Մատչելիության հղումներ

Մոսկվան Հայաստանից բացատրություն է խնդրել ՆԱՏՕ-ի զորավարժությանը մասնակցելու մասին


Մոսկվան Հայաստանից պաշտոնական բացատրություն է խնդրել ՆԱՏՕ-ի համատեղ զորավարժություններին մասնակցելու առումով, այսօր ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հավելելով, թե իրենց արձագանքը կորոշեն պատասխանը ստանալուց հետո։

Նա միաժամանակ նշել է, որ «Հայաստանի տարածքում ՀԱԿՊ-ի գծով մանյովրներ անցկացնելու՝ Երևանի հրաժարվելը ափսոսանք է առաջացնում և չի նպաստում տարածաշրջանային անվտանգության բարձրացմանը»։

Զախարովայի մեկնությամբ՝ Հյուսիսատլանտյան դաշինքը շարունակում է գործընկեր երկրներին իր մանյովրներում մասնակից դարձնելու ակտիվ պրակտիկան և ձգտում է վերաձևավորել այդ երկրների պաշտպանական համակարգերը՝ լծակներ ստանալ նրանց ներքին և արտաքին քաղաքականության գործընթացների վրա ազդեցություն ունենալու համար։

«Առաջին հերթին, իհարկե, դա վերաբերում է հետխորհրդային տարածքին, որը ՆԱՏՕ-ի համար իսկական դաշտ է Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական հակամարտության համար։ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները փորձում են վարկաբեկել Ռուսաստանի հետ տարածաշրջանային երկրների համագործակցությունը, ներքաշում նրանց փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ, որոնք ակնհայտորեն հակառուսական, եթե ոչ երբեմն ռուսաֆոբ բնույթ են կրում»,- ասել է Զախարովան։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, իր հերթին, երեկ Երևանում հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, փոխնախարարներ Սաֆարյանի և Կոստանյանի հետ։ Կողմերն անդրադարձել էին Անդրկովկասում տիրող իրավիճակին, այդ թվում՝ տարածաշրջանի պետությունների կողմից ձեռնարկվող քայլերին, ասված էր ՌԴ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG