Մատչելիության հղումներ

Թուրքական ընտրությունների ելքը կարող են վճռել քրդերը


Ընտրություններ Թուրքիայում, արխիվ
Ընտրություններ Թուրքիայում, արխիվ

Մեծ է հավանականությունը, որ մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքները կվճռեն երկրի ամենամեծ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները՝ քրդերը։

Դատելով վերջին օրերին հրապարակված սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներից՝ թեև ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն որոշակի առավելություն ունի գործող նախագահ Էրդողանի նկատմամբ, այնուհանդերձ, քարոզարշավի յոթ շաբաթների ընթացքում իրադրությունը կարող է և փոխվել։

Քեմալ Քըլըչդարօղլու, արխիվ
Քեմալ Քըլըչդարօղլու, արխիվ

Թուրք վերլուծաբանների համոզմամբ՝ երկու առաջատար թեկնածուների պայքարը հիմնականում ծավալվելու է դեռևս չկողմնորոշված ընտրողների՝ նախևառաջ երկրի բնակչության գրեթե 20 տոկոսը կազմող քրդերի համար։ Դա է պատճառը, որ նախօրեին ընդդիմության միասնական թեկնածուն անձամբ ժամանեց Թուրքիայի Ազգային մեծ ժողով՝ հանդիպելով քրդերի շահերը ներկայացնող Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարների հետ։

«Բոլոր վիճահարույց խնդիրների, այդ թվում՝ քրդական հարցի լուծումը միայն մեկ վայրում է հնարավոր և այդ վայրը Թուրքիայի Ազգային Մեծ ժողովն է։ Խորհրդարանն է, որ պետք է գտնի երկրում առկա խնդիրների լուծումը, առավել ևս, որ անլուծելի խնդիրներ գոյություն չունեն», - հայտարարում էր Քըլըչդարօղլուն։

Վեց ընդդիմադիր ուժերի կողմից նախագահի պաշտոնում առաջադրված Քըլըչդարօղլուն երեկվա հանդիպման ընթացքում նաև խոստացավ հաղթանակի դեպքում օրենսդրական փոփոխություններ նախաձեռնել՝ դժվարացնելով քաղաքական կուսակցությունների կասեցման պրակտիկան։ Այս հարցը քուրդ գործիչների համար կենսական նշանակություն ունի, քանի որ վերջին 30 տարիների ընթացքում Թուրքիայի տարածքում դատական կարգով քրդերի շահերը ներկայացնող առնվազն յոթ կուսակցություն է փակվել։

Այժմ խորհրդարանում ներկայացված Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը արգելվածների շարքում կարող է դառնալ ութերորդը, քանի որ քաղաքական այս ուժի դեմ ևս դատական վարույթ է հարուցված։ Քեմալ Քըլըչդարօղլուն, սակայն, առաջարկում է դատարաններին զրկել կուսակցությունների գործունեությունը կասեցնելու իրավունքից՝ այդ գործառույթը վերապահելով բացառապես երկրի խորհրդարանին։

«Կուսակցություններ արգելելը սխալ է», - հայտարարում էր ընդդիմության թեկնածուն։

Թե ինչ այլ պայմանավորվածություններ են ձեռք բերել թուրքական ընդդիմության առաջնորդն ու քրդերը փակ դռների հետևում առայժմ հստակ չէ։ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության ղեկավարները նշում են, որ նախ բանակցությունների արդյունքները պետք է քննարկեն կուսակիցների հետ։

«Այսօրվա զրույցի բովանդակությունը մենք կփոխանցենք մեր տեղական կառույցներին, ինչից հետո արդեն հանդես կգանք շատ ավելի մանրամասն հայտարարությամբ։ Դա տեղի կունենա մի քանի օրից», - հայտարարում էր Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության համանախագահ Միդհաթ Սանջարը։

Թուրքական մամուլում շրջանառվող վարկածի համաձայն, եթե առաջիկա օրերին քրդական կուսակցությունն սեփական թեկնածու չառաջադրի, ապա քրդական քվեների ճնշող մեծամասնությունը կանցնի Քըլըչդարօղլուին, ինչը ընդդիմության առաջնորդի համար լուրջ աջակցություն կլինի։ Թուրքիայիում անցկացված վերջին սոցհարցումների արդյունքները վկայում են, որ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության վարկանիշը տատանվում է 9 -ից 12 տոկոսի միջակայքում։

Էրդողանն ընդունել է նախկին փոխվարչապետ Մեհմետ Շիմշեկին

Այն նույն ժամերին, երբ թուրքական ընդդիմության առաջնորդը հանդիպում էր քրդերի հետ, Անկարայի նախագահական պալատում Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունում էր իր երբեմնի ամենահայտնի զինակիցներից մեկին՝ ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար, նախկին փոխվարչապետ Մեհմետ Շիմշեկին։

Ռեջեփ Թայիփ Էրդողան, արխիվ
Ռեջեփ Թայիփ Էրդողան, արխիվ

Էրդողանի կառավարման սկզբնական շրջանի տնտեսական բարեփոխումների ճարտարապետը համարվող Շիմշեկի հետ այս հանդիպումը ևս տեղավորվում էր քրդական ընտրազանգվածի համակրանքը շահելու տրամաբանության մեջ։ Բանն այն է, որ նախկին փոխվարչապետը Էրդողանի թիմում պաշտոնավարած ամենաբարձրաստիճան քուրդն էր։ Վերջին տարիներին, սակայն, Շիմշեկը ակտիվ քաղաքական գործունեությամբ չի զբաղվում, և Անկարայում շրջանառվող լուրերի համաձայն՝ Էրդողանը, ընտրություններում իրեն աջակցելու դիմաց, պատրաստ էր նրան բարձր, ընդհուպ մինչև փոխնախագահի պաշտոն առաջարկել։

Դատելով, սակայն, իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքի հայտարարություններից՝ Շիմշեկի և Էրդողանի հանդիպումը թեև ջերմ մթնոլորտում էր անցել, այնուհանդերձ կողմերը ընդհանուր հայտարարի այդպես էլ չէին եկել։

«Այսօր նախագահին էր այցելել պարոն Շիմշեկը։ Նա հայտարարեց, որ պատրաստ է մեզ ցանկացած տեսակի աջակցություն ցուցաբերել, սակայն հավելեց, որ ակտիվ քաղաքականություն վերադառնալու ցանկություն չունի», - հայտարարում էր Չելիքը։

Ինքը՝ Շիմշեկը, Тwitter-ում մեկնաբանելով Էրդողանի հետ հանդիպումը, որպես իր քաղաքավարի մերժման պատճառ մատնանշել էր այն հանգամանքը, որ այժմ աշխատում է միջազգային ֆինանսական կառույցներում։

XS
SM
MD
LG