Մատչելիության հղումներ

Ըստ Դանիել Իոաննիսյանի՝ ՏԻՄ օրենքը, Ընտրական օրենսգիրքն ու Երևանի մասին օրենքն իրարամերժ կարգավորումներ ունեն


Երևանի քաղաքապետի՝ մարտի 17-ի հրաժարականից հետո, ավագանին հաջորդ երեքշաբթի քաղաքապետի արտահերթ ընտրություն կանցկացնի։

Ավագանու խմբակցությունները կարող են իրենց կազմից քաղաքապետի թեկնածուների առաջադրել։ Բայց ամենամեծ խմբակցությունը՝ իշխող «Իմ քայլը» չի մասնակցի այդ նիստին, որովհետև իրենց թեկնածուն փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է, որն ավագանու անդամ չէ, իսկ օրենքը պարտադրում է, որ թեկնածուն ավագանու անդամ լինի։ «Լույս» խմբակցությունը չի պատրաստվում թեկնածու առաջադրել, իսկ «Բարգավաճ Հայաստանը» չի հստակեցրել։

Եթե այս պատկերը լիներ որևէ այլ մարզում, ապա կառավարությունը կարող էր ցրել ավագանին։ Դա է ենթադրում Ընտրական օրենսգիրքն ու տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքը, բայց Երևանի մասին օրենքում այդ կետը բացակայում է։

Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը սա օրենքի բաց է համարում, որից այս պարագայում Երևանի ավագանու իշխող թիմն օգտվում է:

«Հայաստանի բոլոր համայնքներում դա այդպես չի, բոլոր համայնքներում, անկախ նրանից, թե ինչու է քաղաքապետի պաշտոնը թափուր, եթե 2-շաբաթյա ժամկետում չի ընտրվում, նշանակում են արտահերթ ընտրություններ, նույնը նաև վերաբերում է Ազգային ժողովին և վարչապետին, բայց ըստ էության, տառացի կարդալու դեպքում չի վերաբերում Երևանին: Ըստ էության, Երևանում տեղական ինքնակառավարման մասին օրենքի մեջ բաց կա», - ասաց իրավապաշտպանը:

Ըստ Իոաննիսյանի՝ ՏԻՄ օրենքը, Ընտրական օրենսգիրքն ու Երևանի մասին օրենքն իրարամերժ կարգավորումներ ունեն ավագանու կողմից արտահերթ կարգով համայնքի ղեկավար չընտրելու դեպքում ավագանին ցրելու հարցում:

Արմեն Գալջյանը դա ոչ թե օրենքի բաց, այլ առավելություն է համարում

Այն, որ կառավարությունը բոլոր մարզերում պարտավոր է ցրել ավագանին առաջին նիստում համայնքի ղեկավար չընտրելու պարագայում, բայց Երևանի դեպքում օրենքը թույլ է տալիս, որ դա չարվի՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ոչ թե օրենքի բաց, այլ առավելություն է համարում:

«Օրենքի բաց նայած ինչն ենք համարում բաց, միգուցե դա բաց չի և առավելություն է, այսինքն, քաղաքային կառավարման տեսանկյունից միգուցե դա ավելի բարենպաստ է, քան հակառակը», - ընդգծեց Գալջյանը:

«Արդյո՞ք Երևանի ՏԻՄ ընտրությունների դեպքում օրենքը տարընթերցումների տեղիք է տալիս», - հետաքրքրվեցինք ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանից, պատասխանը խուսափողական էր:

«Լիազորությունը վերապահել է կառավարությունը կոնկրետ սահմանելու կոնկրետ դեպքերը ու այստեղ մնացած գնահատականները, օրինակ, այս մի արտահերթ ընտրությունները այս մի քաղաքական ուժին են ձեռնտու, դրանք քաղաքական գնահատականներ են: Ես այդ տիրույթ չեմ մտնի», - պատասխանեց Հովակիմյանը:

ԿԸՀ-ն պատրաստվո՞ւմ է հանդես գալ փոփոխությունների առաջարկություններով

Ընտրությունները կազմակերպող մարմնի ղեկավարին նաև հարցրեցինք՝ անգամ ավագանու իշխող ուժն է ընդունում, որ օրենքը տարընթերցումների տեղիք է տալիս, փորձագետներն էլ դա բաց են համարում, այս դեպքում ԿԸՀ-ն պատրաստվո՞ւմ է հանդես գալ փոփոխությունների առաջարկություններով։ Հովակիմյանն արձագանքեց՝ Ընտրական օրենսգիրքը բարեփոխումների կարիք ունի, ինքն էլ նախ որպես ԱԺ պատգամավոր, հետո արդեն որպես ԿՀԸ նախագահ մասնակցել է նման քննարկումների, բայց այդպես էլ չհստակեցրեց՝ հիմա օրենքում բաց կա՞:

«Այո, առաջարկներ կան բարելավել ՏԻՄ օրենքը, Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի հետ կապված բարեփոխումների անհրաժեշտություն կա, Ընտրական օրենսգրքի հետ կապված բարեփոխումների անհրաժեշտություն կա, բայց կրկնում եմ, ես որպես ԿԸՀ նախագահ կոնկրետ իրավիճակում, բացի առկայության կամ չառկայության մասին, խնդրում եմ, ինձանից պատասխան չակնկալել», - նշեց նա:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականից հետո, ավագանու իշխող՝ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրեց քաղաքապետի իրենց թեկնածուին, Հրաչյա Սարգսյանին, որն ավագանու կողմից ընտրվեց։ Իսկ անցած ամիս Սարգսյանի հրաժարականից հետո իշխող թիմն այլևս թեկնածու չառաջադրեց, քաղաքապետին սկսեց փոխարինել առաջին փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։

ԿԸՀ ղեկավարից հետաքրքրվեցինք, օրենքում նշված է, որ այս կարգը գործում է այն դեպքում, երբ քաղաքապետը բացակայում է, բայց այս պարագայում վաղաժամ հրաժարական է եղել, ինչո՞ւ թեկնածուներ չառաջադրվեցին։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ասաց՝ Հայկ Մարությանին ավագանին անվստահություն էր հայտնել, սա է տարբերությունը։

«Անվստահություն հայտնելու դեպքում ավագանիները այդ փաստաթղթում միևնույն ժամանակ առաջադրում են քաղաքապետի իրենց թեկնածուն և անվստահության քննարկումն, ըստ էության, վերածվում է նոր քաղաքապետի թեկնածության քննարկման, և երբ որ քվեարկությամբ նոր քաղաքապետն ընտրվում է, ստացվում է, որ նախորդներին անվստահություն հայտնեցին, իսկ այս դեպքում քաղաքապետը հրաժարական է տվել և արդեն տեղական ինքնակառավարման մասին օրենքով արդեն իրավունքի ուժով առաջին տեղակալը պաշտոնակատար է, վերջ», - ասաց Հովակիմյանը:

Երևանի հերթական ընտրությունները նախատեսված է անցկացնել այս աշնանը, ու թեև մի քանի ամիս է մնացել, բայց իշխող թիմը չի բացառում նաև արտահերթի տարբերակը։

XS
SM
MD
LG