Մատչելիության հղումներ

Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի երկու՝ նախկին և գործող պաշտոնյաներ


Այսօր ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանն ու ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը: Հակակոռուպցիոն կոմիտեից դեռ չեն մանրամասնում, թե նրանք ինչ քրեական գործի շրջանակում են ձերբակալվել։

Այս ձերբակալություններից հետո քաղաքապետարանի ու համայնքային աշխատակիցներին կոչով է դիմել փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը. - «Երևանի քաղաքապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեի վերջին գործողությունները ևս մեկ անգամ գալիս են հիշեցնելու, որ պետական, համայնքային և առհասարակ հարկատուների հաշվին պաշտոն զբաղեցնելն ինչքան պատվաբեր է, կրկնակի էլ պատասխանատվության բաժին է ենթադրում։ Չցանկանալով խախտել անմեղության կանխավարկածը, քննությունից ակնկալում եմ լրիվ և բազմակողմանի բացահայտում։ Սա է պահանջում Երևանի և երևանցու շահը։ Միևնույն ժամանակ, սթափության կոչ եմ անում քաղաքապետարանի և համայնքային կազմակերպությունների անխտիր բոլոր աշխատակիցներին՝ հորդորելով իրենց ջանքերը ծառայեցնել բացառապես մայրաքաղաքին»։

Քովիդի շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով շաբաթներ առաջ կալանավորվել էր Առողջապահության նախկին փոխնախարար, Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը։ Հակակոռուպցիոնից միայն հստակեցին, որ այսօրվա ձերբակալություններն այդ գործի շրջանակներում չեն։

Նախորդ շաբաթ հրաժարական տվեց Հայկ Մարությանի պաշտոնակությունից հետո Երևանի քաղաքապետ դարձած Հրաչյա Սարգսյանը։ 15 ամիս քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Հրաչյա Սարգսյանի հրաժարականի օրն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև այսօր ձերբակալված աշխատակազմի քարտուղար Սեյրան Մեջլումյանը։ Նրան այդ պաշտոնին հենց Հրաչյա Սարգսյանն էր նշանակել։ Մինչ այդ Մեջլումյանը քաղաքապետի օգնականն էր։

Հայտնի չէ նաև այսօրվա ձերբակալություններից առաջ կամ հետո արդյո՞ք հարցաքննվել է հրաժարական տված Հրաչյա Սարգսյանը։ Նա այսօր մեր գրավոր հարցերին չարձագանքեց, անպատասխան թողեց նաև հեռախոսազանգերը։ Հրաժարական ներկայացնելիս նա որևէ պատճառ չնշեց, իսկ ահա Սարգսյանի նախորդը՝ 2021-ի դեկտեմբերին պաշտոնանկ արված Հայկ Մարությանը հեռանալիս աղմկահարույց հայտարարութուններ էր արել՝ նշելով, թե իրեն կոռուպցիոն ռիսկեր պարունակող առաջարկներով են դիմել նաև տարբեր պաշտոնատար անձինք. - «Հետո սկսեցին տարատեսակ պաշտոնատար անձինք զանգել և իրենց մերձավորների համար արտոնություններ խնդրել։ Էս ծաղիկի բուդկեն էստեղ դնենք, էս շինթույլտվությունը տանք, էսքան հարկ ավելացնենք, հող ընդլայնենք և այլն։ Եվ բնականաբար, բոլոր դեպքերում ստացել են նույն պատասխանը՝ քանի ես էստեղ եմ, ամեն ինչ արվելու է օրինականության շրջանակներում, և բոլորը հավասար են օրենքի առաջ»։

Իրավապահները գնացել են Մարությանի այս հայտարարությունների հետքերով, բայց քրեական գործ հարուցելու հիմքեր չէին գտել։ Այս հայտարարություններից մեկ տարի անց, պետական վերահսկողական ծառայությունը Հայկ Մարությանի օրոք կատարված շուրջ 8,5 միլիարդ դրամի խախտում էր հայտնաբերել քաղաքապետարանում։ 3 տարուց ավելի Երևանը քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Մարությանի պաշտոնավարման օրոք արձանագրված ենթադրյալ չարաշահումներն ուղարկվել էին դատախազություն՝ ուսումնասիրության։ Առայժմ նորություն չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG