Մատչելիության հղումներ

Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքապետի պարտականությունները ստանձնել է նրա առաջին տեղակալը


Երևանի քաղաքապետարանի շենքը
Երևանի քաղաքապետարանի շենքը

Մեկուկես տարվա ընթացքում Երևանի կառավարումը երրորդ մարդուն է փոխանցվում։ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքապետի պարտականությունները ստանձնել է նրա առաջին տեղակալը՝ Լևոն Հովհաննիսյանը։ Քաղաքապետարանից միայն հայտնում են՝ նա երեկվանից ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակ ունի։

Իշխող «Իմ քայլը» խմբակցությունից ասացին, թե առայժմ չեն որոշել՝ մինչ աշնանը կայանալիք հերթական ընտրությունները ավագանիով նոր քաղաքապետ կընտրեն, թե՝ ոչ: Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը, մինչդեռ, պնդում է՝ առանց ընտրության Հովհաննիսյանը երկար պաշտոնավարել չի կարող։

«Երևանում համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր մնալու դեպքում ավագանին ունի մեկամսյա ժամկետ նոր համայնքի ղեկավար ընտրելու համար: Եթե համայնքի ղեկավարի թեկնածու չի առաջադրվում կամ եթե միայն մեկ թեկնածու է առաջադրվում և ինքը չի հավաքում բավարար թվով կողմ ձայներ, և 30-օրյա ժամկետը լրանում է, ապա կառավարությունը լուծարում է ավագանին, ավագանու լիազորությունները վաղաժամ դադարեցվում են և նշանակվում են արտահերթ ընտրություններ», - ներկայացրեց Իոաննիսյանը:

2021-ի դեկտեմբերին, երբ իշխող ուժն անվստահություն հայտնեց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, Հրաչյա Սարգսյանը պաշտոնը ստանձնեց ավագանու ընտրության միջոցով:

«Հուսով եմ, որ Երևանի ավագանին կընտրի համայնքի ղեկավար, ով որ կղեկավարի համայնքը մինչև կես տարի հետո կայանալիք ընտրությունները», - ասաց Իոաննիսյանը:

38-ամյա Սարգսյանը երեկ հայտնեց հեռանալու մասին՝ հերթական ընտրություններից ընդամենը կես տարի առաջ, որոշման պատճառների մասին որոշեց չխոսեց։ Իշխող թիմն էլ է լռում։

Վերջին ամիսներին երևանցիները Սարգսյանին տեսնում էին հիմնականում ավագանու նիստերի ժամանակ։ Հանրային միջոցառումներին փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է ներկա, նա է հարցազրույցներ տալիս, տարին ամփոփում, կառավարության նիստերին մասնակցում։

Աշնանը սպասվող ընտրություններին հենց Ավինյանն է գլխավորելու իշխող «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակը և շատ փորձագետներ նրա ակտիվությունը վաղաժամ սկսված նախընտրական քարոզչություն են համարում։

Վերջին ամիսներին քաղաքային իշխանությունների ներսում կատարվողը խնդրահարույց է, շեշտում է իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը և ընդգծում՝ այս ամենը սկսվեց Հայկ Մարությանին վիճահարույց պաշտոնանկությամբ։

Այն ժամանակ իշխող կուսակցությունը իր շարքերից հեռացած քաղաքապետին անվստահություն հայտնեց՝ հայտարարելով, թե խզվել է ավագանու ու Մարությանի կապը, քննադատեցին նաև, որ խորհրդարանական ընտրություններում չպաշտպանեց «Քաղպայմանագրին»։ Իր հերթին Մարությանն իշխանություններին մեղադրեց հեղափոխական արժեքներից հեռանալու համար։

«Դա շատ խնդրահարույց էր, զուգորդվել է անընդունելի արարքներով, և այդ պահից սկսած, իհարկե, պրոցեսները խնդրահարույց են, բայց ամեն դեպքում, ես հուսով եմ, որ լինեն դրանք հերթական, լինեն արտահերթ ընտրություններ, կայանալու են այս տարի, հուսով եմ, որ դրանք կլինեն որակյալ ընտրություններ և Երևանի բնակիչները կորոշեն, թե որ կուսակցությունը և որ կուսակցության առաջին համարը պետք է իշխանություն ունենան Երևանում մոտակա 5 տարիների ընթացքում», - ասաց իրավապաշտպանը:

Երևանի փողոցներում «Ազատության» հարցերին պատասխանած քաղաքացիները սխալ էին համարում, որ քաղաքապետարանում առաջին դեմքն իրականում այլ մեկն է: Մեր հարցերին պատասխանած երևանցիները հիմնականում դրական էին արտահայտվում Հրաչյա Սարգսյանի մասին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG