Ինչպես Էրբունի վարչական շրջանի շատ բնակիչներ, Օլեգ Բեգայանի ընտանիքն էլ է 2 օր առանց հոսանքի մնացել: ՀԷՑ-ի «Վարդաշեն» ենթակայանի խոշոր հրդեհի հետևանքով վարչական շրջանի շուրջ 51.000 բաժանորդ հոսանքազրկվել էր: Օլեգը գլխի ճարը նախապես էր տեսել, ասում է. «Եղունգ ունես, գլուխդ քորի: Մեր տունը գազով ենք տաքացնում, լավ է՝ էս տարի որոշել էի բաքսի դնեմ...սովորական գազի ու փայտի փեջ ունեմ»:
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ աշխատակցիների անդադար աշխատանքի շնորհիվ գրեթե 40.000 բաժանորդների էլեկտրամատակարարումը ժամեր անց վերականգնվել է, բայց շուրջ 11.500 բաժանորդ մոտ 48-52 ժամ առանց հոսնաքի են մնացել:
Մի շարք տներ դեռ լույս չունեն
Ֆեյսբուքյան մեր հարցումներից պարզ դարձավ, որ այս պահին էլ Էրեբունի վարչական շրջանի մի քանի հասցեներում լույսերը միացել, հետո անջատվել են, հասցեներ էլ կան, որ ընդհանրապես չի էլ միացել: Օրինակ՝ Աթոյան ու Արեշ փողոցների մի շարք տներ ու շենքեր:
«Սարսափելի վատ, մենք լույսով հա՛մ տաքանում ենք, հա՛մ ջուրն է լույսով, սարսափելի վատ է: Ցուրտ տան մեջ առանց ջրի, լրիվ 92,93 թիվը», «Դե հիմա հազար թվի լարեր են, պաժառ է ընկել, ինչ ասես», «Մոմ վառեք, յոլլա գնացեք», - ասում են բնակիչները:
ՀԷՑ-ը նաև իրավապահներին է դիմել
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի պնդմամբ՝ հրդեհի նախնական պատճառը մաշված ցանցն է, բայց բուն պատճառը պարզելու համար ասաց՝ ուսումնասիրություններ են սկսել:
«Այսօր մեր Հանրապետությունում մենք վատթար և մաշված բաշխման ցանցում, որ ունենք, ցավալիորեն եմ դա արձանագրում, նման վթարները որևէ կերպ լիովին չեզոքացվող չեն: Մենք վերազինել ենք ենթակայանն ավելի նորագույն տեխնոլոգիաներով, բնականոն իրավիճակով նման մասշտաբի հետևանքները վերացնելու և էլեկտրամատակարարումը վերականգնելու համար անհրաժեշտ կլիներ մեկ շաբաթից 10 օր ժամանակ, մեր մասնագետները դա իրականացրին շուրջ 2 օրվա ընթացքում՝ այս ցրտի, մթի և սառնամանիքի պայմաններում: Ինչը, բնականաբար նաև արդարացված է, քանի որ նույն պայմաններում հոսանքազուրկ էին մեր սիրելի քաղաքացիները, բաժանորդները, ինչը մենք քաջ գիտակցում ենք»», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ռոմանոս Պետրոսյանը:
Բացի սեփական ուսումանասիրությունները, ՀԷՑ-ը նաև իրավապահներին է դիմել: Քննչական կոմիտեից ասացին՝ վարույթ չնախաձեռնելու մասին որոշում է կայացվել՝ հանցակազմի բացակայության հիմքով: Նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այստեղ անելիք ունի, Ռոմանոս Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ բացառո՞ւմ է, որ պարզվի թերացումը ՀԷՑ-ում է եղել, ասաց՝ չի բացառում, բայց չի շտապում կարծիք հայտնել: Հրդեհն, ընդգծեց, լայնամասշտաբ էր.
«Շարքից դուրս եկան 23 բաշխման բջիջներ իրենց բոլոր ենթակառուցվածքերով, անվտանգային համակարգով, ամբողջ ենթակայանը դարձավ ոչ պիտանի հետագա շահագործմանը», - շեշտում է Պետրոսյանը:
«Ազատությունն» այսօր եղավ նաև վթարված ենթակայանում, ամբողջությամբ այրված ու սևացած ջարդոններ էին դրսում:
Կփոխհատուցվե՞ն վնասներ կրած քաղաքացիները
Համացանցում մարդիկ դժգոհում են ու պնդում՝ ՀԷՑ-ը պետք է փոխհատուցի մարդկանց վնասները, ոմանց կենցաղային սարքերն այրվել են: Ռոմանոս Պետրոսյանն ասաց՝ նախ պետք է պարզվեն պատճառները, հետո վնասներ կրած բաժանորդների հարցը քննարկվի.
Ռոմանոս Պետրոսյանի խոսքով.- «Վնասներ կրած սուբյեկտները պատճառները պարզելուց հետո օրենքի կարգավորման տակ կընկնեն, բնականաբար օրենքի գերակայության պարագայում բոլոր ընթացակարգերը կգործարկվեն: Քանի դեռ բուն պատճառները պաշտոնապես հաստատված չեն, բանականաբար չենք կարող ասել՝ որ կարգավորմամբ առաջ կգնա գործընթացը»:
Մեզ հադնիպած էրեբունցիները փոխահատուցման հույս չունեին, ոմանք չէին էլ պատրաստվում ՀԷՑ դիմել այդ հարցով.
«Որ տան, լավ կլինի, բայց դե հույս չունեմ, որ կտան», «ՀԷՑ-ը որ մեկին փոխհատուցում տա», «մեր երկիրը էնքան դժվար բանի մեջ է, ենթադրենք փոխհատուցեն, ինչնե՞րս կփոխվի, եղածն եղած է, պիտի չլիներ», «Փոխհատուցումը երևի բացառված բան է, մեր պետությունում տենց բան չի լինում, հոգեբանական, բարոյական վնասը կարո՞ղ են փոխհատուցել», - նշում էին բնակիչները:
Այս օրերին դռները փակել ու տուն էին գանցել նաև համայնքի մի շարք խանութներ, դրանք հիմնականում մանրածախ առևտրով են զբաղվում:
Բայց, օրինակ՝ միրգ-բանջարեղենի վաճառքով զբաղվողները հոսանքի այլընտրանքային տարբերակներով են կարողացել չկագնենցնել աշխատանքը:
ՀԷՑ-ն իր ներքին քննությունը սկսել է երեկ, ե՞րբ կպարզեն՝ ինչն ինչոց էր, ժամանակավոր կառավարիչը դժվարացավ ժամկետ նշել, նրա խոսքով. - «Հատուկ հանձնաժողովներ են ձևավորվել ՀԷՑ-ում անկախ՝ անվտանգության և վերահսկողության տնօրենի գլխավորությամբ, մյուսը՝ տեխնիկական տնօրենի: Որպեսզի և՛ իրավական - անվտանգային, և տեխիկական- էներգետիկ ուղղություններով երկու անկախ հետաքննություններ իրականացնենք և վերջնական պարզ դառնան պատճառները, հնարավոր էր կանխարգելել , թե ոչ, ինչպիսի հետևանքներ է ունեցել և ամբողջական պատկերը պարզ դառնալուց հետո պատշաճ նաև ընթացքը լուծենք ընդհուպ կարգապահական կամ քրեաիրավական գնահատականների»:
Կառավարությունը էլցանցերի սեփականատեր «Տաշիր» ընկերությանը նաև հաճախակի հոսանքազրկումների համար մեղադրելով՝ ՀԷՑ-ը պետականացնելու գործընթաց սկսեց: Էրեբունու բնակիչները գոնե վերջին երեք օրերին դեռ բարելավում չեն նկատել: