Մատչելիության հղումներ

Գրիգորի Խաչատուրովը ազատ արձակվեց


Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին՝ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը չի կալանավորվի, Հակակոռուպցիոն դատարանն այսօր մերժեց ԱԱԾ միջնորդությունը: Բարձրաստիճան նախկին զինվորականը դատարանի դահլիճից ազատ արձակվեց, լրագրողներին հայտնեց նրա փաստաբան Հակոբ Ենոքյանը:

Գրիգորի Խաչատուրովին իրավապահները երեկ էին ձերբակալել։ 2016-ից 2021 թվականներին երրորդ բանակային կորպուսի հրամանատար պաշտոնը զբաղեցրած գեներալ-մայորը մեղադրվում է փողերի լվացման համար։

Նրա փաստաբան Հակոբ Ենոքյանի խոսքով, այս գործը կապված է Պաշտպանության նախկին նախարար, ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանին առնչվող քրեական գործի դրվագներից մեկի հետ։

«Ըստ էության նույն գործն է, ուղղակի այդտեղ գործերը միացրել են իրար։ Մի քանի գործ է հարուցված, միացված իրար։ Մեղադրանքը, այո, փողերի լվացմանն է առնչվում, բայց կոնկրետ Ազգային ժողովում հնչած միջնորդությամբ դեպքի հանգամանքների հետ որևէ առնչություն չունի։ Այսինքն՝ էնտեղ պաշտոնեական դիրքը օգտագործելով, չարաշահելով պատճառած վնասի մասին է խոսքը, ինչ-որ գույքեր օտարելու։ Էստեղ, ըստ էության, ոնց որ էդ գույքերից մեկը ձեռք բերելը որակվել ա որպես փողերի լվացում»։

Ազգային անվտանգության ծառայությունը Պաշտպանության նախկին նախարար Օհանյանին մեղսագրում է պաշտոնավարման օրոք խոշոր չափերով գույքի հափշտակություն և վատնում։ Մասնավորապես, Պաշտպանության նախարարությունն ավելի քան 8 տարի ղեկավարած Օհանյանը նախարարության հողամասերը զորանոցով, կից այլ շինություններով վաճառել է մի քանի անգամ ցածր գնով։ Պետությանը պատճառվել է միլիարդների վնաս։

Երբ խորհրդարանը քննում էր Օհանյանին անձեռմխելիությունից զրկելու միջնորդությունը, գլխավոր դատախազը հայտարարել էր, որ ՊՆ-ին պատկանող շինություններից մեկը փաստացի վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին չորս միլիոն դրամով, իսկ նա բանկում գույքը գրավադրել է 18 միլիոնով։

Խաչատուրովի փաստաբանն այսօր պնդեց, թե Խաչատուրովը 18 միլիոն վարկ ստացել է մեկ այլ գույքի գրավադրմամբ, իսկ դատախազության նշած հողամասը լրացուցիչ գրավ է եղել. - «Վանաձոր քաղաքում Գրիգորի Խաչատուրովին պատկանող գույքը դրված է եղել գրավ, դրանով վարկային գիծ ա տրամադրված էղել 18 միլիոն դրամի։ Հետո էս գույքը, որպես լրացուցիչ գրավի միջոց, պահանջվել ա բանկի կողմից, եթե չեմ սխալվում, որպես լրացուցիչ միջոց ա տրամադրվել։ Էնպես չի, որ էս գույքը տվել են, որ էդ գրավը լինի»։

Խաչատուրովի պաշտպանն անհիմն է որակում մեղադրանքն ու ներկայացնում է սեփական տեսակետը. - «Ասենք, էդ գրավը չմուծվեր, փող վերցվեր, մնար էդ բանկին էդ տունը... տեսեք, անօտարի գույքը ոնց որ վերածվեց դրամական միջոցի։ Էդ կլիներ որոշակի փողերի լվացում։ Բայց էս պայմաններում, երբ որ գույքը հիմա գրավից ազատ ա, ձեռք բերողը սկզբնական, առաջնային ձեռք բերողն ա, մինչև հիմա չի օտարել, չի տվել ուրիշի, ոչ մի բան արել, էդտեղ փողերի լվացման մասին... խնդալու ա ուղղակի»

Ընդդիմադիրները քաղաքական դրդապատճառ են տեսնում Խաչատուրովի քրեական հետապնդման գործըթնացքում։ Նրանց ներկայացուցիչներն այսօր դատարանի բակում քաղաքական հայտարարություններ էին անում՝ մեղադրելով իշխանություններին բանակը կազմաքանդելու, հեղինակազրկելու համար։

«Պարբերաբար, նկատել եք, Նիկոլ Փաշինյանի և իշխանության համար ինչ-որ փուլերի նոր թիրախներ են ի հայտ գալիս։ Նիկոլ Փաշինյանը կուլ չի տալիս Գրիգորի Խաչատուրովի հայտնի ստորագրությունը, թույլ չի տալիս Գրիգորի Խաչատուրովի հստակ դիրքորոշումը և կեցվածքները, կուլ չի տալ ընդհանրապես նաև իրենց ընտանիքի քաղաքացիական կեցվածքը», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց. - «Իրանց մեղադրանքը ո"րն ա... Ինձ կարող ա վաղը Գագարինի սամալյոտը պայթելու մեջ մեղադրեն։ Ի՞նչ մեղադրանք, էս թվին ի՞նչ մեղադրանք... Էդ ո՞ր մեղադրանքն ա բան էղել։ Ռոբերտ Քոչարյանը տարի ու կես նստեց, իրանք հասկացա՞ն ինչի համար էդ մարդը նստեց»։

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի որդին գեներալ-մայորի կոչում Փաշինյանի իշխանության օրոք է ստացել՝ տավուշյան հայտնի ռազմական գործողություններից հետո։ Կրտսեր Խաչատուրովը նաև Մարտական խաչով է պարգևատրվել հենց վարչապետի կողմից։

XS
SM
MD
LG