Մատչելիության հղումներ

Ռուսաստանը նյարդային վիճակում է, քանի որ Հայաստանի հարցերը հայերի հետ են քննարկում. իշխանական պատգամավոր


Ազգային ժողովի պատգամավոր Վիգեն Խաչատրյան («Քաղաքացիական պայմանագիր»)
Ազգային ժողովի պատգամավոր Վիգեն Խաչատրյան («Քաղաքացիական պայմանագիր»)

«Ժամանակին Վանո Սիրադեղյանը ասում էր՝ ռուսական աբոզին կապած շուն հո չպիտի՞ լինենք մենք», - հայտարարում է Ազգային ժողովի պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը զարմանում է, թե ինչու պետք է Հայաստանը չմիանար Միացյալ Նահանգների նախագահի նախաձեռնած «Հանուն Ժողովրդավարության» գագաթնաժողովին. - «Եթե մենք ուզում ենք, որ պետություն լինենք, իսկ դա անհրաժեշտ ա մեր ազգի ապագայի համար, մենք պիտի մեր շահերից ելնելով քաղաքականություն վարենք, իհարկե՝ չառճակատվելով»։

Հայաստանը Միացյալ Նահանգների նախագահի նախաձեռնած գագաթնաժողովում ընդունված հռչակագրին միացել է վերապահումով։ Ձեռնպահ է մնացել այն պարբերությունից, որտեղ հիշատակված են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմն ու դրա հետևանքները։

Հայաստանի իշխանությունը հիմնավորել է, թե վերապահման պատճառը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի մասին չհիշատակելն է։ Չկան բոլոր հակամարտություններն ու ճգնաժամերը։

«Իրականում դա մանևրում է, որ է'լ ավելի չզայրացնի ռուսներին», - մեկնաբանում է ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Թեև վերապահումով, բայց հռչակագրին Հայաստանի միանալը արդյո՞ք չի զայրացնի դաշնակից Ռուսաստանին։

Վիգեն Խաչատրյանը պատասխանում է. - «Մենք հստակ պըտի հասկանանք, որ Ռուսաստանի շահերը մեր շահերի հետ չի համընկնում։ Էսօր Ռուսաստանի համար ավելի կարևոր է Ադրբեջանը»։

Մոսկվայից էլ են արձագանքել Հայաստանի մասնակցությանը, ափսոսանք հայտնել, որ որոշ դաշնակիցներ, այդ թվում Հայաստանը, մասնակցել են Սպիտակ տան նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին։

«Ինչի՞ ա Ռուսաստանը նյարդային ընդունում։ Որովհետև Ռուսաստանը սովորել էր, որ Հայաստանի, հայերի ապագան ինքն ա որոշում և իր հետ են քննարկում։ Հիմա, երբ որ ինքը տեսնում ա, որ այլևս քննարկում են Հայաստանի հետ, ինքը նյարդային վիճակում ա հայտնվում, որովհետև ինքը փաստորեն կորցնում ա էն մանրադրամը, որով առևտուր էր անում մեր հաշվին։ Մենք կարանք վերջին երկու հարյուր տարվա պատմությանը անդրադառնանք։ Ռուսների համար Հայաստանը եղել ա տարածք։ Մեր շահերից բխում ա, որ մենք ինքնուրույն լինենք», - Ռուսաստանի արձագանքի առնչությամբ ասաց Վիգեն Խաչատրյանը։

Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչյովը ընդգծել է. - «Ի պատիվ հայերի, նրանք վերապահումով են միացել նիստի ավարտին ընդունված հռչակագրին, որը Ռուսաստանից պահանջում է անհապաղ ամբողջությամբ դուրս բերել բոլոր ռազմական ուժերը Ուկրաինայից և դադարեցնել ռազմական գործողությունները»։

Արթուր Խաչատրյան
Արթուր Խաչատրյան

«Հռոմի ստատուսը Սահմանադրությանը չհակասող ճանաչելու ֆոնի վրա, երբ շատ լարվեցին հարաբերությունները Ռուսաստանի հետ, մի հատ էլ գնում ես, մասնակցում ես էդ ժողովրդավարության գագաթնաժողովին», - ասում է ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նրա համար անհասկանալի է Փաշինյանի մասնակցությունն ու հռչակագրի կարևոր դրույթից ձեռնպահ մնալը։ Նրա կարծիքով, Փաշինյանը քաոսային քաղաքականություն է վարում և ավելի զայրացնում Ռուսաստանին, դաշնակցին տրամադրում պետության դեմ, փոխարենը ոչինչ չի ստանում. - «Չվավերացնելով կամ վերապահում արտահայտելով էդ հիմնական կետի վերաբերյալ, դու նաև քո հարաբերությունները ոչ թե չես բարելավում, այլ մի բան էլ փչացնում ես նաև Միացյալ Նահանգների հետ։ Այսինքն՝ գնում ես ու երկու հակամետ ուժերի հետ հարաբերությունները փչացնում ես»։

Իսկ ինչո՞ւ պետք է Ռուսաստանի նյարդերով առաջնորդվել, հակադարձում է իշխող խմբակցության պատգամավորը։ Հայաստանը, ըստ Վիգեն Խաչատրյանի, ինքնուրույն քայլեր է անում, բալանսավորված քաղաքականություն է վարում, ինչն էլ Ռուսաստանին դուր չի գալիս. - «Ռուսների համար Հայաստանը եղել ա տարածք։ Մեր շահերից բխում ա, որ մենք ինքուրույն լինենք»։

Միացյալ Նահանգների նախագահի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովին 120 երկիր։ Հայաստանի մասնակցությանը անդրադարձել է Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է, թե մասնակցությունը պետությունների ինքնիշխան գործն է՝ միաժամանակ շեշտելով, թե Միացյալ Նահանգները հավակնում է լինել ժողովրդավարության համաշխարհային ուսուցիչը: Երկրորդ փորձն է անում որպես ուսանողների համախմբել մի շարք երկրների եւ բարոյականության դասեր տալ»։

«Մենք չենք կարա լինենք Ռուսաստանի կցորդը», - ասում է Վիգեն Խաչատրյանը։

«Վասալ չլինելը ասելով չի։ Այո, դու ասում ես վասալ չեմ, բայց իրականում ամենամեծ կախվածությունն ունես այսօր», - հակադարձում է Արթուր Խաչատրյանը։

Հայաստանը Բայդենի նախաձեռնած Ժողովրդավարության ֆորումին մասնակցում է երկրորդ անգամ։ Տարածաշրջանից Թուրքիան ու Ադրբեջանը հրավիրվածների ցանկում չկային։

XS
SM
MD
LG