Մատչելիության հղումներ

ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծին


Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյան
Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյան

Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանին վերաբերող «Հայաստան» խմբակցության որոշման նախագիծն այսօր բացասական եզրակացության արժանացավ խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովում։ Հարցը մեկն էր՝ կո՞ղմ են, որ խորհրդարանը դիմի ՍԴ՝ քննելու դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցը։

Անցած տարի իշխանական խմբակցության ձայներով Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Սաֆարյանը, ըստ ընդդիմության և մի խումբ փաստաբանների, զբաղվել է բարձր դատարանի դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի գործունեությամբ՝ ձեռնարկատիրությամբ։

Մինչև քվեարկությունը, որով որոշման նախագիծն արժանացավ բացասական եզրակացության, դրա հեղինակը՝ ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը կրկին հնչեցրեց իրենց տեսակետը՝ դեկտեմբերի 16-ին Սահմանադրական դատարանի լիազորությունները ստանձնած Սեդա Սաֆարյանը արդեն դատավորի պաշտոնում զբաղվել է փաստաբանությամբ և մինչև հունվարի 27-ը պետական ռեգիստրում ունեցել է անհատ ձեռնարկատերի կարգավիճակ, իսկ դա նշանակում է, որ զբաղվել է ձեռնարկատիրությամբ՝ անկախ նրանից՝ վճարովի՞, թե՞ անվճար ծառայություն է մատուցել։

Մինչդեռ Սահմանադրությունը և օրենքը բարձր դատարանի դատավորին արգելում է զբաղվել նման գործունեությամբ, գործընկերներին էր ներկայացնում Արծվիկ Մինասյանն ու պնդում՝ որպեսզի հարցը հստակեցվի, պետք է դիմել Սահմանադրական դատարան, որին էլ պատկանում է վերջին խոսքը այս հարցում. - «Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված լինելու պահից մինչև անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակի դադարեցման պահը համարվում է, որ անձը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Ավելին, ձեռնարկատիրական գործունեության զբաղվելու փաստն ապացուցելու համար ինքնին բավարար և հաստատված հանգամանք է համարվում Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում հաշվառված լինելը»։

Այս հարցն ի հայտ եկավ, երբ փետրվարի սկզբին որոշ լրատվամիջոցներ գրեցին, թե Սաֆարյանը դատավորի լիազորությունները ստանձնելուց հետո փաստաբանական դիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարան։ Ինքը՝ Սեդա Սաֆարյանը «Ազատության» հետ զրույցում չէր հերքել, որ ՍԴ դատավորի կարգավիճակում դիմել է վերաքննիչ, բայց շեշտել էր, որ դա ոչ թե նոր բողոք է, այլ մինչև դատավորի լիազորությունները ստանձնելը ներկայացրած բողոքի շարունակությունը։

«Դեկտեմբերի 5-ին բերված բողոքը հետ է վերադարձվել՝ պատճառաբանությամբ, որ պակասում է ինչ-որ փաստաթուղթ, դա դրվել է, հետ է ուղարկվել, նոր բողոք չի եղել: Դեկտեմբերի 28-ին էդ բողոքը չէր կարող ներկայացվել, որովհետև արդեն ժամկետները անցած են եղել: Եթե անգամ փաստաբան լինեի, դեկտեմբերի 28-ին չէի կարող այդպիսի բողոք ներկայացնել, այսինքն` դա նոր բողոք չի կարող կոչվել», - ասել էր Սաֆարյանը։

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին այսօր հրավիրված էր իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Նա պնդեց, թե Սեդա Սաֆարյանը հայտնվել է ընդդիմության թիրախում իր գործունեության համար։ Սաֆարյանը 30 տարվա փաստաբան է, Քոչարյանի հետ աշխատել է 2008-ի մարտյան իրադարձություններից հետո ստեղծված փաստահավաք խմբում, քննադատել է այն ժամանակվա իշխաննություններին արյունալի բախումների համար, մինչև դատավոր նշանակվելը դատարանում ներկայացրել է այդ իրադարձությունների ժամանակ տուժածների շահերը. - «Ձեր ներկայացրած փաստերը դեռ գնահատելու ճանապարհ պետք է անցնի։ Բայց փաստը Սեդա Սաֆարյանն է։ Դուք չեք կարում ներեք Սեդա Սաֆարյանին և նրա աշխատանքը հանրային կյանքում և փաստահավաք խմբում։ Ոչ թե դուք, այլ ձեր խմբակցության փաստացի լիդերը՝ Ռոբերտ Քոչարյանը»։

Արծվիկ Մինասյանն արձագանքեց. - «Հարցը վերաբերում է կոնկրետ փաստի։ Անընդհատ ձեր կողմից վկայակոչելով երկրորդ նախագահի անունը, դրանից էս փաստերը չեն փոխվում»։

Իշխանականները նաև հայտարարում էին, որ դեռ դեկտեմբերին Սաֆարանը դիմում է ներկայացրել Պետական եկամուտների կոմիտե՝ խնդրելով դադարեցնել հարկ վճարողի իր գործունեությունը։ Բացի դրանից, նաև դիմել է փաստաբանների պալատ՝ խնդրելով կասեցնել արտոնագիրը։

Արփի Դավոյանը հարցրեց Մինասյանին՝ առանց փաստաբանի արտոնագրի և հարկային պարտավորությունների, ինչով կարող էր զբաղվել Սեդա Սաֆարյանը. - «Ես չեմ կարծում, որ տիկին Սեդա Սաֆարյանը էդ ընթացքում ապրանքներ է ներմուծել, արտահանել, վաճառել, վերավաճառել, բայց ԱՁ չի էլ ունեցել մարդը փաստացի։ Ի՞նչ ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել»։

Ի պատասխան ընդդիմադիր պատգամավորը ընդգծում էր՝ կա փաստ ձեռներեցությամբ զբաղվելու մասին։ Մինչ Արծվիկ Մինասյանն ասում էր, որ ՊԵԿ դիմելը կապ չունի անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակի հետ, իշխանականներից Արուսյակ Ջուլհակյանը ևս պնդում էր՝ Սեդա Սաֆարյանը խախտում չի արել։ Նա վկայակոչեց օրենքը, ըստ որի, եթե ձեռնարկատերը գրանցված է պետռեգիստում, դա համարվում է ձեռնարկատիրական գործունեություն, բայց կան բացառություններ։ Դրանցից մեկն այն է, երբ ձեռնարկատերը ՊԵԿ է ներկայացնում իր գործունությունը դադարեցնելու մասին հայտարարություն. այն, ինչ, ըստ իշխանականի, արել է Սեդա Սաֆարյանը։

«Հարկ վճարողը, անհատ ձեռնարկատերը կարող է դիմել Պետական եկամուտների կոմիտե և դադարեցնել ըստ այդմ իր հայտարարությամբ անորոշ կամ որոշակի ժամկետով իր գործունեությունը, ապա էդ դեպքում կարող ենք եզրակացնել, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու փաստ այլևս առկա չէ», - փաստարկեց Ջուլհակյանը։

Ի՞նչ հանցագործություն է արել Սեդա Սաֆարյանը անհատ ձեռնարկատիրոջ վկայականով, կամ արդյո՞ք շահույթ է ստացել՝ հարցնում էր իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը. - «Սեդա Սաֆարյանը ընդամենը, կասեցնելով փաստաբանական գործունեության արտոնագիրը, ժամկետի խախտմամբ, բայց սեփական գործողություններով գնացել է դիմել է Պետական ռեգիստրին և ստացել է համապատասխան պատասխան»։

Ըստ էութան անհամատեղելիություն չկա, հայտարարում են Սաֆարյանին դատավոր ընտրած իշխանության ներկայացուցիչները։ Կլիներ երբ, օրինակ, Սաֆարյանը զբաղվեր բիզնեսով, եթե ստանար ապօրինի եկամուտ, այսինքն՝ դատավորի պաշտոնը չարաշահեր։

Ընդդիմադիր պատգամավորներն էլ հակադարձում են՝ այս հարցերը պարզելու համար պետք է դիմել Սահմանադրական դատարան։

Չնայած հանձնաժողովի բացասական եզրակացությանը, այս հարցը կքննարկվի Ազգային ժողովի հերթական նստաշրջանում։ Ընդդիմության նախագիծը որոշում դարձնելու համար անհրաժեշտ կլինի առնվազն 65 պատգամավորի քվե, իսկ սա նշանակում է, որ այն առանց իշխանականների ձայների կտապալվի։

XS
SM
MD
LG