Մատչելիության հղումներ

Հայաստանի տարածք ներթափանցած երկրորդ ադրբեջանցուն գտնել դեռ չի հաջողվում, երեկ ձերբակալվածը ԱԱԾ - ում է


Հայաստանի տարածք ներթափանցած երկրորդ ադրբեջանցուն գտնել չի հաջողվում, նրան դեռ փնտրում են, «Ազատությանը» փոխանցեց Աշոտավանի գյուղապետ Արմեն Բեգլարյանը՝ նշելով, որ երեկվանից հավանական բոլոր վայրերը ստուգվում են։

«Երրորդը չի եղել, երկրորդի մասին է խոսքը, որոնողական աշխատանքներ են իրականացվում, հարակից գյուղերը, բոլոր տները նայել են, մեկ-մեկ ստուգած ա, երևի դաշտեր ա փախել էլի», - ասաց Բեգլարյանը:

«Ազատության» հարցին՝ վստա՞հ է, որ երկուսն են, որովհետև Բնունիսում ժողովուրդն ասում է, որ տան տեսախցիկները ֆիքսել են երեք հոգու, գյուղապետը պատասխանեց. - «Ես չեմ կարող ասել, որովհետև ես մեկին եմ տեսել, ոչ մի բան հաստատ չգիտեմ, չեմ կարող ասել: Երկրորդ ադրբեջանցին չեմ կարծում, որ գյուղերում թաքնված լինի»:

Հայաստանի տարածքում հայտնված ադրբեջանցիներին երեկ բնակիչները նախ տեսել էին Սիսիանի Բնունիս գյուղում, երբ նրանք թակել էին բնակիչներից մեկի դուռը։ Հետո արդեն նրանցից մեկին բռնել էին Բնունիսից շուրջ 4 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Աշոտավանում։

Բռնելուց հետո աշոտավանցիները կերակրել են ադրբեջանցուն. գյուղապետ

Այստեղ, ըստ գյուղապետ Բեգլարյանի, ադրբեջանցին հաջողացրել է թաքուն մտնել գյուղացիներից մի քանիսի տները։ Երբ նրան փողոցում բռնել են, ադրբեջանցին արդարացել է, թե գյուղ է մտել՝ սնվելու նպատակով։

«Սոված էր, ասում էր՝ «եկել էի մի բան ուտելու, երեք օր ա բան չէի կերել»: Երկու կամ երեք տուն ա մտել, նկուղներ, ապրող տներ են: Մարդիկ, բնականաբար, չեն նկատել, հետո փողոցում բռնել են», - պատմեց գյուղապետը:

Բռնելուց հետո աշոտավանցիները կերակրել են ադրբեջանցուն, ինչպես Արմեն Բեգլարյանն է ասում է՝ հայը մարդուն չի կարող սոված թողնել։

Թե ինչպե՞ս է ադրբեջանցին հասել սահմանից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակավայրեր և ի՞նչ նպատակով, ադրբեջանցու հետ զրուցած Աշոտավանի գյուղապետը տեղյակ չէր, միայն գիտեր, որ նա 19-ամյա զինծառայող է:

Հարցին՝ կարծում է՝ մոլորվե՞լ է, թե՝ հատուկ խումբ է եղել, Բեգլարյանը պատասխանեց. - «Ես չեմ կարող ասել, բայց ակտիվություն, ագրեսիվություն չեմ զգացել»:

Ինչպե՞ս և ինչո՞ւ են ադրբեջանցի զինծառայողները հասել Հայաստանի տարածքի խորքը։ Այս հարցին պաշտոնապես որևէ բացատրություն չի տրվել, Ազգային անվտանգության ծառայությունը երկրորդ օրն է՝ լռում է։

Դիվերսիայի արձանագրում գոյություն չունի. Անդրանիկ Քոչարյան

Խորհրդարանում Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը միակն էր, որ որևէ պարզաբանում տվեց. - «Դուք սահմանը պատկերացնում եք՝ մի հատ դուռ ա բացեցին, գնացի՞ն: Սահմանը մեծ երկարություն ունի, ձորակներ կան, որտեղ կարող էին թափանցեին: Ինչո՞ւ չեք հարցնում, այդ մարդիկ, որ եկել են, եկել են ինչ-որ գործողություն անելո՞ւ նպատակով, թե՞ փախել են այն զորամասից, որը գտնվում է Նախիջևանի տարածքում: Իրականությունը կճշտվի շատ մոտ ժամանակներս: Դիվերսիայի արձանագրում գոյություն չունի, ոչ, դիվերսիոն խումբ չի եղել, այս պահին ինֆորմացիան այդպիսին է: Եթե դիվերսիոն խմբի կասկածները, բնականաբար, կան, դրա համար այն տեղեկությունը, որ փոխանցեցիք, որ 2-3 հոգի են եղել, եթե մեկը գտնվում է Ազգային անվտանգության ծառայությունում, մյուս երկուսի որոնողական աշխատանքները, ես գիտեմ, այս պահին շարունակվում են»:

Սիսիան ներթափանցած ադրբեջանցիների մասին հարցերին իշխող ուժի մյուս պատգամավորները չէին ցանկանում անդրադառնալ։ Պաշտպանության հանձնաժողովի անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը հարցը լսելուն պես, իրեն բնորոշ ոճով փորձեց խույս տալ։

«Գնացեք իրանց գտեք, հարցեր տվեք, ասեք՝ ինչի՞ եք եկել», - ասաց Մելքոնյանը:

Եթե Գագիկ Մելքոնյանը մեզ էր հորդորում գնալ ու գտնել Հայաստանով շրջող ադրբեջանցիներին, ապա իշխանական մեկ այլ պատգամավոր, Պաշտպանության հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը մեր հարցին արձագանքեց անխախտ լռությամբ։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, երկուսն էլ ծառայության մեջ են եղել մոտ մեկ տարի

Երեկ կեսօրին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Նախիջևանի Շահբուզ շրջանի ուղղությամբ ադրբեջանցի երկու զինծառայողներ են մոլորվել՝ «անբարենպաստ եղանակային և սահմանափակ տեսանելիության պայմաններում»։ Պաշտոնական Բաքուն, սակայն, մինչ այս պահը չի հայտնել՝ ովքեր են մոլորված զինծառայողները։

Ադրբեջանական լրատվամիջոցները, սակայն, արդեն հրապարակել են նրանց անունները՝ Աքշին Բեբիրով և Հուսեյին Ախունդով, երկուսն էլ ծառայության մեջ են եղել մոտ մեկ տարի։ Meydan TV-ն զրուցել է նրանցից մեկի ազգական՝ Յաշար Մուսաևի հետ, ով ասել է, թե զինվորները կորել են մոտ մեկ շաբաթ առաջ։

«Ապրիլի հինգին մեզ տեղեկացրել են, որ նրանք չկան, դիրքերում չեն։ Պաշտոնապես ասացին՝ մոլորվել են, անհետ կորել։ Ասացինք՝ Նախիջևանը փոքր քաղաք է, ինչպե՞ս չեք կարողանում գտնել, ասացին՝ մի անհանգստացեք, ձեր որդին ողջ է», - նշել է ազգականը։

Հայաստանի ԱԱԾ-ն մինչ այս պահը չի հրապարակել երեկ Հայաստանի տարածքում ձերբակալված ադրբեջանցու անուն-ազգանունը։ Պարզ չէ, արդյո՞ք նա հենց այդ 2 ադրբեջանցիներից մեկն է, թե՝ ոչ։

XS
SM
MD
LG