Մատչելիության հղումներ

Բելառուսում միջուկային զենք տեղակայելու որոշումը Արևմուտքն ընկալում է որպես սպառնալիք Եվրոպայի անվտանգությանը


Արևմուտքը հայտարարում է, թե Բելառուսում միջուկային զենք տեղակայելու մասին Մոսկվայի որոշումը սպառնում է Եվրոպայի անվտանգությանը: Լիտվան պահանջում է հավելյալ պատժամիջոցներ սահմանել Կրեմլի նկատմամբ: Մինչդեռ Մոսկվան շարունակում է պնդել, թե Ուկրաինայի դեմ պատերազմն արդարացված է:

«Ռուսաստանը կռվում է ռուսական պետականության համար», - այսօր կրկնել է երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: - «Մենք պայքարում ենք ոչ միայն անվտանգության, նոր տարածքներում ապրող ռուսների և ռուսալեզու բնակիչների կյանքի համար, ոչ միայն մեր անվտանգությանը սպառնացող վտանգները դադարեցնելու համար, որոնք ստեղծվում են հենց մեր սահմանների վրա։ Բայց մենք պայքարում ենք նաև ռուսական պետականության պաշտպանության համար»։

Ռուսական ուժերը այսօր կրկին ռմբակոծել են ուկրաինական բնակավայրերը։ Հրթիռակոծվել է Սլավյանսկ քաղաքը, կան զոհեր և տասնյակ վիրավորներ: Զուգահեռ սրվել է Եվրոպայի միջուկային անվտանգության հարցը, որը կրկին օրակարգ մտավ Բելառուսում տակտիկական միջուկային զենք տեղակայելու մասին Ռուսաստանի նախագահի վերջին հայտարարությունից հետո։

«Հուլիսի 1-ին ավարտում ենք միջուկային զենքի պահեստարանի կառուցումը Բելառուսի տարածքում։ Մենք Բելառուսին չեն փոխանցում միջուկային զենք, մենք այն պարզապես տեղակայում ենք Բելառուսի տարածքում, Ալեքսանդր Լուկաշենկոյի խնդրանքով։ Ճիշտ այնպես, ինչպես դա անում են Միացյալ Նահանգները, նրա դաշնակիցները։ Հենց այս մասին է խնդրել Ալեքսանդր Լուկաշենկոն», - ասել է Պուտինը։

Եվրամիությունը հայտարարում է, թե ի պատասխան պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել: ԵՄ արտգործնախարար Ժոզեպ Բորելի խոսքով, Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայումը կնշանակի «անպատասխանատու էսկալացիա և սպառնալիք եվրոպական անվտանգությանը»։

Կրեմլի խոսնակը շտապել է պատասխանել. - «Նման արձագանքը իհարկե չի կարող ազդել Ռուսաստանի պլանների վրա։ Նախագահը Պուտինը ամեն ինչ բացատրել է շաբաթ օրը տված հարցազրույցում։ Սրան ավելացնելու ոչինչ չկա»։

ՆԱՏՕ-ն նույնպես քննադատել է Բելառուսում միջուկային զենք տեղակայելու Մոսկվայի որոշումը՝ այն անվանելով վտանգավոր և անպատասխանատու: Միևնույն ժամանակ, Հյուսիսատլանտյան դաշինքը նշում է` առայժմ որևէ նշան չկա, որ Ռուսաստանը պատրաստվում է կիրառել միջուկային զենք:

Նույն կերպ են գնահատել իրավիճակը նաև Միացյալ Նահանգներում: Պետդեպարտամենտը և Պենտագոնը հայտարարել են, որ երկրի միջուկային ուժերը չեն բերվել բարձր պատրաստվածության: Ուկրաինան, սակայն, պահանջել է շտապ կարգով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել։

«Կիևը վճռական քայլեր է ակնկալում Անվտանգության խորհրդի մշտական անդամներից՝ Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից, ԱՄՆ-ից և Չինաստանից», - հայտարարել է երկրի արտգործնախարարությունը:

Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո Ռուսաստանի իշխանությունները բազմիցս ուղղակի կամ անուղղակի ակնարկել են, թե կարող են միջուկային զենք կիրառել։ Դեռևս անցած սեպտեմբերին Վլադիմիր Պուտինը ասել էր, որ պատրաստ է օգտագործել ձեռքի տակ եղած բոլոր միջոցները՝ եթե լինի սպառնալիք Ռուսաստանի տարածքային ամբողջականությանը։ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հունվարին հայտարարել էր, որ «միջուկային երկրի պարտությունը սովորական պատերազմում կարող է հրահրել միջուկային պատերազմ»: Իսկ մի քանի շաբաթ առաջ Պուտինը ստորագրեց օրենք, որով կասեցվում է Ռուսաստանի մասնակցությունը ԱՄՆ-ի հետ ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրին:

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի կարծիքով, Մոսկվան հասկանում է, որ տանուլ է տալիս Ուկրաինայի դեմ պատերազմը, այդ պատճառով է հավելյալ քայլեր է ձեռնարկում:

Ուկրաինան, իր հերթին, պատրաստվում է հակահարձակման։ Երբ և ռազմաճակատի որ հատվածում՝ չի հայտարարվում։

Ռուսներն փորձում առաջ գնալ Դոնեցկի և Լուգանսկի մարզերում

Մինչ այդ, ռուսներն փորձում առաջ գնալ Դոնեցկի և Լուգանսկի մարզերում։ Ավդեևկա քաղաքի իշխանությունները հայտարարել են, թե որոշել են քաղաքից տարհանել կոմունալ ծառայությունների աշխատակիցներին, նաև բնակիչներին են հորդորել լքել քաղաքը։ Չափազանց լարված է իրավիճակը նաև Բախմուտում, որը ռուսները ակտիվ գրոհում են հունվարից և որտեղ ուկրաինական զորքերը կատաղի դիմադրում են։

Հանգիստ չէ իրավիճակը նաև ռուսների վերահսկողության տակ անցած տարածքներում և հենց Ռուսաստանում։ Տուլայի շրջանում երեկ տեղի ունեցած պայթյունի համար ռուսական կողմը ուկրաինական ուժերին է մեղադրում՝ հայտարարելով, թե պայթյունի պատճառ է դարձել ուկրաինական անօդաչու թռչող սարքը։

Այսօր մի քանի պայթյուն է որոտացել նաև ռուս զինվորականների հսկողության տակ գտնվող Մելիտոպոլում։ Չորս մարդ վիրավորվել է, տներ են վնասվել, հայտնել են քաղաքի օկուպացիոն իշխանությունները։

Չնայած պայթյունները թե' օկուպացված տարածքներում, թե' Ռուսաստանի տարածքում ավելի հաճախակի են դարձել, ռուսական զորքերը առաջխաղացումն էլ դանդաղել է՝ Ռուսաստանի նախագահը շարունակում է հավատալ, որ կարող է հաղթել։

Պուտինը չի ընդունի այն փաստը, որ ի վիճակի չէ նվաճել Ուկրաինան. ամերիկացի վերլուծաբաններ

Պատերազմի ուսումնասիրման Վաշիգտոնի ինստիտուտի վերջին զեկույցում նշվում է․ - «Ո՛չ Ուկրաինան, ո՛չ Արևմուտքը Պուտինին չեն համոզել, որ նա պետք է մտածի փոխզիջումային լուծում գտնելու մասին»։

Ամերիկացի փորձագետները պնդում են, թե Ուկրաինայի զինված ուժերը «պետք է այնպիսի վնաս հասցնեն ռուսական ուժերին, որ Պուտինին և նրա մերձավոր շրջապատին պարզ լինի, որ ռուսական զինված ուժերը եթե շարունակեն մարտերը, միանշանակ կպարտվեն»։ Թեև նույնիսկ այդ դեպքում, ինչպես ամերիկացի վերլուծաբաններն են գրում զեկույցում, «Պուտինը չի ընդունի այն փաստը, որ ի վիճակի չէ նվաճել Ուկրաինան»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG