Մատչելիության հղումներ

Սեդա Սաֆարյանը գործընկերներին առաջարկել է իր՝ փաստաբանությամբ զբաղվելու վերաբերյալ «անորոշությունը քննարկել միասին»


Սահմանադրական դատարանին (ՍԴ) փաստաբանական արգելված գործունեության մասին տեղեկացնելուց մեկ ամիս անց էլ պարզ չէ՝ արդյո՞ք բարձր ատյանը քննարկում է իր նորընտիր անդամին պատասխանատվության ենթարկելու հարցը։

Սահմանադրական դատարանի հունվարի 10-ի նիստի արձանագրությունից պարզ է դառնում, որ Սեդա Սաֆարյանը իր գործընկերներին տեղեկացրել է՝ դատավորի լիազորությունները ստանձնելուց հետո զբաղվել է փաստաբանությամբ և խնդրել է մյուս դատավորներին, իր բնորոշմամբ, այդ անորոշությունը միասին քննարկել։ Ի՞նչ են քննարկել և ի՞նչ եզրահանգման են եկել, հայտնի չէ, բարձր դատարանը այդ մասին լռում է։

Որպեսզի բարձր դատարանը պարզի այս հարցը՝ առնվազն երեք դատավորի դիմումով նոր նիստ պետք է գումարվի, օրենքն է վկայակոչում փաստաբան Սոս Հակոբյանը, որը պնդում է՝ Սաֆարյանը պետք է պաշտոնանկ արվի։

Դատարանից հրաժարվում են ասել՝ Սաֆարյանի գործընկերները դիմում ներկայացրել են, թե՝ ոչ։ «Ազատությանը» միայն փոխանցել են, որ հարցը կարգավորվում է օրենքով։

«Սեդա Սաֆարյանի կողմից աշխատակարգային նիստին բարձրացված հարցը վերաբերվում է հնարավոր կարգապահական պատասխանատվության, այսինքն, այն, որ Սեդա Սաֆարյանը զբաղվել է ներկայացուցչությամբ կամ փաստաբանությամբ, և դրա հետևանքը հնարավոր կարգապահական պատասխանատվությունն է: Երևի այդ ռիսկը զգալով տիկին Սաֆարյանը բարձրաձայնել է, իր ասելով», - ասաց փաստաբանը:

Սեդա Սաֆարյանի շուրջ կրքերը թեժացան, երբ մամուլում հայտնվեց նորընտիր դատավորի ստորագրությամբ դեկտեմբերի 28-ով թվագրված փաստաբանական բողոքը։ Դեկտեմբերի 16-ից դատավորի լիազորությունները ստանձնած Սաֆարյանն ընդունեց, որ իր ստորագրությունն է, բայց պարզաբանեց՝ դա նոր բողոք չէ, այլ՝ հնի շարունակությունը։

«Դեկտեմբերի 5-ին բերված բողոքը հետ է վերադարձվել՝ պատճառաբանությամբ, որ պակասում է ինչ-որ փաստաթուղթ, դա դրվել է, հետ է ուղարկվել, նոր բողոք չի եղել: Դեկտեմբերի 28-ին էդ բողոքը չէր կարող ներկայացվել, որովհետև արդեն ժամկետները անցած են եղել: Եթե անգամ փաստաբան լինեի, դեկտեմբերի 28-ին չէի կարող այդպիսի բողոք ներկայացնել, այսինքն, դա նոր բողոք չի կարող կոչվել», - ասաց Սաֆարյանը:

Ավելի քան 30 տարվա փաստաբանական գործունեություն ծավալած Սաֆարյանն, ըստ Սահմանադրական դատարանի նիստի արձանագրության, բացատրել է, որ հիմնական բողոքը դատավորի լիազորությունները ստանձնելուց առաջ է ներկայացրել, բայց կային կիսատ թղթեր, որոնք էլ ուղարկել է հետո, երբ արդեն բարձր դատարանի դատավոր էր։

Արձանագրությունում նշվում է, որ այս հարցի շուրջ կարծիք են հայտնել ինչպես Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, այնպես էլ՝ 4 դատավոր, բայց բուն քննարկման բովանդակությունը չի հաղորդվում։ «Ազատության» հետ զրույցում դատավոր Էդգար Շաթիրյանը փոխանցեց՝ կաշկանդված են փոխանցելու իրենց տեսակետը։ Նա միայն շեշտեց, որ հարցը քննարկելու համար եռամսյա ժամկետ կա։

Փաստացի բարձր դատարանը դեռ մոտ երկու ամիս ժամանակ ունի, ասում է փաստաբան Սոս Հակոբյանը:

«Էդ պահից սկսած Սահմանադրական դատարանի դատավորները գիտեն, որ առերևույթ կա կարգապահական վարքագծի կանոնների խախտում, իրենք այդ պահից սկսած ունեն 3 ամիս ժամանակ, որպեսզի դրան արձագանքեն: Ես կարծում եմ՝ Սեդա Սաֆարյանի կողմից նման միտք հնչեցնելուց հետո իրենց արձագանքը վարույթ հարուցելու գոնե առումով պարտադիր է», - նշեց փաստաբանը:

Հարցին, իսկ եթե չլինի նման երեք դիմում, փաստաբան Սոս Հակոբյանը՝ պատասխանեց՝ այդ դեպքում ոչինչ էլ տեղի չի ունենա. - «Դա նույն է, ոնց որ քաղաքացին գնա ոստիկանություն, ասի, որ օրինակ՝ ինձ ծեծել են կամ բռնություն են արել, հաղորդում գրի հանցագործության մասին և քննիչն անգամ վարույթ չհարուցի դա ստուգելու համար: Դա նույն բանն է, բայց մի տարբերությամբ՝ քննիչներ կան հազարավոր, որոնք կարող են լինել անգրագետից մինչև գրագետ, Սահմանադրական դատարանի դատավորներ կան 9, որոնք Սահմանադրությամբ պետք է լինեն բարձր բարոյական և մասնագիտական հատկանիշներով օժտված մարդիկ»:

Օրենքով Սահմանադրական դատարանի դատավորը կարող է ենթարկվել 2 տեսակի պատասխանատվության։ Առաջինը կարգապահականն է, որը ենթադրում է նախազգուշացում, նկատողություն կամ խիստ նկատողություն։ Երկրորդի դեպքում կդադարեն դատավորի լիազորությունները։ Այս դեպքում, սակայն, դատավորին ընտրած խորհրդարանը պետք է դիմի Սահմանադրական դատարան։

Փաստաբանները, վկայակոչելով օրենքը, պնդում են՝ եթե Սեդա Սաֆարյանը բացառապես փաստաբանությամբ զբաղված լիներ, ապա կարող էր միայն նկատողություն ստանալ։ Բայց քանի որ Սահմանադրական դատարանի դատավոր դառնալուց հետո՝ ավելի քան մեկ ամիս, պետռեգիստրում ունեցել է անհատ ձեռներեցի կարգավիճակ, իսկ դա արդեն անհամատեղելի է դատավորի գործունեության հետ, այս դեպքում առաջ է գալիս պաշտոնանկության հարցը։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից դեռ անցած շաբաթ էին փոխանցել՝ իրենք անելիք չունեն, պաշտոնանկության հարց Սաֆարյանի թույլ տված խախտման մեջ չկա։ «Պատիվ ունեմ»-ում հարցը դեռ քննարկում են, իսկ Սաֆարյանին ընտրած իշխանական «Քաղաքացիական պայմանագիրը» երկու շաբաթ է խուսափում է տեսակետ հայտնել։

XS
SM
MD
LG