Մատչելիության հղումներ

«Ձեզ լավ պահեք թանկագին ընկեր». ավարտվեց Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի այցը Մոսկվա


Ավարտվեց Չինաստանի նախագահ Սի Ծինփինի պետական եռօրյա այցը Ռուսաստան։ Այսօր նա վերադարձավ Չինաստան։ Սի Ծինփնին ճանապարհելու, ինչpես նաև երկուշաբթի օրը նրան դիմավորելու, երեկ երեկոյան նրա պատվին տված բանկետի արարողությունները կազմակերպել էին մեծ հանդիսությամբ։

Պուտինի և Սի Ծինփինի ոչ պաշտոնական ու պաշտոնական շփումները, բանակցությունները միասին վերցրած ավելի քան 10 ժամ են տևել։

Այսօր առավոտյան Պուտինը Սի Ծինփինին ճանապարհել է մինչև Կրեմլի դարպասները։ «Հիմա փոփոխություններ են ընթանում, որոնց նմանը վերջին ավելի քան 100 տարվա մեջ չեն եղել, և մենք շարժում ենք այդ փոփոխությունները։ Ձեզ լավ պահեք թանկագին ընկեր»,- ասել է Սի Ծինփինը՝ հրաժեշտ տալով Վլադիմիր Պուտինին։

Չինաստանի ղեկավարի այցի արդյունքների մասին հրապարակավ հայտարարությունները ցույց են տալիս, որ Պեկինը ձեռնպահ է մնում ուղիղ աջակցություն ցուցաբերել Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում։

Մամուլի համատեղ ասուլիսում Սի Ծինփինը հիշեցրել է, որ անցած ամսին Պեկինը փաստաթուղթ էր հրապարակել, որը կոչվում է Չինաստանի դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման հարցում և կրկնել է, որ Չինաստանը անկողմնակալ դիրքորոշում ունի։

«Ցանկանում եմ ընդգծել, որ ուկրաինական ճգնաժամի հարցում Չինաստանը միշտ պաշտպանել է ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներն ու սկզբունքները, օբյեկտիվ ու անկողմնակալ դիրքորոշում է ցուցաբերել, ակտիվորեն խրախուսել է խաղաղ բանակցությունները», - Մոսկվայում ասել է Ծինփինը։

Սպիտակ տան անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քըրբին հայտարարել է, որ Չինաստանի դիրքորոշումը անկողմնակալ չէ:

«Եթե Չինաստանը ցանկանում է կառուցողական դեր խաղալ այդ հակամարտությունում, նա պետք է ճնշում գործադրի Ռուսաստանի վրա, որպեսզի Ռուսաստանը դուրս բերի իր զորքերը Ուկրաինայի ինքնիշխան տարածքից։ Նրանք պետք է կոչ անեն նախագահ Պուտինին դադարեցնել քաղաքների, հիվանդանոցների ու դպրոցների ռմբակոծությունները։ Դադարեցնել ռազմական հանցագործությունները և վերջ տալ պատերազմին այսօր»,- Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում ասել է Քըրբին։

Մոսկվայում մամուլի համատեղ ասուլիսում Վլադիմիր Պուտինն ասել է, որ Պեկինի խաղաղության առաջարկներին, որոնք կարող են Ուկրաինայի խաղաղ կարգավորման հիմք հանդիսանալ, բայց Արևմուտքն ու Կիևը դեռ պատրաստ չեն։

Չինաստանի հետ առևտուրը ու տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի նախագահն առաջնահերթություն է համարել։ Նա նաև հայտնել է Ռուսաստանի ամուր աջակցությունը Չինաստանի օրինական շահերին՝ Թայվանի, Հոնկոնգի և Սինցզյանի հարցերում։

Բանակցությունների արդյունքում Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդները համատեղ հայտարարություն են ստորագրել։

«Ռոյթերս»-ի նյութերից մեկը ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում Չինաստանի ստացած և շարունակվող տնտեսական ահռելի օգուտների մասին է։ Եվրամիության և ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ ընկած Ռուսաստանը նավն ու քարածուխը էժան գներով վաճառում է Չինաստանին։ Այդ գործարքներից Պեկինը ոչ միայն միլիարդավոր դոլարներ է տնտեսում, այլև օգուտներ է ստանում առևտուր անելով ավելցուկային մատակարարումների հաշվին։

Չնայած քովիդի սահմանափակումների պատճառով Չինաստանի տնտեսության զարգացման տեմպերը դանդաղել են, ընդհանուր ներմուծման ծավալները նվազել են, սակայն Ռուսաստանից հում նավթի ներմուծումը 2022 թվականին 8 տոկոսով աճել է։ «Ռոյթերս»-ի հաշվարկներով՝ 2022-ի ապրիլից մինչև այս տարվա հունվարը չինական նավթամշակման ընկերությունները մոտավորապես 5,5 միլիարդ դոլար են տնտեսել։

Ավելացել է նաև Ռուսաստանից էժան գնով քարածխի ներմուծումը։ 2022-ին նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 20 տոկոս։

Ռուսաստանից հեղուկացված բնական գազի ներմուծման ծավալները աճել են 40 տոկոսով, որի շնորհիվ Չինաստանը գազ է արտահանում Հարավային Կորեա, Ճապոնիա, Ֆրանսիա։

Սի Ծինփինը Մոսկվայում ասել է, թե Չինաստանը ավելի սերտ գործընկերություն է ցանկանում Ռուսաստանի հետ՝ ապահովելու միջազգային էներգետիկ անվտանգությունն ու պահպանելու մատակարարումների շղթաները։

XS
SM
MD
LG