Մատչելիության հղումներ

Իրանն ամենաշահագրգռված և պատրաստ սուբյեկտն է, որ կարող է էական քայլեր անել ռեգիոնալ կայունության համար. քաղաքագետ


«Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը ձեռնտու չէ ոչ մի երկրի»

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը: Անդրադարձել են հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգին և զարգացման հեռանկարներին», - ասված է Հայաստանի անվտանգության խորհրդի հաղորդագրության մեջ։

ԱԽ-ն երեկ այսքանն է հաղորդել, հանդիպումից այլ մանրամասներ չկան։ Իրանական կողմը, իր հերթին, հայտնում է, որ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կիրակի առավոտյան է ժամանել Թեհրան, և հանդիպման ընթացքում Շամխանին ընդգծել է, որ «կովկասյան տարածաշրջանում լարվածությունը ձեռնտու չէ ոչ մի երկրի»։

«Ցանկացած աշխարհագրական փոփոխություն Հարավային Կովկասում կհանգեցնի լարվածության, որից կօգտվեն տարածաշրջանի անվտանգության և կայունության թշնամիները», - ասել է իրանցի պաշտոնյան՝ ավելացնելով, որ կոշտ մոտեցումները պետք է փոխարինվեն երկխոսությամբ ու շփումներով, և հույս է հայտնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը կկարողանան զուսպ գտնվել և կառավարել ճգնաժամը։

Իրանական ուղղությունը Հայաստանի համար թերևս ամենապահանջվածներից մեկն է. Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը նկատում է, որ վերջին շրջանում Հայաստանն ավելի ինտենսիվ շփումներ ունի միջազգային դերակատարների, այդ թվում՝ Իրանի հետ։

«Իրանական ուղղությունը Հայաստանի համար թերևս ամենապահանջված ուղղություններից մեկն է՝ հաշվի առնելով ռեգիոնալ անվտանգության համակարգում Թեհրանի կարևորությունը, և միևնույն ժամանակ նաև կարևորություն է ոչ միայն ինքնին, այլ նաև այն դիրքորոշումների համահունչ լինելու առնչությամբ, որ Իրանն ունի ռեգիոնալ սահմանների անձեռնմխելիության հարցում», - ասաց նա։

Վերջին շաբաթներին պաշտոնական Երևանը մի քանի անգամ բարձրաձայնել է Բաքվի հնարավոր նպատակների ու էսկալացիայի վտանգի մասին, մյուս կողմից՝ լարված են Ադբրեջանի և Իրանի հարաբերությունները, երկու մայրաքաղաքները մեղադրանքներ են փոխանակում, Բաքուն արտաքսել է Իրանի դեսպանատան չորս աշխատակիցների ու հայտարարել է, թե իրենց երկրում բացահայտել են իրանական ընդհատակյա գործակալական ցանցեր, ձերբակալել են Իրան այցելած տասնյակ ադրբեջանցի շիա հավատացյալների։ Թեհրանն, իր հերթին, քննադատում է Բաքվի «սիոնիստական ռեժիմի հետ հակաիրանական համագործակցությունը», խոսքը Իսրայելի հետ Ադրբեջանի ջերմացող հարաբերությունների մասին է։

Այս ֆոնին քաղաքական մեկնաբանի կարծքով՝ Հայաստանը պետք է մեծ աշխատանք տանի անվտանգային ռիսկերը կառավարելու առումով. - «Իրանը այն հիմնական դերակատարներից մեկն է, որի հետ աշխատանքը պետք է ինտենսիվ լինի, սերտ լինի, որովհետև գործնական առումով ամենաշահագրգռված և ամենապատրաստ սուբյեկտը, որը կարող է էական քայլեր անել ռեգիոնալ կայունությունը ապահովելու համար, Իրանն է շատ հասկանալի պատճառներով, այսինքն՝ այդ քայլերն արվելու են ոչ թե հանուն Հայաստանի կամ հանուն Հայաստանի սահմանների, այլ հանուն Իրանի անվտանգության, և այստեղ մենք ունենք ընդհանուր շատ մոտեցումներ և շահեր, որոնք պետք է փորձեն օգտագործել»։

Արմեն Գրիգորյանը «խնդրել է ավելի խորացնել և ընդլայնել հարաբերություններն ու համագործակցությունը»

Ըստ իրանական IRNA գործակալության հաղորդագրության՝ Հայաստանի ԱԽ քարտուղարը «խնդրել է ավելի խորացնել և ընդլայնել հարաբերություններն ու համագործակցությունը Իրանի հետ», ինչը, նրա խոսքով, Հայաստանի կառավարության և ժողովրդի համար առաջնահերթություն է, ինչպես նաև Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ Իրանը կարևոր դեր է խաղում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման գործում։

«Այս հանգամանքը, իհարկե, կարող է վկայել այն մասին, որ Երևանը բավական կոնկրետ առաջարկներով է իրանական ուղղությամբ աշխատանքի այս դրվագը պատրաստել, և կոնկրետ առաջարկների բնույթն ինչպիսին է, իհարկե կարող ենք շատ տարբեր դատողություններ անել, բայց էլի գամ հենց այն մտքին, որ Իրանն այն սուբյեկտն է, որի հետ աշխատանքում գործնական էֆեկտի հավանականությունը ամենաբարձրն է», - շեշտեց Հակոբ Բադալյանը

Մոտ երեք շաբաթ առաջ Հայաստանում էր Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին, որը կրկին խոսեց «տարածաշրջանում խաղաղության ապահովման անհրաժեշտության մասին» և ընդգծեց Իրանի դերը որպես «հաստատուն գործընկեր խաղաղության և անվտանգության գործում»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG