Մատչելիության հղումներ

Հարձակում Իրանի ռազմական գործարանի վրա. ինչ վարկածներ ու արձագանքներ կան


Իրանը հաստատեց Սպահանում գտնվող ռազմական գործարանին հունվարի լույս 29-ի գիշերը հասցված հարվածի մասին տեղեկությունները, երեկ երեկոյան հաղորդել է իսլամական հանրապետության պետական հեռուստատեսությունը՝ պնդելով, որ երկրի հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է խոցել գործարանը գրոհած քվադրոկոպտերները։

Շաբաթ երեկոյան Իրանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ գործարանը գրոհել են երեք անօդաչու սարքեր, «որոնցից երկուսը խոցվել են, երրորդի հասցրած վնասն էլ աննշան է եղել»։

Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ մինչ այս պահը չկան։

Սպահանը գտնվում է մայրաքաղաք Թեհրանից մոտ 350 կիլոմետր դեպի հարավ, այստեղ են տեղակայված մի շարք ռազմավարական նշակության, այդ թվում՝ միջուկային ծրագրի կառույցները։ Իրանական աղբյուրների տվյալներով՝ հարձակման ենթարկված գործարանը գտնվում է բալիստիկ հրթիռների արտադրությամբ հայտնի Իրանի ավիատիզերական կենտրոնի հարևանությամբ։

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հարձակումը որակել է «վախկոտ» քայլ, պնդելով, որ այդ հարվածները Թեհրանին ետ չեն պահի «խաղաղ միջուկային ծրագրի» աշխատանքներից։

Հարվածի համար որևէ մեկը մինչ այս պահը պատասխանատվություն չի ստանձնել։

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության խոսնակ Պատրիկ Ռայդերը հայտարարել է, որ ամերիկյան կողմն այդ հարձակման հետ որևէ կապ չունի։

Նախկինում իրանական ռազմավարական կառույցներին ճշգրիտ հարվածներ հասցրած Իսրայելը հարձակումների փաստն առայժմ չի մեկնաբանել։ The Wall Street Journal-ը, սակայն, վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի իր աղբյուրները, գրում է, որ հարձակման ետևում Իսրայելն է կանգնած։

Jerusalem Post -ը, հղում անելով Իսրայելի և արևմտյան երկրների հետախուզության իր աղբյուրներին, պնդում է, որ Սպահանում հասցված հարվածների վնասը շատ ավելի մեծ է, քան Թեհրանն է ներկայացնում։

Իրանում տեղի ունեցած պայթյուններին արձագանքել է պաշտոնական Կիևը, որն ամիսներ շարունակ պնդում է, թե ռուսական ուժերը իրանական դրոններով են թիրախավորում Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքները։

Ուկրաինայի նախագահական աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Թվիթերում գրել է, թե «պատերազմի տրամաբանությունը» «հեղինակներից և մեղսակիցներից հաշիվ է պահանջում», նշելով նաև, որ Ուկրաինան «զգուշացրել է Իրանին Մոսկվայի հետ համագործակցության հետևանքների մասին»։ Ուկրաինացի պաշտոնյայի աղմկահարույց այս հայտարարությունից հետո Թեհրանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Եվգենի Կրավչենկոն Իրանի ԱԳՆ է կանչվել՝ բացատրություններ ներկայացնելու պահանջով։

Հանգստյան օրերին Սպահանում որոտացած պայթյունից բացի, իրանական լրատվամիջոցները հայտնել են նաև հրդեհների մասին՝ Թեհրանի, Թավրիզի և Դեզֆուլեի նավթամշակման գործարաններում և ռազմավարական կառույցներում, պատճառների մասին պաշտոնապես չի հաղորդվել։

Թեհրանը առայժմ չի մեկնաբանել նաև Սիրիայում իրանական բեռնատարների շարասյանը հասցված հարվածները։ Մեքենաներն, ըստ հաղորդումների, զենք էին հասցնում Սիրիայի իրանամետ խմբավորումներին։ Լոնդոնում տեղակայված սիրական իրավապաշտպան կենտրոնի տվյալներով՝ Սիրիայի և Իրաքի սահմանին գտնվող Աբու Քեմալ քաղաքի մոտ անօդաչու սարքերը հարվածներ են հասցրել 25 բեռնատարներից բաղկացած շարասյանը՝ ոչնչացնելով մեքենաները, կան տուժածներ։ Սիրիայի կառավարամետ Sham FM ռադիոկայանը հաստատել է հարձակման փաստը, սակայն հաղորդել է, որ վնասվել է միայն մեկ բեռնատար։

Այս իրադարձությունները տեղի են ունենում մի ժամանակահատվածում, երբ Թեհրանը բախվում է մարտահրավերների թե երկրի ներսում, թե դրսում։ Սեպտեմբերից ի վեր Իրանում կանանց ազատությունների պահանջով հարյուրավոր մարդկանց կյանքեր խլած զանգվածային բողոքի ցույցերը մինչ օրս էլ չեն մարել։

Փակուղում են հայտնվել նաև գերտերությունների հետ Միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցությունները, որի հաջողությունը կազատեր Իրանին ցավոտ պատժամիջոցներից՝ վերականգնելով տարիներ շարունակ հիվանդ տնտեսությունը։

Արևմուտքի հետ հարաբերություններում կնճռոտ հարցերին ավելացավ ռուս-իրանական ընդլայնվող ռազմական համագործակցությունը, որի շրջանակներում Իրանը անօդաչու թռչող սարքեր է մատակարարել Ռուսաստանին։ Ըստ պնդումների՝ ռուսական ուժերը դրանք կիրառում են ուկրաինական քաղաքացիական ենթակառուցվածքները ոչնչացնելու նպատակով։

Անցած օրերին միջազգային ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև իրանա-ադրբեջանական ամիսներ շարունակվող լարվածությունը՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած՝ մեկ մարդու կյանք խլած զինված միջադեպի ֆոնին։ Բաքուն շտապել է հայտարարել, որ տեղի ունեցածը ահաբեկչություն է՝ Իրանից տարհանելով դեսպանատան անձնակազմին և նրանց ընտանիքներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG