Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի զինվորները փախուստի են դիմել նվաստացումների պատճառով. իրավապահների եռօրյա լռությունը վարչապետը խախտեց


Երկրորդ ադրբեջանցին, ըստ վարչապետի, որոշել է ետ գնալ հայրենիք

Իրավապահ մարմինների եռօրյա լռությունն այսօր խախտեց վարչապետ Փաշինյանը՝ պարզաբանելով, թե ինչու էին ադրբեջանցի զինվորները հասել Հայաստանի տարածքի խորքը։ Կատարված քննչական գործողությունների արդյունքում, ըստ վարչապետի, Հայաստանի իրավապահ մարմիները պարզել են, որ նրանք լքել են իրենց դիրքերը ճնշումների ենթարկվելու պատճառով։ Թերևս այդ մասին տեղեկացրել է երկու օր առաջ Սիսիան համայնքի Աշոտավան գյուղում հայտնաբերված և ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը։

«Ադրբեջանի բանակի զինվորն ուղղակի փախուստի է դիմել իրենց դիրքերից իր ծառայակցի հետ՝ մյուս համածառայակիցների կողմից ճնշումների և նվաստացումների ենթարկվելու պատճառով», - այսօր խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Մինչ երեք օր է՝ իրավապահ մարմինները փնտրում են երկրորդ ադրբեջանցուն, պարզվում է, որ նա, ըստ վարչապետի, որոշել է ետ գնալ հայրենիք։ Վարչապետի խոսքից, սակայն, պարզ չդարձավ՝ ի վերջո ադրբեջանցի զինծառայողը Սիսիանից նորից Նախիջևան վերադարձել է, թե ոչ։

«Ըստ մեր ունեցած տվյալների՝ երկրորդ զինվորը, որ մինչև հիմա փնտրվում է, ինքը հենց սահմանը հատելուց շատ չանցած՝ հենց սահմանամերձ գյուղում ասել է, որ փոշմանել է և ուզում է վերադառնալ», - նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը չուներ այն հարցի պատասխանը, թե ինչպես են ադրբեջանցիները նախ հատել սահմանը, ապա խորացել Հայաստանի տարածքի խորքը՝ մինչև 20 կմ։ Քննությունը դեռ պետք է պարզի. - «Եվ այս համատեքստում կան շատ քննարկումներ՝ բա էդ ո՞նց է, որ զինվորները տենց անարգել հատել են սահմանը, եկել, անցել են, հասել են ինչ-որ տեղեր։ Իհարկե, այդ հանգամանքը պետք է առանձին քննվի, և պետք է հետևություններ արվեն սահմանային անվտանգությունն ապահովելու առումով»։

Իրավապահ մարմինները շարունակում են փնտրել

Չնայած հայկական կողմի ունեցած տվյալներին, թե ադրբեջանցի երկրորդ զինվորը սահմանամերձ հատվածում նորից Ադրբեջան վերադառնալու ցանկություն է հայտնել, իրավապահ մարմինները շարունակում են նրան փնտրել։ Պաշտպանության նախարարի խոսնակ Արամ Թորոսյանն այսօր «Ազատությանը» փոխանցել էր, որ որոնողական աշխատանքները շարունակվում են։

Առայսօր, սակայն, պաշտոնապես չի հստակեցվել՝ արդյոք Հայաստանի տարածք ներթափանցել են միայն այդ երկու զինծառայողները, թե խոսքն ավելի մեծ խմբի մասին է։ Ամեն դեպքում Սիսիանի Բնունիս համայնքի բնակիչները խոսում էին երեքի մասին, պնդելով, որ տան տեսախցիկները ֆիքսել են նրանց։

Անորոշ այս իրավիճակում Աշոտավանի գյուղապետ Արմեն Բեգլարյանն ասում է, թե ադրբեջանցի զինծառայողին շարունակում են փնտրել ամենուր. - «Դաշտերին, ճանապարհներին, հնարավոր տեղեր, որտեղ հնարավոր է թաքնվեն»։

Իշխանասարը թեև հեռու է Աշոտավանից ու Բնունիսից, բայց այս կողմերում էլ են մարդիկ շատ ուշադիր են։ Գյուղապետ Մարատ Պետրոսյանն ասում է, որ հիմա Իշխանասարում մարդիկ կողպում են դռները. - «Մենք էլ ենք, բոլոր տեղերում ման ենք գալիս, բայց չկա, չկա ու չկա։ Գիտե՞ս՝ մենք ուրախ ենք, որ չենք գտել, մտավախություն կա էլի բոլոր դեպքերում»։

Ձերբակալված ադրբեջանցին, ըստ համայնքապետի, նույնն է պատմել, թե փախել են, քանի որ իրենց նվաստացրել են

Աշոտավանի գյուղապետին օրեր առաջ հաջողվել էր զրուցել ադրբեջանցի զինծառայողի հետ, որին հենց գյուղի բնակիչները բռնել էին փողոցում քաղաքացիական հագուստով։ Արմեն Բեգլարյանի խոսքով ևս՝ 19-ամյա զինծառայողը իրեն պատմել էր, թե Նախիջևանի դիրքերից փախել են, քանի որ իրենց այնտեղ շատ են նվաստացրել։ Բնունիս և Աշոտավան համայնքները Նախիջևանից շուրջ 20 կմ հեռավորության վրա են։

«Իրենց ասելով՝ իրենց այնտեղ այնքան են ստորացրել, նսեմացրել, որ թողել, փախել են», - ասաց նա։

Մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցները ապրիլի 10 -ին հաղորդել էին, որ Նախիջևանի Շահբուզ շրջանի ուղղությամբ ադրբեջանցի երկու զինծառայողներ են մոլորվել՝ «անբարենպաստ եղանակային և սահմանափակ տեսանելիության պայմաններում»։ Պաշտոնական Բաքուն, սակայն, մինչ այս պահը չի հայտնել՝ ովքեր են մոլորված զինծառայողները։

Փոխարենն ադրբեջանական մամուլն էր հրապարակել նրանց անունները՝ Աքշին Բեբիրով և Հուսեյին Ախունդով, երկուսն էլ ծառայության մեջ են եղել մոտ մեկ տարի։ Meydan TV-ն զրուցել էր նրանցից մեկի ազգականի հետ, ով ասել էր, թե զինվորները դիրքերից անհետ կորել են ապրիլի 5 -ից։ Հայաստանի ԱԱԾ-ն մինչ այս պահը չի հրապարակել ձերբակալված ադրբեջանցու անուն-ազգանունը։ Պարզ չէ՝ արդյոք նա հենց այդ երկու ադրբեջանցիներից մեկն է, թե ոչ։

Հստակ չէ նաև, թե արդյոք Հայաստանում ձերբակալված ադրբեջանցուն վերադարձնելու են կամ թե արդյոք նրան փոխանակելու են հայ գերիներից որևէ մեկի հետ։ Այսօր՝ Ազգային ժողով- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, վարչապետ Փաշինյանը միայն ասաց, թե զինծառայողը Ադրբեջան վերադառնալու ցանկություն դեռևս չի հայտնել։ Երբ կհայտնի, հարցը կքննարկեն։

«Ամենևին փաստ չէ, որ նա ցանկանում է վերադառնալ Ադրբեջան։ Գիտեք, որ մեր միջազգայնորեն ստանձնած պարտավորություններով եթե նման իրավիճակում հայտնված մարդը չի ցանկանում վերադառնալ, մենք բռնի ձևերով չենք կարող նրան ուղղակի վերադարձնել, գոնե այս պահին այդպիսի ցանկություն զինվորը չի հայտնել։ Եթե հայտնի, այդ դեպքում արդեն մնացած հարցերը գուցե քննարկելի կլինեն», - նշեց վարչապետը։

XS
SM
MD
LG