Մատչելիության հղումներ

Սեդա Սաֆարյանի արարքի մեջ հանցակազմ չկա. Գլխավոր դատախազություն


Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյան
Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյան

Չնայած մի խումբ փաստաբաններ մեկ շաբաթ է պնդում են, թե Սահմանադրական դատարանը պետք է քննարկի դատավոր Սեդա Սաֆարյանի պաշտոնանկության հարցը, բարձրագույն ատյանը մինչ այժմ լուռ է։

«Ազատության» հարցմանն ի պատասխան դատարանից այսօր չպարզաբանեցին, թե արդյոոք պատրաստվում են պատասխանատվության ենթարկել Սաֆարյանին, ով, ինչպես փաստաթղթերն են վկայում, Սահմանադրական դատարանի դատավոր լինելով՝ անցած տարեվերջին որպես փաստաբան միջնորդություն է ներկայացրել վերաքննիչ դատարան։

Փաստաբան Սոս Հակոբյանը պնդում է, որ բոլոր հիմքերը կան Սաֆարյանի նկատմամբ քննություն սկսելու համար. - «Ես կարծում եմ, որ կան բոլոր փաստերը էդ քննությունը իրականացնելու համար»։

Սաֆարյանը Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունները ստանձնել է անցած տարվա դեկտեմբերի 16-ին։ Դրանից 12 օր անց վերաքննիչ դատարան է ներկայացվել նույն Սեդա Սաֆարյանի ստորագրությամբ մի դիմում, որտեղ նա ներկայացել է որպես փաստաբան։

Երկարամյա փաստաբանական գործունեությամբ հայտնի Սաֆարյանն այս փաստերը չի հերքում, պնդում է միայն, թե դիմումը այդ օրը չի գրել․ նախորդ գրածն է խմբագրել. - «Դեկտեմբերի 5-ին գրված բողոքը հետ ա վերադարձվել՝ պատճառաբանությամբ, որ պակասում ա ինչ-որ փաստաթուղթ։ Դա դրվել ա, հետ ա ուղարկվել։ Դա նոր բողոք չի եղել, դա դեկտեմբերի 5-ի բողոք է»։

Ընդդիմախոսները հակադարձում են՝ Սահմանադրական դատարանի դատավորին օրենքով արգելվում է զբաղվել փաստաբանությամբ, մինչդեռ փաստացի առկա է այդ մասին փաստատուղթ։

«Հետևաբար էական չի, թե ինչ հիմքով նա այլևս փաստաբար չէր։ Էական է նա, որ նա որևէ լիազորություն չուներ ո'չ փոփոխություն կատարելու միջնորդությունների մեջ և նորից ներկայացնելու, ո'չ էլ որևէ նոր դատավարական գործունեությանը մասնակցելու որպես փաստաբան», - պնդում է Սոս Հակոբյանը։

ՍԴ դատավորը, որպես փաստաբան դիմում ներկայացնելով, ճնշում է գործադրել, և անուղղակի ազդել արդարադատության վրա, իր հերթին պնդում է փաստաբան Արսեն Բաբայանը. - «Այդ ներկայացուցչությունը իրականացվել է՝ չարաշահելով դատավորի իր կարգավիճակը։ Շատ լավ գիտակցելով, որ այն դատավորը, որի դահլիճում որ ինքը ներկայացնում է այդ անձին, գիտի ում հետ գործ ունի։ Եվ բոլոր գործերը ի վերջո կարող են հասնել Սահմանադրական դատարան»։

Սահմանադրական դատարանի մասին օրենքով, բարձր ատյանը կարող է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկել, եթե կա առնվազն երեք դատավորի դիմում։ Թեև Սահմանադրականից հաստատում են, որ դեպքի մասին տեղյակ են արդեն մոտ մեկ ամիս, սակայն դեռ չեն հստակեցնում՝ մտադիր են գործի անցնել, թե ոչ։

«Նշված հարցին առնչվող գործընթացների մասին հրապարակման ենթակա տեղեկություններ, այս պահին, առկա չեն», - այսօր ասացին Սահմանադրական դատարանից։

Ընդդիմախոսները, մինչդեռ, պնդում են՝ հիմքերը բավարար են ոչ միայն նկատողության, այլև պաշտոնանկության համար՝ ենթադրելով, որ Սաֆարյանը նաև ձեռնարկատիրությամբ է զբաղվել, ինչը օրենքով անհամատեղելի է դատավորի կարգավիճակի հետ. - «Էն ժամանակ, երբ որ շարունակել է Սեդա Սաֆարյանը փաստաբանական գործունեությունը՝ ներկայացուցչություն իրականացնելով դեկտեմբերի 28-ին, հավանաբար նա շարունակել է որևէ կազմակերպաիրավական ձևի ներքո։ Այսինքն՝ կամ եթե ԱՁ է ունեցել, ԱՁ-ի միջոցով, կամ եթե ՍՊ կամ այլ ընկերություն է ունեցել, դրա միջոցով»։

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնանկության հարցը կարող է բարձրացնել խորհրդարանը, եթե դրան կողմ լինի 65 պատգամավոր։

Խորհրդարանում, սակայն, դեռ չեն շտապում ընթացք տալ այս հարցին։ Իշխող ուժի պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց՝ տեղյակ չէ թեմայից։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունում դեռ քննարկում են հարցը, իսկ «Հայաստան» խմբակցությունում էլ կարծում են, որ այն պետք է Սահմանադրական դատարանը քննի։

«Էս դեպքում ինքը որպես ներկայացուցիչ է, չէ՞, հանդես եկել։ Ինքը խախտում է, կարգապահական խախտում է, որի հարցերը քննության են ենթարկվում դատավորների կողմից, այլ ոչ թե պառլամենտի կողմից», - նշում է «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։

Մինչ այս, Գլխավոր դատախազությունը այսօր հայտարարեց՝ Սեդա Սաֆարյանի արարքի մեջ հանցակազմ չկա։ Ուսումնասիրելով այս մասին անցած շաբաթ մամուլում հրապարակված նյութերը՝ դատախազությունից «Ազատությանը» փոխանցել են, թե դրանցով չի փաստվում որևէ արարք կամ գործողություն, որին ողջամտորեն կարող է տրվել Քրեական օրեսգրքի որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական, ուստի որոշվել է քրեական վարույթ չնախաձեռնել։

Միջադեպին արձագանք չեղավ նաև այսօր, երբ վարչապետն ու իշխանական վերնախավը այցելել էին Սահմանադրական դատարան՝ բարձրագույն դատական ատյանի 27 ամյակը տոնելու։

«Սահմանադրական արդարադատությունը այս իմաստով կարևոր է ոչ միայն իրավիճակները հաղթահարելու, ոչ միայն առաջացած փակուղային իրադրություններից ելք ցույց տալու և ելք հարթելու համար, այլև շատ կարևոր է, որ սահմանադրական արդարադատությունը ձևավորի մտածողություն, մտածողություն, որը իր բնույթով ինստիտուցիոնալ է, իր բնույթով պետական է», - ՍԴ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը։

XS
SM
MD
LG