Մատչելիության հղումներ

Բերդկունքի զորամասի տարածքն օտարվել է ՌԴ քաղաքացու, վերջինս էլ վաճառել է կիպրոսցու․ քրեական վարույթ է նախաձեռնվել


Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք, 2012-ին դուրս գալով իրենց լիազորություններից, առուվաճառքի պայմանագրով օտարել են Գեղարքունիքի մարզի Բերդկունք համայնքում գտնվող զորամասի ավելի քան 12 հազար քառակուսի մետր տարածքը Ռուսաստանի քաղաքացի Գ․Վ-ին, հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Ըստ հաղորդագրության՝ անշարժ գույքի՝ շինության և հողատարածքի վաճառքի գինը կազմել է 101 մլն 326 հազար դրամ: Առուվաճառքի պայմանագիրը վավերացրել է Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ա.Ա.-ն:

Դատախազությունը մանրամասնում է՝ 2012 թվականի դեկտեմբերին Գ.Վ.-ն դիմումներ է ներկայացրել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե՝ խնդրելով կատարել իրավունքի պետական գրանցում, սակայն Կոմիտեն մերժել է՝ հիմնավորելով, որ դա հանդիսանում է հատուկ նշանակության հողատարածք, որը չի կարող լինել քաղաքացու սեփականություն, ուստի դիմումին ընթացք կտրվի սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը փոխելուց և հասցեի որոշում ներկայացնելուց հետո:

Դատախազությունը նշում է, որ Բերդկունք համայնքի ավագանու 2013-ի օգոստոսի 27-ի որոշմամբ, համայնքի գլխավոր հատակագծում կատարվել են փոփոխություններ․ հողամասի «Հատուկ նշանակության հողեր» (ռազմական) նպատակային նշանակությունը փոփոխվել է «Հատուկ պահպանվող տարածքների հողերի» (հանգստի համար նախատեսված), իսկ 2022-ի դեկտեմբերին Գավառ համայնքապետի որոշմամբ, Գ.Վ.-ին սեփականության իրավունքով պատկանող 1.73 հա հողամասի նպատակային նշանակությունը համապատասխանեցվել է Բերդկունք համայնքի պարզեցված գլխավոր հատակագծում փոփոխության նախագծին և այս որոշման հիմքով՝ Կոմիտեն 2022-ի դեկտեմբերի 22-ին Գ.Վ.-ի անվամբ տվել է վկայական, ապա այս հիմքով Բերդկունք համայնքի 5-րդ մայրուղու նրբանցքի 7 հասցեում գտնվող 1.73 հա հողամասի և շինությունների նկատմամբ գրանցվել է վերջինիս սեփականության իրավունքը:

Այս փոփոխություններից վեց օր անց Գ.Վ.-ն նշված հողատարածքը և շինությունները 158 մլն դրամով վաճառել է Կիպրոսի քաղաքացի Է.Ա.-ին, հայտնում է Գլխավոր դատախազությունը՝ պարզաբանելով՝ Սահմանադրությամբ արգելվում է Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց կողմից հողի նկատմամբ սեփականության իրավունք ունենալը (բացառություն են կազմում միայն ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձինք):

Գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե քրեական վարույթ նախաձեռնելու համար։

XS
SM
MD
LG