Մատչելիության հղումներ

Դատախազության հավաստմամբ՝ եզդի ակտիվիստի իրավունքները խախտված լինելու մասին պնդումներն անհիմն են


Եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանը զրուցում է «Ազատության» հետ, 2-ը օգոստոսի, 2021թ.
Եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանը զրուցում է «Ազատության» հետ, 2-ը օգոստոսի, 2021թ.

Եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի արդար դատաքննության և դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները խախտված լինելու մասին պնդումները հիմնավոր չեն: Այս մասին հայտարարում է Հայաստանի դատախազությունը «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մասին այսօր տարածած պարզաբանման մեջ:

Նշելով, որ վերջին շրջանում Հայաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մասնագիտացած միջազգային հեղինակավոր կազմակերպություններ հրապարակային հայտարարություններ են անում Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ քրեական հետապնդման անհիմն լինելու, այդ կերպ Հայաստանում խոսքի ազատությունը սահմանափակելու կամ իրավապաշտպան գործունեությանը միջամտելու վերաբերյալ, Դատախազությունը վստահեցնում է, որ դրանք հիմնված են միայն քրեական գործի հարուցման պատճառ հանդիսացող հայտարարություններից «խիստ հատվածական, ընտրողաբար և մտքի ամբողջականությունը խեղաթյուրող մեջբերումներով Սաշիկ Սուլթանյանի արած մեկնաբանությունների վրա»:

Ապա Դատախազությունը մանրամասնում է.

«Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով կատարված քննությամբ ձեռք են բերվել բավարար ապացույցներ այն մասին, որ «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ս. Սուլթանյանը, 2020թ. մայիսին Իրաքի Հանրապետությունում գործող «yezidinews.com» կայքին տված, և նույն թվականի հունիսի 8-ին կայքի կողմից հրապարակված հարցազրույցով կատարել է հայերի և ՀՀ-ում իրենց ուրույն ազգային ու էթնիկ ինքնությունն ունեցող, ազգային փոքրամասնություն հանդիսացող եզդիների միջև ազգային թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ:

Մասնավորապես, Ս. Սուլթանյանը կայքին տված հարցազրույցում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել այն մասին, որ ՀՀ տարածքում եզդիների իրավունքներն պաշտպանված չեն, հայերի կողմից եզդիներն ընդունվում են որպես հետամնաց ազգ, հայերը ծաղրում են եզդիներին և խտրական վերաբերմունք դրսևորում նրանց նկատմամբ, եզդիները Հայաստանում հնարավորություն չունեն սովորելու իրենց մայրենի լեզուն, ինչի պատճառով եզդիերենը մոռացվում է, հայերը եզդիներին իրենց մշակույթը զարգացնելու հնարավորություն չեն տալիս, Հայաստանում կառուցված եզդիական սրբատեղիում կրոնական ծեսեր չեն կատարվում, մշակութային միջոցառումներ չեն իրականացվում, հայերը խլում են եզդիների ունեցվածքը, բիզնեսները, տներն ու հողերը, եզդիների վիճակը գնալով վատացնում են, ասում են, որ եզդին ՀՀ-ում հող և հող ունենալու իրավունք չունի, ՀՀ-ն այս առումով ոչինչ չի ձեռնարկում եզդիների իրավունքները պաշտպանելու համար, անկախացումից ի վեր Հայաստանը եզդիներին զարգանալու հնարավորություն չի տվել, եզդիաբնակ գյուղերը հայաբնակ գյուղերի համեմատ գտնվում են անբարեկարգ վիճակում, 1990-ական թվականներին ՀՀ-ում սկսվել է շովինիստական շարժում, որի ընթացքում հայերն ասել են, թե միայն իրենք պետք է բնակվեն Հայաստանում, շատ եզդիների հայերը գնդակահարել են, շատերին՝ վտարել իրենց տներից, եզդիները տևական ժամանակ ապրել են վախի մթնոլորտում: Սաշիկ Սուլթանյանը հարցազրույցում հայտարարել է նաև, որ պետական համակարգում եզդիներն առաջխաղացման հնարավորություն չունեն, նրանք զբաղեցնում են ստորին օղակի պաշտոններ: Բացի այդ՝ ՀՀ-ում չկա մի այնպիսի գյուղ, որտեղ հայերն ու եզդիները միասին բնակվեն, և համայնքի ղեկավարն ազգությամբ եզդի լինի, իսկ երբ 1990-ական թվականներին նմանատիպ գյուղերից մեկում մի եզդի առաջադրվել է որպես համայնքի ղեկավարի թեկնածու, նրա տան վրա կրակել են: Սաշիկ Սուլթանյանը լրատվամիջոցով հայտարարել է նաև, որ նկարագրվածի արդյունքում եզդիներն իրենց ապագան ՀՀ-ում չեն տեսնում, Հայաստանն իրենցը չեն համարում և արտագաղթում են ՀՀ-ից, գյուղերում միայն մեծահասակ եզդիներն են մնացել, իսկ 50 տարի անց ՀՀ-ում այլևս եզդիներ չեն բնակվի»:

Այսինքն, եզրակացնում է Դատախազությունը, «Սուլթանյանը Հայաստանի Հանրապետությունը օտարերկրյա լրատվամիջոցով ներկայացրել է որպես քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և հանրային կյանքի այլ բնագավառներում ազգային խտրականություն դրսևորող պետություն, որն, իբր, արտահայտվել է հայերի կողմից եզդիների իրավունքների և ազատությունների՝ ազգությամբ պայմանավորված կոպտագույն խախտումներով և սահմանափակումներով»:

Նշված արարքները կատարելու համար Սուլթանյանին 2021 թվականի մայիսի 20-ին առաջադրվել է մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` «ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը, որը կատարվել է հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով»: Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և օգոստոսի 2-ին քրեական գործի հետ ուղարկել դատարան՝ ըստ էության քննելու նպատակով:

«Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հանգամանքը որևէ պարագայում չի կարող մեկնաբանվել որպես խոսքի ազատության սահմանափակում կամ միջամտություն իրավապաշտպան գործունեությանը», - ընդգծում է Դատախազությունը՝ հավաստիացնելով, որ «հանրությունը, բոլոր շահագրգիռ շրջանակները հնարավորություն ունեն բաց, հրապարակային դատաքննության միջոցով լիարժեք կարծիք կազմել մեղադրանքի հիմնավորվածության և քրեական գործի հանգամանքների մասին»:


XS
SM
MD
LG