Մատչելիության հղումներ

8 տարի է՝ եզդի մայրերը սպասում են իրենց կորած զավակներին


2014-ին «Դաեշ» խմբավորման կողմից հարձակման ենթարկված բազմաթիվ եզդի փախստականներ բնակվում են իրաքյան Քուրդիստանի ճամբարներում։ Սուլեյմանիա քաղաքի մոտակայքում գտնվող ճամբարը ապաստան է հանդիսանում հազարավոր եզդիների համար, որոնք չեն կարողացել վերադառնալ Իրաքի Նինվե նահանգի Սինջար շրջանում գտնվող իրենց տները։

Իրաքում «Դաեշ» ահաբեկչական խմբավորման ջախջախումից շուրջ երեք տարի անց այս եզդիները դեռ ապրում են ճամբարներում։ Նրանցից շատերը դեռ սպասում են 2014 թվականին խմբավորման կողմից առևանգված իրենց սիրելիներին։

«Երբ ԻՊ-ը հարձակվեց, այրեցին երեխաների, մարդիկ մահացան։ Մենք երբեք չենք մոռանա։ Մենք տեսանք, որ նրանք երեխաների էին առևանգում, բայց ոչինչ չէին կարող անել», - պատմում է եզդի փախստական Նաֆյա Շվան:

Նրանք, ովքեր հաջողացրել են փախչել «Դաեշից», այժմ բախվում են ճամբարներում ապրելու դժվարությունների հետ:

«Ես կորցրել եմ քրոջս և մորս, կորցրել եմ նաև զարմիկներիս։ Մենք տարիներ շարունակ չենք տեսել մեր ընտանիքներին և չգիտենք ինչ անել», - հավելում է Նաֆյա Շվանը:

Իրաքում առևանգված եզդիների գրասենյակի տվյալներով՝ 2760 եզդի կանայք և երեխաներ դեռ անհետ կորած են համարվում։ Ֆանի Սլեմանը բազմաթիվ անհայտ կորած եզդի երեխաներից մեկի մայրն է: Պատմում է, որ ոչ մի տեղեկություն չունի իր 25-ամյա դստեր՝ Էյդայից և ընտանիքի մյուս վեց անդամներից, որոնց «Դաեշը» առևանգել էր Սինջարի շրջանից 2014-ին:

«Դա սև օր էր ոչ միայն իմ՝ այլ բոլոր եզդիների համար: Բազմաթիվ եզդիներ կորցրել են իրենց աղջիկներին և նրանք դեռ անհայտ կորած են համարվում։ Ընտանիքիս յոթ անդամները, այդ թվում՝ աղջիկս ու հայրս, դեռևս անհայտ կորած են, և ոչ ոք մեզ չի օգնում։ Մոսուլից փախուստի դիմելուց հետո մենք նրանց մասին լուր չունենք», - ասում է իր դստերը կորցրած Ֆանի Սլեման:

Ավերածությունների ու անապահովության պատճառով մեծ թվով եզդիներ չեն կարողանում վերադառնալ իրենց տները:

«Ութ տարի է, ինչ ապրում ենք այդ վրանների տակ։ Հիվանդությունը տարածվել է. մեզ հետ տեղի է ունեցել ամենավատը։ Մենք կորցրինք մեր տունը, մեր ապրուստը, մեր պատիվը», - ասում է փախստական Շվան Միշկոն։

«Դաեշը» 2014-ի օգոստոսի 3-ին էր հարձակվել Իրաքի եզդիական համայնքի վրա՝ սպանել և առևանգել հազարավոր մարդկանց: Ըստ հարձակումները հետաքննող ՄԱԿ-ի ներկայացուցիչների՝ գոյություն ունեցող հստակ և համոզիչ ապացույցները հիմք են տալիս հաստատելու, որ Իսլամական պետության կողմից եզդի ժողովրդի համակարգված ոչնչացումը ցեղասպանություն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG