Մատչելիության հղումներ

«Իմ քայլը» «քաղաքական ճգնաժամը լուծելու համար է» Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու գործընթաց սկսել


Երևանի ավագանու իշխող խմբակցությունը քաղաքական ճգնաժամը լուծելու համար է քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու գործընթաց սկսել, երեկ ուշ երեկոյան վարչապետի հետ շուրջ երկու ժամ ձգված հանդիպումից հետո հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։ Բայց թե ինչպես է դրսևորվել այդ ճգնաժամը, ավագանու անդամը այդպես էլ չբացատրեց:

«Կա քաղաքական ճգնաժամ, կան քաղաքական ուղենիշի տարբերություններ և արդեն հայտնի է, որ պարոն Մարությանը դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ նախորդ տարի նոյեմբեր, թե դեկտեմբեր ամիսներին, դրանից հետո սկսվել է քաղաքական ճգնաժամ։ Մենք մոտավորապես մեկ տարի փորձել ենք համագործակցության եզրեր փնտրել, բայց, ցավոք սրտի, չի հաջողվել։ Միգուցե քաղաքացիներն այդ ճգնաժամը չեն նկատել, բայց խորքային՝ թե՛ կառավարության հետ փոխհարաբերություններում, տարբեր աշխտանքային հարցերում, թե՛ Երևանի ավագանու հետ հարաբերություններում դա բազմաթիվ անգամ արտահայտվել է ուղղակի մենք դա հրապարակային չենք դարձրել», - ասաց Գալջյանը։

Հանդիպումից հետո «Ազատության» հարցը, թե ինչո՞ւ եք ցանկանում հեռացնել Հայկ Մարությանին, անպատասխան թողեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավագանու մյուս անդամները ևս խուսափեցին պատասխանել լրագրողների հարցերին ու մեկնաբանել, թե Մարությանի այդ ո՞ր թերացումն է իրենց ստիպել նրան անվստահություն հայտնել։

Ավելի ուշ տարածվեց «Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը, թե 2018-ի Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» ընտրական ցուցակը գլխավորած Մարությանը մեկ տարի առաջ լքել է կուսակցությունը և դրանից հետո ծավալված «Հայաստանի ժողովրդավարության համար որոշիչ քաղաքական իրադարձությունների ժամանակ իր գործողություններով վերահաստատել է, որ կուսակցության և ավագանու իշխող խմբակցության հետ որևէ քաղաքական պատասխանատվություն չի կիսում»։

Թեև վերջին տարիներին լուծվել է Երևանի աղբահանության, հնամաշ վերելակների, որոշ չափով նաև տրանսպորտի հարցը, իշխող խմբակցությունը նաև հայտարարում է, որ Մարությանը բավարար արդյունավետությամբ չի իրականացրել և չի իրականացնում «Իմ քայլը» դաշինքի՝ նախընտրական ծրագրով ամրագրված պարտավորությունները, ինչպես նաև չի հաջողել Երևանի քաղաքապետարանից համակարգային կոռուպցիան վերացնելու գործում։

Տեղեկացնելով, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրում է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը, «Իմ քայլը» խմբակցությունը Հայկ Մարությանին շնորհակալություն է հայտնում համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթում նրան «իր նոր քաղաքական հանգրվանում»։

«Որևէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն և մտադրություն չունեմ»

Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացից օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» «Հայկ Մարությանին «հեղափոխությունից շեղած» գեներալները» վերնագրով հոդված էր հրապարակել՝ նշելով, թե քաղաքապետը փոխել է ճամբարը, անգամ հանդիպում ունեցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

Մարությանի խոսնակն՝ արձագանքելով՝ ֆեյսբուքյան իր էջում գրել էր՝ «Հայկ Մարությանը Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ կերպ չի առնչվել, նրա հետ երբեք չի հանդիպել»։

Երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց նաև քաղաքապետը՝ շեշտելով․ - «Որպեսզի ձեզ չփորձեն մոլորեցնել, երեք կարևոր բան ունեմ ասելու այս պահին. Ռոբերտ Քոչարյանի հետ երբևէ որևէ պայմաններում չեմ հանդիպել, անգամ պատահաբար: Եթե գործից դուրս հանդիպումների ժամանակ ունենայի, կհանդիպեի երեխաներիս հետ։ Որևէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն և մտադրություն չունեմ»:

Համաձայն օրենքի`քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծը ներկայացնելուց հետո` երրորդ աշխատանքային օրը հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը:

Քաղաքապետին անվստահություն է հայտնվում, եթե առաջադրված նոր թեկնածուն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը։

Գործող ավագանին 65 անդամ ունի, հետևաբար անհրաժեշտ է 33 ձայն, իշխող խմբակցությունն ավելին ունի։ Որոշման ընդունման դեպքում՝ գործող քաղաքապետը վայր է դնում իր լիազորությունները, իսկ նորընտիր քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է մեկշաբաթյա ժամկետում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG