Մատչելիության հղումներ

Թուրքիայի քրդերը նախագահի թեկնածու չեն առաջադրի՝ դե ֆակտո աջակցելով Էրդողանի մրցակցին


Ընտրություններ Թուրքիայում, արխիվ
Ընտրություններ Թուրքիայում, արխիվ

Թուրքիայի բնակչության գրեթե մեկ հինգերորդ մասը կազմող քրդերի շահերը ներկայացնող Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում սեփական թեկնածու չի առաջադրի։ Այս մասին նախօրեին Անկարայում հայտարարեց կուսակցության համանախագահ Փերվին Բուլդանը։

«Նախագահական ընտրությունների ընթացքում մենք կյանքի կկոչենք մեզ վրա դրված պատմական առաքելությունը՝ պայքարը միանձնյա իշխանության դեմ։ Թուրքիայում ժողովրդավարություն հաստատելու, քաղաքացիական ազատություններն ու սոցիալական արդարությունը արմատավորելու համար հարկավոր է պատասխանատվության կանչել գործող իշխանություններին, որոնց կառավարման հիմնասյուներն են աղքատությունը, կոռուպցիան, թալանն ու շահույթ ստանալու մոլուցքը։ Սրանք են այն պատճառները, որոնք ստիպում են մեզ հրաժարվել առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրելու մտադրությունից», - հայտարարում էր քրդական կուսակցության ղեկավար անդամը։

Թուրքական մամուլի համոզմամբ՝ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության այս քայլը գրեթե ավտոմատ կերպով 8-ից 10 տոկոսով կավելացնի ընդդիմադիր վեց կուսակցությունների կողմից նախագահի պաշտոնում առաջադրված Քեմալ Քըլըչդարօղլուի վարկանիշը։

Թուրքական քաղաքական շրջանակներում գրեթե բացառում են, որ կուսակցության աջակիցներից որևէ մեկը մայիսի 14-ին կարող է քվեարկել Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին։ Բանն այն է, որ 2015 թվականից սկսած քրդերը Էրդողանի կառավարության հարձակումների հիմնական թիրախներից մեկն են։ Նրա իշխանությունն էր, որ ութ տարի առաջ դադարեցրեց քրդերի հետ հաշտեցման գործընթացը՝ զորքեր ուղարկելով երկրի քրդաբնակ շրջաններ։

Քրդական բնակավայրերի բազմաթիվ ընտրված ղեկավարներ անցած տարիներին կամայական որոշումների հիման վրա զրկվեցին իրենց պաշտոններից, տասնյակ քուրդ քաղաքական գործիչներ էլ հայտնվեցին ճաղերի հետևում։ Նրանցից ամենահայտնին նախագահության նախկին թեկնածու Սելահեթդին Դեմիրթաշն է, որին ահաբեկչական կառույց ճանաչված «Քրդական բանվորական կուսակցության» հետ կապեր ունենալու մեղադրանքով ձերբակալել էին դեռ 2016 թվականի նոյեմբերին։ 2020 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պահանջեց անհապաղ ազատ արձակել քուրդ գործչին, սակայն պաշտոնական Անկարան այդ որոշումը մինչ օրս չի կատարել։

Քրդական ընտրազանգվածին Էրդողանից վանող ևս մեկ գործոնը նրա գլխավոր դաշնակցի՝ ծայրահեղ ազգայնականների առաջնորդ Դևլեթ Բահչելիի անձն է, որը բազմիցս հանդես է եկել հակաքրդական հայտարարություններով։ Բայց չնայած անբարենպաստ գործոնների նման առատությանը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիմում դեռ հույս ունեն, որ քարոզարշավի յոթ շաբաթների ընթացքում հնարավոր կլինի քրդական ընտրազանգվածի գոնե մի մասին գրավել գործող նախագահի կողմը։

«Դուք ազատություն եք ուզում, բայց ինչի՞ց եք դուք ուզում ազատվել»

«Ես դիմում եմ իմ քուրդ եղբայրներին։ Դուք ազատություն եք ուզում, բայց ինչի՞ց եք դուք ուզում ազատվել», - չորեքշաբթի երեկոյան թուրքական Star TV և NTV հեռուստաընկերությունների եթերում հեռարձակված երկու ժամանոց հարցազրույցում հռետորական այս հարցն էր հնչեցնում Թուրքիայի նախագահը։

Նրա համոզմամբ՝ քրդական կուսակցության՝ թեկնածու չառաջադրելու որոշումը միայն մեկ բան կարող է նշանակել, որ միասնական ընդդիմությունը ոչ թե վեց, այլ յոթ մասնակից ունի և յոթերորդը Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունն է։

«Այդ կուսակցությունը նույնն է ինչ «Քրդական բանվորական կուսակցությունը»(PKK), նույնն է ինչ Սիրիայում գործող քրդական խմբավորումները՝ «Դեմոկրատական միությունը» (PYD) և «Ժողովրդական պաշտպանության ուժերը» (YPG)», - հայտարարում էր Էրդողանը՝ դիմելով նաև ազգությամբ թուրք ընտրողներին ու զգուշացնելով, որ քվեարկությունն ընդդիմության թեկնածուի օգտին հավասարազոր է լինելու Աբդուլա Օջալանին և Սելահեթդին Դեմիրթաշին ընտրելուն։

«Անհաջող շաբաթ Էրդողանի համար»

Արևմտյան մամուլի գնահատմամբ՝ Էրդողանի այս հայտարարությունները այն ծանր վիճակի արտացոլումն են, որում հայտնվել է Թուրքիայի նախագահը։

«Անհաջող շաբաթ Էրդողանի համար», - այսպես է բնութագրում անցած մի քանի օրերը Bloomberg-ը, որպես իշխանությունների ամենացայտուն տապալումներ մատնանշելով ընդդիմության ու քրդերի համագործակցությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Էրդողանին չհաջողվեց իր կողմը գրավել իր նախկին թիմակիցներից մեկին՝ ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար, 2000-ականների տնտեսական բարեփոխումների ճարտարապետ և արևմտյան ֆինանսական կառույցներում մեծ հեղինակություն վայելող Մեհմետ Շիմշեկին։

«Առաջին անգամ նախագահը կանգնած է ընտրություններում պարտվելու իրական վտանգի առջև, եթե իհարկե դրանք անցկացվեն օրենքի տառին համապատասխան», - Bloomberg-ի հետ զրույցում նշել է Bilgi համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Իլքեր Թուրանը։

Էրդողանի հնարավոր պարտության մասին են վկայում նաև Թուրքիայում անցկացված վերջին սոցհարցումները։ "Mak danışmanlık" հետազոտական կենտրոնի կողմից Թուրքիայի 81 նահանգներից 53-ում անցկացված հարցման համաձայն՝ եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, ապա ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն կստանար քվեների 46, իսկ Էրդողանը՝ 42 տոկոսը։

XS
SM
MD
LG