Մատչելիության հղումներ

Արցախը չի հրաժարվելու իր ինքնիշխանությունից, խոսք չի կարող լինել Ադրբեջանի հետ ինտեգրացիայի մասին. Հարությունյան


Այսօրվա իր ուղերձում Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Բաքվի հետ հնարավոր երկխոսությանը՝ ասելով, որ պատրաստ են այդ երկխոսությանը և հակամարտության կարգավորմանը, սակայն ունեն հստակ սկզբունքներ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել։

Մասնավորապես՝ առաջին հերթին, անհրաժեշտ է ապահովել կայուն ու փոխվստահելի միջավայր՝ բացառելով սադրանքներն ու ուժի կիրառման դեպքերը, շրջափակումը պետք է վերացվի, և Արցախը պետք է ունենա անխափան ցամաքային հաղորդակցություն Հայաստանի հետ՝ առանց ադրբեջանական կողմի որևէ ներգրավվածության. ամբողջությամբ պետք է վերականգնվի գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը՝ բացառելով դրանց խափանման նոր դեպքերը: Ինչ վերաբերում Ադրբեջանի հետ պաշտոնական երկխոսությանը, ապա այն կարող է կայանալ միջազգային համապատասխան ձևաչափի շրջանակներում, որը կարող է լինել փոխընդունելի սկզբունքների, միջազգային իրավունքի նորմերի հիման վրա, ներառյալ՝ իրավահավասարության։

«Բանակցային պատվիրակությունների կազմերը պետք է որոշվեն բացառապես կողմերի կողմից, ինչը նշանակում է նաև, որ Ադրբեջանը չի կարող միջամտել արցախյան պատվիրակության կազմի ձևավորման հարցում, և նույն տրամաբանությունը վերաբերում է նաև ադրբեջանական պատվիրակության ձևավորմանը», - ասել է Արայիկ Հարությունյանը։

Արցախի նախագահը նաև շեշտել է՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը սակարկման ենթակա չէ. «Արցախը երբեք չի հրաժարվելու իր ինքնիշխանությունից, և չի կարող որևէ խոսք լինել հարևան Ադրբեջանի հետ ինտեգրացիայի մասին»:

«Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի միջազգային ճանաչումն ու պաշտպանության տրամաբանությունից դուրս որևէ այլ գործընթաց կամ լուծում մեր կողմից անընդունելի է, քանի որ անկասկած տանելու է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության բնակչության էթնիկ բնաջնջմանը», - նշել է Արայիկ Հարությունյանը:

Բաքուն մինչդեռ բազմիցս է հայտարարել, որ Ղարաբաղը իր ներքին հարցն է, ինքնորոշման իրավունքի մասին խոսք լինել չի կարող, ղարաբաղյան հարցն էլ լուծվել է վերջին պատերազմով։

XS
SM
MD
LG