Մատչելիության հղումներ

Պեկինն ընդգծում է՝ միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի


Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրապարակած այս լուսանկարում պատկերված է զորավարժության ժամանակ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը, արխիվ
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրապարակած այս լուսանկարում պատկերված է զորավարժության ժամանակ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը, արխիվ

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը, մեկնաբանելով Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Մոսկվայի որոշումը, երեկ ասել է, որ միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի, իսկ ռուս - ուկրաինական հակամարտության կողմերին պետք է կենտրոնանալ դիվանագիտական ջանքերի վրա:

Չինաստանի ղեկավար Սի Ծինպինի՝ անցած շաբաթ Մոսկվա կատարած այցի ժամանակ ստորագրված հայտարարությունում երկու պետությունները կոչ էին արել բոլոր երկրներին միջուկային զենք չտեղադրել իրենց տարածքներից դուրս: Այցից մի քանի օր հետո սակայն՝ մարտի 25-ին, Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ մտադիր է Ալեքսանդր Լուկաշենկոյի խնդրանքով մարտավարական միջուկային զենք տեղակայել Բելառուսի տարածքում:

Պուտինի այս հայտարարությունից հետո Ուկրաինան պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ գումարել՝ ակնկալելով Անվտանգության խորհրդի մշտական անդամներ Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Միացյալ Նահանգների և Չինաստանի վճռական արձագանքը:

Ե՛վ Եվրամիությունը, և՛ ԱՄՆ-ը հայտարարել են, որ Մոսկվայի որոշումն անպատասխանատու է և սպառնում է Եվրոպայի անվտանգությանը: Բրյուսելը հայտարարել է նաև, թե ի պատասխան՝ պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, ինչ պատժամիջոցներ՝ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը չի նշել:

Ռուսաստանի նախագահը շաբաթ օրն ասել է, թե մինչև հուլիսի 1-ը պատրաստ են լինելու միջուկային զենքի պահեստները Բելառուսում:

Երեկ երեկոյան, այդուհանդերձ, Սպիտակ տունը հայտարարել է, թե Միացյալ Նահանգները չունի տվյալներ, որ Մոսկվան արդեն սկսել է միջուկային զենքի տեղափոխումը Բելառուսի տարածք:

«Այս հայտարարությունից հետո մենք չենք տեսել մարտավարական միջուկային զենքի որևէ տեղաշարժ կամ նման բան, և մենք, իհարկե, չենք տեսել որևէ նշան, որ պարոն Պուտինը որևէ որոշում է կայացրել օգտագործել զանգվածային ոչնչացման զենք, առավել ևս՝ միջուկային զենք Ուկրաինայում», - ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG