Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԱԳՆ. Հայաստանը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հետաքրքրված չէ Լաչինի միջանցքում թափանցիկությամբ


Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ
Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ

Լաչինի ճանապարհին սահմանային անցակետ ստեղծելու մասին ադրբեջանական կողմի առաջարկը ուժի կիրառում գնահատելով` Հայաստանը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հետաքրքրված չէ Լաչինի ճանապարհին թափանցիկության ապահովմամբ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ արձագանքելով Հայաստանի արտգործնախարարի՝ նախօրեին Լյուքսեմբուրգի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարություններին:

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունն Արարատ Միրզոյանին մեղադրել է խաղաղ գործընթացի շուրջ բանակցությունները խեղաթյուրելու և շահարկումներով զբաղվելու մեջ: «Իր հայտարարությամբ հայկական կողմը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղությամբ»,- վստահեցրել է պաշտոնական Բաքուն:

«Հայկական կողմի մերժումը՝ ստեղծել սահմանային անցակետ, որը վերջ կդնի բացառապես հումանիտար նպատակների համար նախատեսված Լաչինի ճանապարհի չարաշահումներին, ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հայկական կողմի իրական մտադրությունն է՝ կրկնելով պնդումները, թե բողոքի ցույցերը հանգեցրել են «շրջափակման» և «լարված հումանիտար իրավիճակի», շարունակել ճանապարհն օգտագործել անօրինական նպատակներով, ինչը հակասում է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը», - պնդել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը և կրկին հերքել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի մասին ահազանգերը: «Հայաստանն օգտագործում է այդ պնդումը բացառապես քաղաքական նպատակներով», - նշվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում:

Բաքուն անդրադարձել է նաև Միրզոյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ Մյունխենում Ադրբեջանից հավաստիացումներ ստացել են, որ Բաքվի ու Ստեփանակերտի միջև «միջազգայնորեն տեսանելի երկխոսությունը» պետք է տեղի ունենա։ «Կցանկանայինք նշել, որ ինչպես հստակորեն ասվել է մյունխենյան բանակցություններում՝ տարածաշրջանում բնակվող հայազգի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենսդրական ակտերին համապատասխան», - արձագանքել է ադրբեջանական կողմը:

Ադրբեջանական կողմը միաժամանակ շեշտել է՝ «պատրաստ է երկխոսել ոչ թե դրսից Ղարաբաղ ժամանած և որպես հայ բնակիչների ներկայացուցիչներ ներկայացող անձանց հետ, այլ այն ներկայացուցիչների հետ, ովքեր, ինչպես նախկինում, իրավունք ունեն ներկայացնելու հայ բնակիչներին»։

Ադրբեջանի արտգործնախարությունը նաև կոչ է արել Երևանին «չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին և հրաժարվել տարածքային պահանջներից»՝ վկայակոչելով Պրահայի և Սոչիի հայտարարությունները, «որոնց համաձայն՝ երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG