Մատչելիության հղումներ

Ռուբեն Վարդանյանն իր քաղաքականությամբ չի տեղավորվում Ադրբեջանի՝ Արցախի հայաթափման ծրագրի մեջ. քաղաքագետ


Խնդիրը անձը չէ, Ռուբեն Վարդանյանն իր քաղաքականությամբ չի տեղավորվում այն ծրագրի մեջ, որը Ադրբեջանի իշխանությունները նախատեսել են Արցախի հայաթափման գործում, այսինքն՝ քայլ առ քայլ Արցախն ինտեգրելու հարցում,«Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Ռուբեն Վարդանյանն ինչո՞ւ է այսչափ խնդրահարույց Ադրբեջանի համար։

Բաղդասարյան. - Բնականաբար, խնդիրը անձը չէ։ Ես կարծում եմ, որ Ռուբեն Վարդանյանը իր քաղաքականությամբ չի տեղավորվում այն ծրագրի մեջ, որը Ադրբեջանի իշխանությունները նախատեսել են Արցախի հայաթափման գործում, այսինքն՝ քայլ առ քայլ Արցախն ինտեգրելու հարցում։ Կարծում եմ՝ Ռուբեն Վարդանյանը բավականին կոշտ դիմադրություն է ցուցաբերում այդ հարցում, որպես ֆիգուր գործոն է, բավականին լուրջ գործոն է, ավելին՝ ես որքան գիտեմ իմ անձնական շփումների միջոցով, արցախցիների շրջանում նա բավականին մեծ վստահություն ունի, այսինքն՝ մարդիկ հավատում են նաև նրան։ Եվ կարծում եմ, որ սա է, որ հույս է տալիս արցախցիներին, որ կարող է ինչ-որ ելք լինել, իսկ սա Ադրբեջանի ծրագրերի մեջ չի մտնում, և խնդիրը անձերը չեն։

«Ազատություն». - Իսկ գուցե հակառա՞կը՝ նրա հեռացումը Արցախից կարող է դրություն փոխել լավ իմաստով։

Բաղդասարյան. - Եթե Արցախն այդ պահանջը կատարի, դա կնշանակի, որ Արցախը համարում է, որ ինքն այլևս իշխանություն չունի, և դա որոշում են Ադրբեջանում, այսինքն՝ ինչ-որ մարզպետ, որ խորհրդային տարիներին Բաքվում էր նշանակվում, այնպես էլ հիմա պիտի լինի, և թեկուզ հենց դրա համար Արցախը, կարծում եմ, չպետք է համաձայնվի ոչ թե հաշվի առնելով նրա անձը, չպետք է համաձայնվի և թույլ տա, որ Ադրբեջանը որոշի իր հետ բանակցողին։

«Ազատություն». - Անորոշությունը գնալով խորանում է, վերջիվերջո Դուք այս փակուղուց դուրս գալու ի՞նչ իրատեսական հնարավորություն եք տեսնում։

Բաղդասարյան. - Մենք պիտի խոսենք Ադրբեջանի հետ, հասկանանք՝ նրանք ինչ են ուզում, և եթե դա անընդունելի է, պարզ, հստակ ասենք, որ դա անընդունելի է, խոսենք աշխարհի հետ, պատրաստվենք պատերազմի ոչ թե նրա համար, որ մենք ռազմատենչ ենք կամ չգիտեմ, այլ որովհետև այլ ընտրություն մեզ չեն թողնելու, կամ եթե այդ զիջումները ընդունելի են, բանակցել են և փորձել հասկանալ, թե ինչ ենք զիջում, դրա դիմաց իրենք ինչ են զիջում և ոչ թե մենք ինչ-որ բան զիջենք, նրանք ճանապարհը բացեն, ենթադրենք մի շաբաթ հետո փակեն, խնդիրը այդ ճանապարհը չի, դա մեծ խաղի մի դրվագն է, լծակն իրենք ձեռքին է, և իրենք անընդհատ օգտագործելու են դա։ Դրա համար էլ պիտի փորձենք հասկանալ, թե ինչպես ենք դուրս գալիս այս իրավիճակից, ոչ թե այս պահին Ադրբեջանը խնդիր ստեղծեց, այս պահին լուծեցինք, հաջորդ օրը ուրիշ խնդիր լուծեցինք, այդպես չէ։

XS
SM
MD
LG