Մատչելիության հղումներ

Չնայած հարցումների արդյունքներին՝ Էրդողանը պնդում է, թե կհաղթի առաջին իսկ փուլում


Այսօր Թուրքայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների քվեաթերթիկը։ Քվեաթերթիկի վրա չորս թեկնածուների նկարներն ու անուններն են, որոնց հերթականությունը սահմանեց հանձնաժողովը՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջե, «Ազգային դաշինք» ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլու և «Աթա» դաշինքի թեկնածու Սինան Օղան։

Չորեքշաբթի երեկոյան CNN Turk-ի հետ հարցազրույցում Ռեջեփ Էրդողանը համոզմունք է հայտնել, որ հաղթանակի կհասնի առաջին փուլում, նախընտրական հանրահավաքներից այդ տպավորությունն է ստանում։

«Ես եմ, որ հասկանում եմ ժողովրդի լեզուն։ Նրանք ինձ ասում են՝ գնա առաջ։ Սա եմ տեսնում հանրահավաքներում։ Հավատում եմ, որ իմ ժողովուրդը ընտրությունները կավարտի առանց դժվարությունների»,- ասել է նա։

Սակայն, սոցհարցումները հակառակն են ցույց տալիս։ Հետազոտական 5 ընկերություններից միայն մեկի հարցումներով է Էրդողանն առաջատար, մյուս չորսի տվյալներով՝ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլչդարօղլուն առաջ է Ռեջեփ Էրդողանից։ Հարցումները նաև ցույց են տալիս, որ երկրորդ փուլն անխուսափելի է։

Միասնական ընդդիմությունից անջատ նախագահի թեկնածու առաջադրված մեկ այլ ընդդիմադիր գործիչ Մուհարեմ Ինջեի օգտին ակնկալվող քվեները հինգ տոկոսի սահմաններում են, բայց որքան էլ քիչ լիենն այդ ձայները, նրանք գնալու են ընդդիմադիր ընտրազանգվածի կողմից, որոնք կարող էր ստանալ ընդդիմության միասնական թեկնածուն։

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա ըստ հարցումների՝ առաջատարը Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունն է՝ 32 տոկոս, Քըլչդարօղլու Ժողովրդա-հանրապետականները՝ 27,5 տոկսոս։

Խորհրդարանական ընտրություններին ընդդիմությունը միասնաբար չի մասնակցում։ 26 կուսակցություններ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել պատգամավորական թեկնածուների իրենց ցուցակները՝ 600 տեղանոց խորհրդարանի մանդատների պայքարի համար։

Մուհարեմ Ինջեն իր կուսակցությունով նաև մասնակցում է խորհրդարանական ընտրություններին, և ըստ «Դելյի Սաբահի»՝ պատգամավորական ցուցակում ընդդիմադիր հայացքներին չհամապատասխանող թեկնածուների մի քանի անուններ կան՝ ընտրողների ուշադրությունը գրավելու համար։

Մայիսի 14-ին անցկացվելու են թե նախագահական, թե խորհրդարանական ընտրություններ։

Եթե նախագահի թեկնածուներից ոչ մեկը չստանա ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին, ապա երկու շաբաթ անց՝ մայիսի 28-ին, կանցկացվի երկրորդ փուլը, որին կմասնակցեն ամենաշատ ձայներ ստացած երկու թեկնածուները։

Թուրքիայում շուրջ 61 միլիոն ընտրող կա, մոտավորապես ևս 3 միլիոն ընտրող դրսից հեռավար քվեարկելու հնարավորություն ունի։

Թուրքիայի առաջիկա համապետական ընտրությունները շատերը համարում են ամենակարևորը երկրի նորագույն պատմության մեջ։

Ընտրողները որոշելու են արդյոք պահպանել ներկայիս կառավարությունը ավելի քան երկու տասնամյակ իշխող Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ, թե քվեարկել փոփոխությունների օգտին։

«Թուրքիան մեսիջ կտա Արևմուտքին գալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների միջոցով, որոնց ոչ միայն Արևմուտքը, այլև իսլամական աշխարհն է ուշադիր հետևում»,- CNN Turk-ին ասել է Էրդողանը։

Թուրքիան ընտրությունների է գնում անկայուն տնտեսությունից մինչև միգրացիոն քաղաքկանության խնդիրներով, որոնց գումարվեցին աղետալի երկաշարժի հետևանքները։ Էրդողանը երեկվա զրույցում նաև խոստացել է պատժել անբարեխիղճ շինարարներին՝ իրեն հեռու պահելով ավերիչ երկրաշարժի ծանր հետևանքների պատասխանատվությունից, որի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է զոհվել, ավելի քան 170 հազար շենք շինություններ են փլուզվել։

Ընդդիմությունը խստորեն քննադատում է իշխանություններին աղետներին անպատրաստ լինելու, թույլ արձագանքելու և անորակ շինարարության համար։

Ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն խոստացել է անվճար տներ կառուցել երկրաշարժից տուժածների համար։

«Ազգային դաշինքը լի է վճռականությամբ՝ լուծելու ժողովրդի խնդիրները, և մենք ժողովրդին կծառայենք առանց բևեռացման, գրկելով միմյանց, ցուցաբերելով սեր և հարգանք, հարգելով բոլոր քաղաքացիների իրավունքները», - երեկ Ադիյամանում մասնակցելով իֆտարի ընթրիքին՝ ասել է Քըլըչդարօղլուն։

Էրդողանն, իր հերթին, քննադատել է ընդդիմությանը, ասելով, թե նրանք համագործակցում են քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հետ, որը փակվելու վտանգի տակ է ահաբեկչական «Քրդական աշխատավորական կուսակցության» հետ կապեր ունենալու կասկածանքով։

XS
SM
MD
LG