Մատչելիության հղումներ

«Այսօր շատ հեշտ է վիճել, թե մենք որքան հիմար էինք». Իշինգերը՝ Պուտինի հետ հարաբերությունների մասին


Վոլֆգանգ Իշինգեր
Վոլֆգանգ Իշինգեր

Գերմանացի փորձառու դիվանագետ Վոլֆգանգ Իշինգերը արտգործնախարարությունում մի շարք պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ փոխարտգործնախարարի, Գերմանիայի դեսպանն է եղել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, իսկ 2008-2022 թվականներին Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովի նախագահն էր։ Այս տարվա համաժողովի ժամանակ նա հարցազրույց է տվել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին՝ պատմելով, թե ժամանակի ընթացքում ինչպես է փոխվել Գերմանիայի վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ, և ինչու էր Բեռինը այդքան շատ թերագնահատում Վլադիմիր Պուտինին։

2007-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ էր ունեցել Մյունխենի համաժողովում, և շատերն այժմ այդ ելույթը դիտարկում են որպես փաստացի վերադարձ «սառը պատերազմին», ինչո՞ւ այն ժամանակ այդպես չէր երևում։

«Ես դահլիճում էի, երբ նախագահ Պուտինը ելույթ ունեցավ։ Ես դեռ համաժողովի նախագահը չէի, շարքային մասնակից էի։ Շատ լավ եմ հիշում` երբ նա ավարտեց ելույթը, կողքիս նստած ընկերս ասաց, որ այս խոսքերը նման են Երրորդ համաշխարհային պատերազմ հայտարարելուն։ Բայց դա որպես կատակ ասվեց:

Հետ նայելով, այդ համաժողովի մասնակիցների հավանաբար մեծամասնությունն այն ժամանակ երևի կարծում էին, որ Պուտինը մի քիչ գոլորշի բաց թողնելու կարիք ունի, միգուցե հաջորդ օրը դա կանցնի։ Հետադարձ հայացքով՝ դա սխալ էր», - ասել է Իշինգերը՝ շարունակելով. - «Որովհետև, կարծում եմ, Պուտինը լուրջ զգուշացնում էր, որ իր համբերությունը սպառվում է։ Նա սկսել էր հավատալ, որ Ռուսաստանի իր պատկերացրած շահերը պաշտպանելու համար պետք է հրաժարվել գործընկերության և համագործակցության գաղափարից և ավելի առճակատման գնալ Արևմուտքի, բնականաբար՝ ՆԱՏՕ-ի, Միացյալ Նահանգների և Եվրամիության ու նրա գործընկերների դեմ»։

Ռուսաստանի նախագահի վերոհիշյալ ելույթը հնչել է մինչ Վրաստան, Ղրիմ, առավել ևս՝ Ուկրաինա ներխուժելը, Իշինգերն ասել է, որ այն ժամանակ Պուտինը գերմանացիներին հետաքրքիր գործընկեր էր թվում բիզնեսի համար։

Նա մի օրինակ է բերել. գերմանական որոշ ընկերություններ բողոքել էին, թե Ռուսաստանում իրենց այնպես են հարկում, որ դա խանգարում է բիզնեսին։ Երբ Գերմանիայի կանցլերն այդ մասին ասել է Պուտինին, նա հենց տեղում, անմիջապես ասել է. - «Համարեք հարցը լուծված»։

«Այնպես որ, կարծում եմ, 2007 թվականին մարդկանց, ղեկավարների համար շատ դժվար էր հասկանալ, որ դա Պուտինի կողմից նոր դարաշրջանի, վարքագծի ու փիլիսոփայության նոր մոտեցումների սկիզբն էր», - նշել է գերմանացի դիվանագետը։

«Գերմանիայում այսօր շատ հեշտ է վիճել, թե մենք որքան հիմար էինք, որքան միամիտ», - ընդգծել է Իշինգերը՝ հիշելով Ռուսաստանի հետ նախկին գործարքները, որոնք հրապուրիչ էին թվում։

Իսկ ապագայի համար նա շատ դժվար է համարել կանխատեսումներ անելը։ «Ես անձամբ այն տեսությանը չեմ հետևում, որ միակ բանը Պուտինի հեռանալն է, կարծում եմ՝ սա ավելի մեծ խնդիր է», - շեշտել է գերմանացի դիվանագետը։

XS
SM
MD
LG