Մատչելիության հղումներ

«Դարը փոխվեց». եզդիական համայնքում կարծրատիպեր են կոտրվել


Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղում՝ «ինչպե՞ս ես» հարցին պատասխանում են՝ «լավ ենք, միայն թե կռիվ չլինի»։

Գարնանն անգամ -10 աստիճան ցրտին բոլորն իրենց գործին են։ Այստեղ մեծամասամբ եզդիներ են։ Գյուղում շատերը հրաժարվում են հարցազրույցից։ Հոգևոր առաջնորդի՝ շեյխի տունն են ցույց տալիս։

Եզդիական համայնքում շեյխն արտոնություններ ունի. տոներին, մահվան կամ ծննդյան արարողություններին համագյուղացիները նրանց առատ նվիրատվություններ են անում, մաս հանում իրենց ունեցածից։

Մեր այցելության օրն Ալագյազում ու հարևան գյուղերում հոգևոր առաջնորդները կա՛մ հրաժարվեցին խոսել, թե՝ պատրաստ չեն, կա՛մ էլ հեռու էին՝ գյուղից դուրս։ Տան մյուս անդամներին արգելված է շեյխից առաջ ընկնել ու խոսել տեսախցիկի առաջ։

Ալագյազցի Ալոյանների ընտանիքում ասում են՝ վերջին տասնամյակներում արտասահման գնալ-գալը եզդիական համայնքում որոշ կարծրատիպեր կոտրել է, շատ սահմանափակումներ՝ վերացրել։

«Առաջադիմել են, սաղ էլ առաջ են գնում։ Ուզում են երեխաները սովորեն, առաջադիմեն։ Ավանդույթներ կան, որ չես կարող մոռանալ, մոռանալ չի լինի», - ասաց Զարինե Ալոյանը։

Զարինե Ալոյան
Զարինե Ալոյան

Նա հիշում է՝ դեռ անցյալ դարի 60-ականներին իր հորաքույրը հայ տղամարդու էր սիրել, հարս գնացել։ Դա աններելի էր հարազատների համար։ Հիմա արդեն շատ բան է փոխվել։

«Դարը փոխվել է արդեն, ով ումը սիրում է, առնում է, ճիշտ է, մի քիչ դժվարությամբ, բայց ինչ արած։ Հիմա գիտե՞ս ինչ են ասում, ասում են՝ «տղեն ումը սիրում է, թող առնի, մենակ ամուսնանա»։ Հենա Ռուսաստանում եզդին ցիգան ա առել, ռուս ա առել, շատ կան», - ասաց Զարինե Ալոյանը։

Ուսման հարցում էլ մտածողությունն ուրիշ է։ Նաև աղջիկներից շատերը կրթություն են ստանում, բուհ ավարտում, լավ գործի անցնում։ Բայց միևնույնն է՝ իրենց երիտասարդ աղջիկներին Երևան ուղարկելու մտքի հետ մեծամասամբ անհաշտ են։

Յուրիկ Ալոյանն ասում է՝ գյուղում մեծացած իրենց աղջիկներին մայրաքաղաք ուսման չի տա՝ անհնար է։

Յուրիկ Ալոյան
Յուրիկ Ալոյան

«Միայնակ ապրի՞, չէ։ Գյուղի մեծացած էրեխե՞ն՝ դժվար, զարմանում եմ՝ աղջիկ երեխան կարա՞։ Խելացի են, լավ կդրսևորեն, բայց, մի քիչ դժվարություն է էլի՝ գյուղից մեծացած աղջիկ, միամիտ, էթա քաղա՞ք։ Դժվար է, քաղաքի ծանոթ չի։ Տղա չի, օրինակ, ես մենակ գնացել եմ, սովորել եմ», - ասաց Յուրիկ Ալոյանը։

Բայց հագուկապի, կենցաղի ու ավանդույթների պարտադրանքներից կարողանում են հրաժարվել։

Զարինե Ալոյանն ասում է՝ ոչխարի բրդից կարված անկողինները, որ նախկինում պարտադիր էր տանն ունենալ հատուկ հյուրերի համար՝ անգամ իբրև սուրբ անկյուն, էլ չունեն։ Միայն հոգևոր առաջնորդների տներում կհանդիպես։

Տարազ կրելու պահանջին էլ գյուղում այլևս հետևող չկա։ Ալագյազցի Զարինեն անգամ ափսոսանքով է նշում, թե գոնե մի օրինակ տանը չեն պահել։

Ալագյազ խոշորացված համայնքում 10 գյուղ է միավորվել՝ մոտ 5 հազար բնակիչներով։ Բոլոր գյուղերն էլ հիմնականում եզդիաբնակ են։ Այստեղ չաշխատող մարդ գրեթե չես գտնի։ Մի քանի տարի առաջվա համեմատ տներն ավելի բարեկարգ են, վերանորոգված։ Փողոցները, սակայն, դեռ ցեխի մեջ կորած են, քայլելու համար՝ անհարմար։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG