Մատչելիության հղումներ

Երկրաշարժն անտարակույս խառնել է Էրդողանի խաղաքարտերը․ թուրքագետ


Իրավիճակը Թուրքիայում բավական լարված է, դժգոհությունը մեծ է, «Ազատության» հետ զրույցում ասաց ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն՝ ընդգծելով՝ երկրաշարժն անտարակույս խառնել է Էրդողանի խաղաքարտերը։

Հունվարի վերջին Թուրքիայի նախագահն ընդունեց այս տարվա հունիսի 18-ին նշանակված նախագահական և խորհրդարանական ընտրություններն ավելի քան մեկ ամիս շուտ՝ մայիսի 14-ին անցկացնելու որոշում: Էրդողանի թիմը սա բացատրեց նրանով, որ հունիսին ընտրությունները կհամընկնեն ամառային արձակուրդների սեզոնի հետ, երբ մարդիկ ճանապարհորդում են, և ավելի նպատակահարմար է քվեարկությունը դրանից շուտ կազմակերպել ու այդպես մեծ թվով քաղաքացիների ընձեռել իշխանությունը ձևավորելու հնարավորություն:

Վկայակոչելով օրերս կայացած թուրքական գիտաժողովի մասնակիցների կարծիքները՝ Սաֆրաստյանը հայտարարեց՝ Թուրքիայի պատմության մեջ այս երկրաշարժից հետո կսկսի նոր էջ, և այն քաղաքական համակարգը, որը ստեղծվել է Թուրքիայում, չի կարողանա վերարտադրվել այն ձևով, ինչ կար մինչև երկրաշարժը։

«Իսկ կոնկրետ քաղաքական պայքարն ինչ ընթացք կունենա երկրաշարժից հետո, դեռ մենք պետք է փորձենք հասկանալ, հաշվի առնելով, թե ընտրությունները երբ տեղի կունենան», - ասաց թուրքագետը։

Այժմ հնարավոր չէ ընտրությունները հետաձգել ավելի ուշ քան հունիսի 18-ը, հղում անելով Թուրքիայում գործող օրենքին՝ ասաց Սաֆրաստյանը՝ մանրամասնելով՝ գործող օրենքով միայն պատերազմի դեպքում կարող են ընտրությունները հետաձգվել, իսկ օրենք հնարավոր է փոխել, բայց պետք է մեկ տարի անցնի, մինչև նոր օերնքն ուժի մեջ կմտնի։

«Էնպես որ դեռ պետք է պարզ լինի։ Ես կարծում եմ, որ Թուրքիայում որոշում էլ չկա վերջնական՝ կլինեն մայիսին, թե կլինի ինչպես մինչև էդ էին հայտարարել՝ հունիսին», - եզրափակեց թուրքագետը։

Ռուբեն Սաֆրաստյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող ե դիտել ստորև․

XS
SM
MD
LG