Մատչելիության հղումներ

Տեսչական մարմինը «Մալաթիա» տոնավաճառում 17 խախտում է հայտնաբերել


«Սուրմալու»-ի ողբերգական պայթյունից հետո տեսչական մարմինը շրջում է տոնավաճառներով, հայտնաբերված խախտումները չշտկողներին կասեցման որոշումներ է ուղարկում։

«Մալաթիա» տոնավաճառը դրանցից մեկն է, մյուսների անունները դեռ չեն հրապարակվում։ Աշխատակիցները տարակուսած են՝ եթե փետրվարի 1-ից տոնավաճառը փակվի, գործազուրկ կդառնան։

«Յառմռկան փակեն, մնանք սովա՞ծ։ Ես թոշակառու կին եմ, 47 հազար թոշակ եմ ստանում։ Ես մինչև հիմա իմ գազի փողը չեմ մուծել», - ասում է տաղավարներից մեկում առևտուր անող մի կին։

Քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը շուրջ 600 տաղավար ունեցող այս տոնավաճառում 17 խախտում է հայտնաբերել։

Սեփականատեր Սամվել Ավետիսյանը պնդում է, որ կեսից ավելին շտկել են, հրավառ նյութեր չունեն, հրշեջ մեքենայի համար ճանապարհն ազատել են, անհրաժեշտ ջրի կայանն ունեն, որտեղից հրշեջ մեքենան կարող է ջուր վերցնել ու կրակը մարել, մի քանի հարյուր կրակմարիչներ ունեն, ծխի դեպքում անվտանգության ազդանշանը կմիանա։ Իսկ տեսչականի հիմնական պահանջը՝ ծխատար խողովակներ անցկացնելն ու համակարգը թարմացնելը տնօրինությունից առնվազն 3 ամիս կխլի։

Կառույցից Ավետիսյանին ասել են, թե մարդկանց աշխատելուն զուգահեռ չեք կարող դա անել։ Սեփականատեր-տնօրենը որոշել է՝ կփակի, բայց էլ չի բացի, որովհետև մարդիկ սեզոնային ապրանք են վաճառում, հետո հարցական է՝ հետ կվերադառնա՞ն նրաք, թե՝ ոչ։

«Ձեզ սխալ տեղեկություն է հասել», - դիմելով կառավարությանը՝ ասում է արդեն 31 տարի գործող տոնավաճառի տնօրենը. - «էդ ինչ-որ ձեզ ասել են, ինձ հասած տվյալներով, որ շաուրմա-մաուրմա... մեզ մոտ շաուրմա չի վաճառվում, մեզ մոտ գազ չի օգտագործվում, պայթյունավտանգ ոչ մի բան չունենք։ Եվ գտնում եմ, որ ապահով ա, ոնց որ բոլոր տարածքներում։ Էնպիսի տեղ չունեմ, որ մարդիկ գնան, լռվեն և չկարողանան դուրս գան։ Ջուրը անընդհատ ինձ մոտ կա, խողովակները դրված ա... ամեն ինչով ես պատրաստ եմ, որ երբ որ կրակ լինի, ես հանգցնեմ»։

Տոնավաճառի աշխատակիցներն ասում են՝ մեկ տաղավարի համար օրական 2000-2500 դրամ են վճարում ու տաղավարից բացի օգտվում են նաև բժշկի ու հաշվապահի ծառայությունից, իրենց երեխաներին էլ վստահում են խաղավարին։ Եթե փակվի շուկան, այս պայմաններով աշխատանք որտե՞ղ են գտնելու։

Տոնավաճառի աշխատակիցները, չձայնագրվելու պայմանով, նեղսրտում էին՝ ամբողջ պատմությունը սկսվել է «Սուրմալու»-ից, բայց հենց այդ նույն շուկան դեռ շարունակում է գործել՝ չնայած խախտումները չեն վերացվել։

Տեսչական մարմնի ղեկավարն Գարեգին Խաչատրյանը, մինչդեռ, վստահեցնում է՝ այլևս փոխզիջման չեն գնալու, որովհետև խնդիրներն ամբողջությամբ շտկելու համար տոնավաճառի սեփականատերը մեկ տարուց ավելի ժամանակ է ունեցել, բայց չի արել. - «Իհարկե, աշխատանքներ իրականացվել են տոնավաճառի տարածքում, սակայն ապահովված չեն հրդեհի ծխահեռացման համակարգերը, ինքնաշխատ հրդեհաշիջման համակարգերը։ Նաև տոնավաճառի տարածքում առկա են փակ հատվածներ, որոնք կահավորված են դյուրավառ նյութերով և, Աստված մի արասցե, հրդեհի առաջացման դեպքում հույս ունենալ, որ ցուցադրված կրակմարիչներով հնարավոր կլինի չեզոքացնել հրդեհի տարածքումը, անընդունելի է»։

Ստուգող կառույցի ղեկավարը հիշեցնում է առնվազն 16 մարդու կյանք խլած «Սուրմալու»-ի պայթյունն ու ասում՝ «չենք կասեցնում՝ դժգոհ են, տեղում կասեցնու՛մ ենք՝ դժգոհ են». - «Մեղադրում են ինչի՞ համար։ Որ տեղում կասեցրել ենք՝ հետագայում մարդկային զոհերից խուսափելո՞ւ, թե՞ չենք կասեցրել և, Աստված մի արասցե, հետագայում կարող ենք ունենալ այդ որոշման պատճառով նորից մարդկային զոհեր»

Լուրերը, թե տարածքը դիտավորյալ են փակում, որ տեղում, օրինակ, բարձրահարկ շենքեր կառուցեն ու վաճառեն, Սամվել Ավետիսյանը քմծիծաղով ընդունեց։ Ասաց՝ տարածքը 3 սեփականատեր ունի, իրենք կորոշեն ինչպես տնօրինել այդ 2,5 հեկտար տարածքը. - «Բայց մարդիկ ո՞նց են ապրելու»։

Տեսչական մարմնից հակադարձում են՝ նախ այդ մարդկանց ու շուկայից առևտուր անողների ֆիզիկական անվտանգությունն է կարևոր։ Պաշտոնյան ասաց՝ եթե շուկան փակվի ու խնդիրներն արագ շտկվեն, հետո կարող են բացել ու աշխատել։

XS
SM
MD
LG