Մատչելիության հղումներ

Կրեմլում դեռ չեն հստակեցնում՝ Պուտինը ապրիլին կմեկնի Թուրքիա, թե ոչ


Կրեմլն առայժմ հստակ պատասխան չի տալիս՝ արդյո՞ք Ռուսաստանի նախագահը կմեկնի Թուրքիա՝ «Ակկույու» ատոմակայանի առաջին էներգաբլոկում միջուկային վառելիքի ներբեռնման արարողությանը մասնակցելու համար։

«Այդ արարողությանը նախագահի մասնակցության ձևաչափի վերաբերյալ հստակ որոշումներ դեռ չեն կայացվել», - ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Պուտինի հնարավոր այցի մասին երեկ երեկոյան թուրքական АТV հեռուստաընկերության եթերում հայտարարել էր Ռեջեպ Թայիփ Էրդողանը։

«Ակկույու» ատոմակայանի շինարարությանը նախագիծը հաջողությամբ կյանքի է կոչվում։ Չի բացառվում, որ պարոն Պուտինը ապրիլի 27-ին ժամանի Թուրքիա՝ «Ակկույու» ատոմակայանում կազմակերպվող արարողությանը մասնակցելու համար։ Հնարավոր է նաև, որ մենք այդ արարողությանը մասնակցենք առցանց ձևաչափով», - հայտարարում էր Էրդողանը։

Թուրքական Մերսին քաղաքից ոչ հեռու գտնվող ատոմակայանի շինարարությամբ զբաղվում է ռուսական պետական «Ռոսատոմ» ընկերությունը։ 2010 թվականին երկու երկրների միջև կնքված պայմանագրի համաձայն՝ շինարարության ավարտից հետո ևս «Ռոսատոմը» Թուրքիայից չի հեռանա՝ մնալով «Ակկույու» ատոմակայանի սեփականատերն ու շահագործողը։

Ռուս մասնագետների կողմից առաջին էներգաբլոկում միջուկային վառելիքի ներբեռնման արարողությունից հետո «Ակկույուն» պաշտոնապես կգրանցվի որպես միջուկային օբյեկտ՝ առաջինը Թուրքիայի պատմության մեջ։ Թուրքական ընդդիմադիր շրջանակներում, սակայն, չեն կասկածում՝ նախագահ Էրդողանը «Ակկույուի» ամբողջական շահագործման ճանապարհին արված այս կարևորագույն քայլը ծառայեցնելու է նախևառաջ նախընտրական խնդիրների լուծմանը, և այն, որ առաջին էներգաբլոկում միջուկային վառելիքի ներբեռնումը տեղի է ունենալու համապետական ընտրություններից ընդամենը 17 oր առաջ, պատահական չէ։

«Փետրվարի վեցի երկրաշարժից և դրան իշխանությունների ոչ այնքան համարժեք արձագանքից հետո Էրդողանին վարկանիշը բարձրացնող հաջողության պատմություններ են հարկավոր», - համոզված են թուրք ընդդիմադիրները։

Վարկանիշի հետ կապված Էրդողանը լուրջ խնդիրներ ունի։ Վերջին երեք շաբաթներին՝ Թուրքիայում անցկացված 9 սոցհարցումներից միայն մեկի համաձայն է, որ Էրդողանը հաղթում է միասնական ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլույին։ 9 հետազոտություններից չորսն էլ վկայում են, որ Էրդողանը կարող է պարտվել հենց առաջին փուլում։ Ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլույի քարոզարշավը, սակայն, ևս առանձնապես հարթ չի ընթանում։ Այս պահին նրա գլխավոր խնդիրը ընտրություններին մասնակցող մյուս երկու ընդդիմադիր թեկնածուներն են՝ նախևառաջ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն։ Թեև այս գործչի վարկանիշը, ըստ սոցիոլոգների ամենալավատեսական գնահատականների, տատանվում է 3-ից 5 տոկոսի միջակայքում, այնուհանդերձ, վեց կուսակցությունների կազմված ընդդիմադիր դաշինքում լուրջ մտավախություններ կան, որ սրանք հենց այն տոկոսներն են լինելու, որ կարող են Քըլըչդարօղլույին չբավարարել առաջին փուլում հաղթանակի համար։ Երեկ ընդդիմադիրները Ինջեին իրենց կողմը գրավելու կամ նախընտրական պայքարից դուրս բերելու հերթական փորձը ձեռնարկեցին՝ կրկին անհաջող։

«Մենք՝ որպես «Հայրենիք» կուսակցության անդամներ, համոզված ենք՝ քաղաքականության մեջ դաշինքները անհրաժեշտ են։ Դրանք, սակայն, պետք է հիմնված լինեն սկզբունքների, այլ ոչ թե շահերի վրա։ Մենք չենք կարող քննարկումների մեջ մտնել ահաբեկչական կառույցների հետ կապեր ունեցող ուժերի հետ», - ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլույի հետ երեկ Անկարայում կայացած բանակցություններից հետո հայտարարում էր Ինջեն՝ անկարկելով, որ քրդերի շահերը ներկայացնող Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության և ընդդիմադիր դաշինքի միջև շփումներն իր համար անընդունելի են։

Դրա հետ մեկտեղ Ինջեն պնդում էր, թե իր նպատակը նույնն է, ինչ միասնական ընդդիմությանը՝ իշխանությունից հեռացնել Ռեջեպ Թայիփ Էրդողանին։

XS
SM
MD
LG