Մատչելիության հղումներ

«Մալաթիայի» տնօրենի խոսքով՝ առաջնային խախտումները վերացրել են, շուկան վաղը կբացվի


«Մալաթիա» տոնավաճառի սեփականատերերից մեկը՝ Սամվել Ավետիսյանը պնդում է՝ տեսչական մարմնի արձանագրած հիմնական խախտումներից ամենաառաջնայինները 6 օրում շտկել են։ Շուկան, որ շուրջ 600 ընտանիքի եկամտի աղբյուրն է, ըստ տնօրենի, վաղվանից կբացվի։ Տեսչական մարմնից, սակայն, դեռ չեն հաստատում այս տեղեկությունը:

«Նախ իմ առաստաղները եղել են հրդեհավտանգ մատերիալից, սա է եղել, չի մնալու նման բան, իսկ հիմա երբ որ տեսնում եք, արդեն փոփոխված ձևով, և խողովակներն են իջել, և առաստաղներն են փոխվել, հոսանքն էլ ամբողջությամբ մաքրվեց: Կարող ենք աշխատել, ինձ թվում է», - ասաց Ավետիսյանը. «Ամենահրատապ շտկումները մենք արել ենք»:

Հրդեհային անվտանգության տեսչական մարմինը փետրվարի 1-ին կասեցրեց տոնավաճառի աշխատանքը՝ հայտնաբերված խախտումները մեկուկես տարվա ընթացքում ամբողջությամբ չվերացնելու համար։

«Փակ տարածքների հրավառ նյութից պատրաստված ծածկերը փոխել ենք, ուղղորդող տեսանելի ցուցանակներ փակցրել ելքերին ու մուտքերին, էլեկտրականության հարցն ու օդափոխման համակարգն էլ կարգի ենք բերում»,- ասում է տոնավաճառի տնօրենը՝ ցույց տալով այս օրերի աշխատանքը. «Մեկ 35 սմ-ի վրա պետք է լիներ մեր նախնականը, որ այնտեղ կա: Իջացրել ենք ներքև, մաքրելուց հետո իրենք հարմարեցվում են այստեղ, միացրած, որ ժամանակ չկորցնենք: Ամբողջը նման ձևի մենք փոփոխություններ կատարել ենք, էքզիթները դրել ենք, հոսանքները փոխել ենք, առաստաղները փոխել ենք 6 օրվա: Դա երևի 20 օրվա աշխատանք էր, մենք գիշեր-ցերեկ, և շատ մեծ քանակությամբ մարդիկ կային օգնող մեզ՝ մեր աշխատակիցները, կարողացանք հասնել 6 օրում»:

Շուկայի աշխատանքի կասեցման օրը բողոքի ակցիա կազմակերպած աշխատակիցներին ընդունել էր տեսչականի ղեկավարն ու ընդհանուր հայտարարի եկել՝ տոնավաճառը կբացվի, եթե իրենց արձանագրած գոնե ամենահրատապ խնդիրները արագ շտկվեն։ Իսկ մնացած համար սեփականատերը համաձայնել է նախնական հաշվարկ - նախագիծ ներկայացնել։

«Եթե դրա համար խոշոր ներդրում պահանջվի՝ պատրա՞ստ եք դա անել»,- «Ազատությունն» այսօր հարցրեց Սամվել Ավետիսյանին, պատասխանեց. «Ինչ գումար պետք է, մենք կկատարենք, որովհետև ես խոսք տվեցի: Ինչ գումարի մասին էլ խոսք լինի, մենք պետք է կատարենք: Չէ, ես չեմ փակելու {շուկան}»:

46-ամյա Հակոբ Դավթյանը, որ արդեն 20 տարուց ավելի է այս տոնավաճառում է աշխատում, ասաց՝ ավելի քան 100 հոգով միացել ու օգնել են վարպետներին, որ թերացումները շուտ վերացվեն։

«Սա մեկ է այսօր չանեինք, տասը տարի հետո անեինք, պիտի անեինք մի օր, սաղս իրար հետ արեցինք, պրծանք: Ոնց որ 20 տարի առաջ արեցինք, հիմա էլ 20 տարի հետո արինք: Մի հատ էլ մեր թոռները կգան, կանեն: Ծանր գործերը, բանվորի գործերը արեցինք մենք, մաքրեցինք: Նորմալ է հիմա, շատ սիրուն է», - ասաց նա:

«Մենք էլ ենք ուզում ապահով ու անվտանգ պայմաններում աշխատել, բայց նաև չէինք կարող երկար չաշխատել՝ վարկեր ունենք, ձմեռվա վերարկուն գարնանը չի վաճառվի»,- բացատրում էին աշխատակիցները։ Սեփականատեր Սամվել Ավետիսյանն էլ հավելեց՝ պարտադիր պայմանը կատարել են, մնացածն առջևում է։

«Ես ինքս մասնագետ չեմ, չգիտեմ, եթե նրանք չօգնեին, ես չէի կատարելու ոչինի», - նկատեց նա:

Տեսչական մարմինն այս ողջ ընթացքում շարունակում էր պնդել՝ հայտնաբերված խնդիրներն ուղղակի սպառնալիք են մարդկանց կյանքի համար:

«Մալաթիայի» աշխատակիցների համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու առնվազն 16 մարդու կյանք խլած «Սուրմալու» տոնավաճառին տրվեց հնարավորություն՝ աշխատելուն զուգահեռ խնդիրները շտկել, իսկ իրենք մեկ շաբաթ պարապուրդի մատնվեցին։ Տեսչական մարմնի բացատրությունը անփոփոխ է՝ «քանի դեռ քրեական գործը չի հագուցալուծվել, «Սուրմալուի» աշխատանքը կասեցնելու լիազորություն չունեն»։

«Մալաթիա» տոնավաճառը միակը չէ, փոխանցում են տեսչական մարմնից՝ այդպես էլ չհստակեցնելով՝ էլ որտեղ են ստուգումներ արել, կասեցման նոր որոշումներ սպասվում են, և վերջապես տնտեսվարողներից քանիսն են արձանագրված խնդիրները տրված ժամկետում լուծել։

XS
SM
MD
LG