանը, այլ նաև երկկողմ փաստաթղթով:

«Քանի որ երկու երկրների միջև տարածքային հակամարտություն կա, ապա տարածքային ամբողջականության հարցը պետք է արտացոլվի երկկողմ փաստաթղթում», - ասել է Ադրբեջանի նախկին արտգործնախարարը։

Զուլֆուգարովը նշել է, որ այն պահին, երբ ԱՄՆ-ի ներկայացուցիչները Երևանում էին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ համաձայնությունը կայացվել է և շրջանակային պայմանագիրը ստորագրելու պայմաններ կան։

XS
SM
MD
LG